Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Նարինջ. իրերը ճամփորդում են իրենց անունների հետ

Մեր թվարկությունից առաջ արևադարձային և մերձարևադարձային աշխարհներում տարածված ու սիրված մրգի՝ նարնջի հայրենիքը Չինաստանն ու Հնդկաչինն են: Մանդարինի ու պոմելոյի միացումից առաջացած այս միրգն իր համաշխարհային ճանապարհորդությունը սկսել է շատ ուշ՝ 11-րդ դարում, արաբների միջոցով Հնդկաստանից անցնելով Արևմտյան Ասիա, այնտեղից էլ՝ Եվրոպա: Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» նարինջ բառի դիմաց կարդում ենք փորթուխալ: Փորձենք հասկանալ՝ ինչու:

Պարզվում է՝ նարինջը Ասիայից Եվրոպա է անցել պորտուգալացի ծովագնացների միջոցով: Այս տարաշխարհիկ միրգը եկամտի լավ աղբյուր էր: Բայց ահա, մինչ մրգի բուն անունն ընկալելը, որոշ լեզուներում այն տարածվել է հոլանդերեն ապելսին տարբերակով, որ բառացի չինական խնձոր է նշանակում (appel+sien): Այդպես վարվեցին գերմանացիները, ռուսները, ֆրանսիացիները: Վերջիններս պարզապես թարգմանեցին հոլանդերենից՝ pomme de Chine (խնձոր Չինաստանից):

Նարինջն աշխարհում սկսեց տարածվել ո՛չ միայն քաղած վիճակում: Այն սիրելով՝ բարենպաստ կլիմա ունեցող որոշ երկրներ հատուկ պայմաններ ստեղծեցին նարնջենու տեղական կյանքն ապահովելու համար: Տարածվեցին նաև մրգի անվանման տարբերակները՝ մի լեզվից անցնելով մյուսին:

Այս դեղնակարմրավուն գնդիկները, որոնք մասնագետների պնդմամբ բարձր տրամադրություն են ապահովում, սիրվեցին նաև Հայաստանում: Իսկ ինչպե՞ս եղավ, որ մենք նրան նարինջ անվանեցինք: Ի՞նչ է նշանակում և որտեղի՞ց է գալիս այս անվանումը: Դարձյալ դիմենք Աճառյանի ստուգաբանական բառարանին: Այն ասում է, որ պարսկերենից հայերենին անցած նարինջ-ը հին հնդկական բառ է: Սանսկրիտում այն, կազմված է naga (պղինձ) ու ranga (գույն, երանգ) բառերից և նշանակում է պղնձագույն: Աճառյանը տալիս է նաև նառանջ ձևը՝ նշելով, որ այն տառադարձվել է մրգի արաբերեն անվանումից: Բառահոդվածում լեզվաբանը նշում է հին հնդկերեն բառի հիման վրա առաջացած պարսկերեն narang, արաբերեն naranj, իսպաներեն naranja, իտալերեն arancia ձևերը:

Բայց ինչ էլ որ կոչեն այս միրգը՝ նարինջ, նառանջա թե ապելսին, կա այն անվանող մի բառ, որը հայտնի է ամբողջ աշխարհին: Դա ֆրանսերեն օրանժն է:

Իսկ որտեղի՞ց է այս orange-ը, որը ոչ միայն ճնշել է pomme de Chine-ին, այլև այսօր ամբողջ աշխարհը նրանով ճանաչում է ո՛չ միայն այս միրգը, այլև նրա գույնը: Աշխարհն իսկապես կլոր է. նարնջի նման: Պարզվում է, որ օրանժ-ն էլ հենց նույն տեղում է պետք փնտրել, որտեղ գտել ենք մեր նարինջ-ը՝ հին հնդկերեն պղնձագույն-ում: Այն նույնպես առաջացել է naga+ranga-ից՝ սանսկրիտից մինչև ֆրանսերեն ընկած ճանապարհին հնչյունափոխվելով: Փաստորեն նարինջ-ն ու օրանժ-ը «արյունակից» բառեր են: Մի փոքրիկ հավելում. Աճառյանը կասկած է հայտնում, որ նարինջ բառի հետ է կապված նաև նարէնջ-ը, որ նշանակում է «ներկված թել»: Բոլո՞ր ներկված թելերն են «նարէնջ» կոչվել, թե՞ միայն պղնձագույնը կամ «օրանժը»: Պատասխանը կմնա մեր երևակայությանը, քանի որ այս մասին բառարաններում վկայություն չկա:

Երազիկ Գրիգորյան

Նմանատիպ նյութեր
Սկսենք պրպտել բառարանները: Ակադեմիական «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում», Է․ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում»,
Հնում հայ մատենագրության մեջ գործածվել է մի յուրահատուկ նշան, որը դրվել է համառոտագրված բառերի վրա
Պարզվում է, որ աշխարհի տարբեր երկրներում կան նաև լեզուների թանգարաններ, որոնցում ներկայացվում են լեզուները, նրանց

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին