Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«ՆԵ՛ՐՍ ԱՐԻ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԼԵԶՎԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Լեզվական ուսումնասիրության ենք ենթարկել հաղորդավար Ներսես Ավետիսյանի «Նե՛րս արի» հեղինակային հաղորդաշարը։ Հաղորդավարի խոսքին հատուկ է «ոճային բազմազանությունը»՝ անգլերեն բառեր, ռուսերենին հատուկ շեշտադրություն, հայերեն բարբառային ձևեր։ Քիչ չեն նաև լեզվական սխալները, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։

 

«Մենք ունենք քեզ համար նվեր, որը որ պետք է հանձնենք» (հաղորդում 11-րդ)։

Ստորադասական նախադասության երկրորդական միտքը գլխավորին կապակցվում է միայն մեկ կապող բառով։ Մեջբերման մեջ այդ բառը կա՛մ որը դերանունը պետք է լիներ, կա՛մ որ շաղկապը։ Դրանք միասին գործածելը տարածված սխալ է։

Ճիշտ է՝ «Մենք ունենք քեզ համար նվեր, որը պետք է հանձնենք»։ Կամ՝ «Մենք ունենք քեզ համար նվեր, որ պետք է հանձնենք»։

Նույնն են․

«Դուք բազմիցս արել եք էդ էքսպերիմենտը, որը որ ինձ ապշեցրել է» (հաղորդում 12-րդ)։

Այստեղ նաև նախընտրելի է գործածել օտար էքսպերիմենտ բառի հայերեն համարժեքներից մեկը։

Ճիշտ է՝ «Դուք բազմիցս արել եք էդ փորձը, որն ինձ ապշեցրել է»։

«Խորհուրդ եմ տալիս դիտեք այդ ներկայացումը, որը որ ֆուրորային է» (հաղորդում 24-րդ)։

Այստեղ նաև նախընտրելի է գործածել օտար ֆուրորային բառի հայերեն համարժեքը, մանավանդ՝ խոսքը ոչ թե շռնդալից հաջողության, այլ տարաբնույթ քննարկումների տեղիք տալու, աղմուկ հարուցելու մասին է։

Ճիշտ է՝ «Խորհուրդ եմ տալիս դիտեք այդ ներկայացումը, որն աղմկահարույց է/աղմուկ է հանել»։

«Պրոյեկտներ կան, որոնք որ ճանապարհին են» (հաղորդում 3-րդ)։

Վերևում նշված լեզվական սխալը հանդիպում է նաև հոգնակի թվով։ Նաև՝ նախընտրելի է գործածել նշված օտար բառի հայերեն համարժեքը․

Ճիշտ է՝ «Նախագծեր/Ծրագրեր կան, որոնք ճանապարհին են»։

 

«Դիզայներները, ճանապարհորդելով ամբողջ աշխարհով, ձեռք են բերում գիտելիքներ» (հաղորդում 11-րդ)։

Ճանապարհորդում են աշխարհով մեկ կամ աշխարհում։ Առաջին դեպքում ամբողջ բառն ավելորդ է։

Ճիշտ է՝ «Դիզայներները, ճանապարհորդելով աշխարհով մեկ, ձեռք են բերում գիտելիքներ»։ Կամ՝ «Դիզայներները, ճանապարհորդելով ամբողջ աշխարհում, ձեռք են բերում գիտելիքներ»։

 

«Վերջին անգամ ե՞րբ եք օրկեստրով գնացել արտերկիր» (հաղորդում 11-րդ)։

Նշված բառը հայերեն համարժեք ունի։

Ճիշտ է՝ «Վերջին անգամ ե՞րբ եք նվագախմբով գնացել արտերկիր»։

Նույնն են (տե՛ս նաև սխալների առաջին խմբի մեջբերումներից մի քանիսը)․

«Տղերքը որ նվագեցին էս մյուզիքը, հիշեցի» (հաղորդում 11-րդ)։

Ճիշտ է՝ «Տղերքը որ նվագեցին էս երաժշտությունը, հիշեցի»։

«Իմ կողմից՝ էս փոքրիկ բուկետը» (հաղորդում 35-րդ)։

Ճիշտ է՝ «Իմ կողմից՝ էս փոքրիկ ծաղկեփունջը»։

 

«Այսօր մեր հյուրն է Վարդան Սարգսյանը։ Իսկ ավելի ուշ մեզ կմիանա դհոլահար Էֆոն» (հաղորդում 5-րդ)։

Ավելի ուշ-ը ինքնին սխալ արտահայտություն չէ։ Բայց ի տարբերություն ռուսերեն попозже-ի, հայերեն ավելի ուշ-ն անպայման պետք է համեմատության մեջ լինի (ես ուշ եկա, նա ավելի ուշ եկավ)։ Այլապես այն ռուսերենից անհարկի պատճենում է, լեզվական սխալ։ Այստեղ՝ հյուրերից մեկը չէր ուշացել, ուրեմն մյուսը չէր կարող գալ ավելի ուշ։

Ճիշտ է՝ «Այսօր մեր հյուրն է Վարդան Սարգսյանը։ Իսկ հետո/քիչ հետո/քիչ անց մեզ կմիանա դհոլահար Էֆոն»։

 

«Միացյալ Նահանգների անտառներից մեկում, որը գտնվում է ծովի կողքին, գտել են մարդու մարմին» (հաղորդում 5-րդ)։

Նշվածի փոխարեն պետք է ասել ծովափին։

«Միացյալ Նահանգների անտառներից մեկում, որը գտնվում է ծովափին․․․»։ Նախընտրելի է՝ «Միացյալ Նահանգների ծովափնյա անտառներից մեկում․․․»։

 

«Ասա՝ անճար։ Էդ բառը ես չեմ հորինել, Մեսրոպ Մաշտոցն ա հորինել» (հաղորդում 24-րդ)։

Անճար բառը Մեսրոպ Մաշտոցը չի հորինել։ Նա հայերեն տառերն է ստեղծել։ Պատշաճ չէ, որ հեռուստատեսային հաղորդաշար վարողն այսպիսի միտք արտահայտի։ Վատ է նաև եթերից լինել բայի է խոնարհված ձևի փոխարեն ա գործածելը։

 

«Չեմ հասկանում՝ մարդիկ ի՞նչ են մտածում սենց օրենքներ մտածելուց» (հաղորդում 24-րդ)։

Եթե ժամանցային ծրագրի համար այսպիսի բառը շատ է գրական, կարելի էր ասել՝  էսպիսի, էս տեսակ։ Սենց-ը եթերից հնչեցնել չի կարելի։ Բացի այդ՝ մարդիկ օրենքները չեն մտածում։ Եթե հաղորդավարը սխալմամբ չօգտագործեր այս բառը, զերծ կմնար նաև դրա անհարկի կրկնությունից՝ ինչ են մտածում մտածելուց։ Սխալ է նաև վերջինիս հոլովաձևը՝ մտածելուց։ Ճիշտ է ասել՝ մտածելուց առաջ, մտածելուց հետո։ Բայց այստեղ պետք էր գործածել մտածելիս (ստեղծելիս) դերբայը։

Ճիշտ է՝  «Չեմ հասկանում՝ մարդիկ ի՞նչ են մտածում էսպիսի/էս տեսակ օրենքներ ստեղծելիս»։

 

«Չե՞ս ասի, ոչ մի ձև չե՞ս ասի» (հաղորդում 24-րդ)։

Եթերը չպիտի տարածի փողոցի խոսվածքը։

Ճիշտ է՝ «Չե՞ս ասի, ոչ մի դեպքում/երբեք չե՞ս ասի»։

 

«Չիտկան ծեռմինալոգիա ա» (հաղորդում 24-րդ)։

Նշված առաջին բառը ռուսերեն է։ Դրա հայերենը ընթերցում-ն է։ Ռուսերենին հատուկ հնչողությամբ ասված ծեռմինալոգիա-ի փոխարեն էլ պետք էր ոչ թե տերմինոլոգիա ասել, այլ տերմին։

Ճիշտ է՝ «Ընթերցումը տերմին է»։

 

«Գնացեք կահույքի խանութ և կհամոզվեք իմ ճաշակի մեջ» (հաղորդում 35-րդ)։

Ռուսերենից պատճենված արտահայտություն է։ Հայերենում ճաշակի մեջ/ճաշակում չեն համոզվում։

«Թարգմանենք» հայերեն․  «Գնացեք կահույքի խանութ և կհամոզվեք, որ ճաշակով եմ»։

 

«Արմասը» հիմնադրվել է Արմենակ Ասլանյանի կողմից, ով ամայի տարածքը վերածեց խաղողի այգիների» (հաղորդում 35-րդ)։

Այստեղ՝ ոչ թե ով, այլ որի…։ Ով (ում)-ը գործածվում է միայն դերանունների հետ (օրինակ՝ Արմենակ Ասլանյանը նա է, ով/ում)։ Նաև՝ ցանկալի է խուսափել կողմից բառով լեզվական այս կառույցը գործածելուց։

Ճիշտ է՝ «Արմասը» հիմնադրել է Արմենակ Ասլանյանը, որն ամայի տարածքը վերածեց խաղողի այգիների»։

Եվս մի օրինակ՝ կողմից բառով․

«Ուզում եմ, որ մեր հեռուստադիտողները վայելեն այդ ֆանտաստիկ կատարումը Էլենի կողմից» (հաղորդում 4-րդ)։

Ճիշտ է՝ «Ուզում եմ, որ մեր հեռուստադիտողները վայելեն Էլենի այդ ֆանտաստիկ կատարումը»։

 

«Շատ տպավորվել էր ինձ մոտ Ռեմարկի էդ գիրքը» (հաղորդում 35-րդ)։

Մոտ կապի այսպիսի գործածությունը ռուսերենից է պատճենված։

Ճիշտ է՝ «Շատ տպավորվել էր իմ մեջ Ռեմարկի էդ (այդ) գիրքը»։ Կամ՝ «Շատ տպավորված էի Ռեմարկի էդ (այդ) գրքով»։

Նույնն է․

«Վերջին տարիներին հոգնածություն ա նկատվում Սոֆի Մխեյանի մոտ» (հաղորդում 2-րդ)։

Ճիշտ է՝ «Վերջին տարիներին Սոֆի Մխեյանը հոգնած է թվում»։

 

«Մեր հյուրն են վերջին շրջանում ամենաքարկոծված զույգը» (հաղորդում 6-րդ)։

Այստեղ ենթակայի և ստորոգյալի թվային անհամաձայնություն կա։ Զույգ բառը եզակի թվով է (հոգնակին՝ զույգեր)։

Ուրեմն՝ «Մեր հյուրն է վերջին շրջանում ամենաքարկոծված զույգը»։

Նույնն է․

«Ֆուտբոլային կրքերը Եվրոպայում շարունակվում է» (հաղորդում 19-րդ)։

Ճիշտ է՝ «Ֆուտբոլային կրքերը Եվրոպայում շարունակվում են»։

 

«Դուք միակ մարդիկ եք, որ կիմանաք․․․» (հաղորդում 12-րդ)։

Միակ նշանակում է միայն մեկ։ Միակ կարող է լինել մարդը, բայց ոչ մարդիկ։ Այստեղ խոսքը հազվագյուտ մարդկանց կամ հազվադեպ հանդիպող մարդկանց մասին է։

Ճիշտ է՝ «Դուք հազվագյուտ մարդիկ եք, որ կիմանաք․․․»։ «Դուք հազվադեպ հանդիպող մարդիկ եք, որ կիմանաք․․․»։

 

«Ու ինձ հետաքրքիր ա՝ ինչումն ա պատճառը» (հաղորդում 6-րդ)։

Ինչումն-ը միշտ է սխալ, ինչում-ը՝ այս պարագայում։ Պատճառը ինչում չի լինում։ Սա նույնպես ռուսերենից եկած սխալ է։

Ճիշտ է՝ «Ու ինձ հետաքրքիր է՝ ինչն է/որն է պատճառը»։

 

«Ես ձեր մասնագիտությանը էդքան էլ լավ չեմ տիրապետում» (հաղորդում 6-րդ)։

Հայերենում կա այնքան էլ/էնքան էլ արտահայտությունը, որը ունի ոչ բոլորովին կամ բոլորովին էլ ոչ իմաստները։ Այդ իմաստները չունեն այդքան էլ/էդքան էլ կամ այսքան է/էսքան էլ՝ վերջին շրջանում հավանաբար ռուսերեն не так уж-ի ազդեցությամբ մեր խոսք սպրդած արտահայտությունները։

Ճիշտ է՝ «Ես ձեր մասնագիտությանը էնքան էլ/այնքան էլ լավ չեմ տիրապետում»։

 

«Ես իրականում սուպերզարմացած եմ» (հաղորդում 6-րդ)։

Մենք էլ, քանի որ հայերենում այսպիսի բառ չկա։ Այս սուպեր-ը, որով ողողված է հաղորդավարի խոսքը, հայերեն գեր– նախածանցն է։ Այստեղ դրանցից ոչ մեկը տեղին չէ։

Ճիշտ է՝ «Ես իրականում շատ/չափազանց/աննկարագրելի ևն զարմացած եմ»։

 

«Օքեյ, Սոսե ջան, ասեք՝ ինչ ենք անում, տենանք՝ ինչ ենք անում» (հաղորդում 6-րդ)։

Անգլերեն օքեյ  (Ներսես Ավետիսյանն այս բառը կրկնում է անդադար) և բարբառային տենանք։ Այսպիսի համադրությունները հատուկ են հաղորդավարի խոսքին։

Ճիշտ է՝ «Լավ/շատ լավ, Սոսե ջան, ասեք՝ ինչ ենք անում, տեսնենք՝ ինչ ենք անում»։

 

Հյուրը հաղորդումը վարողին ասում է․ «Մի՛ լարվեք», և նա պատասխանում է․ «Ես չեմ լարվում։ Ես ուղղակի չեմ սպասում, ես անհամբեր եմ» (հաղորդում 6-րդ)։

Պարզ է, որ նշված բառը սխալ է գործածված։ Անհամբերը դժվարությամբ, բայց սպասում է։

Ճիշտ է՝ «Ես չեմ լարվում։ Ես ուղղակի էլ չեմ կարողանում սպասել, ես անհամբեր եմ»։ Ավելի ճիշտ է՝ «Ես չեմ լարվում։ Ես ուղղակի չեմ դիմանում, ես անհամբեր եմ»։

 

«Շնորհակալ եմ, որ էս գիշերվա հազարին հելել, հասել եք ստեղ» (հաղորդում 6-րդ)։

Կա «իրադրային ոճ» հասկացությունը՝ երբ խոսքի ոճը թելադրված է լինում տվյալ իրադրությամբ։ Այստեղ նշված արտահայտությունը գործածելը, այսպես խոսելը ոչնչով արդարացված չէ։

Նախընտրելի է՝ «Շնորհակալ եմ, որ էս գիշերվա կեսին/ուշ ժամին եկել, հասել եք այստեղ/էստեղ»։

 

«Վերջում առաջարկում եմ, որպեսզի միասին վայելենք զուգերգը» (հաղորդում 6-րդ)։

Որպեսզի շաղկապը նպատակի պարագա երկրորդական նախադասությունը կապակցում է գլխավորին։ Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով  հարցերով կարող ենք պարզել, որ այս երկրորդականը նպատակի պարագա չէ։

Ճիշտ է՝ «Վերջում առաջարկում եմ, որ միասին վայելենք զուգերգը»։

 

«Լոնդընի պառլամենտում ոչ մեկ իրավունք չունի մահանալու» (հաղորդում 16-րդ)։

Դարձյալ՝ ռուսական արտասանություն։ Երկրորդ նշումը տարածված սխալ է։ Ճիշտ է ասել ոչ մեկը կամ ոչ ոք։ Իսկ ոչ մեկ՝ սխալ է։

Ճիշտ է՝ «Լոնդոնի պառլամենտում ոչ ոք/ոչ մեկը իրավունք չունի մահանալու»։

 

«Ի ուրախություն բոլորիս՝ համազգային թատրոնում կյանքը անընդհատ եռում է» (հաղորդում 12-րդ)։

Գրաբարյան ի նախդիրը ձայնավորից առաջ հնչյունափոխվում է յ-ի (ուղղագրական փոփոխությունից հետո այն հ է գրվում) և միանում բառին։ Այդպես են կազմված հօգուտ, հաջող, հանձին և այլ բառեր։

Ճիշտ է՝ «Հուրախություն բոլորիս՝ համազգային թատրոնում կյանքը անընդհատ եռում է»։

 

«Արմանին շատ ավելի շատ կարող ենք տեսնել ֆիլմերում» (հաղորդում 12-րդ)։

Նշվածը հաճախ հանդիպող սխալ է։ Կարող է լինել շատ ավելի կամ ավելի շատ, բայց ո՛չ շատ ավելի շատ։

Այստեղ ճիշտ է՝ «Արմանին ավելի շատ կարող ենք տեսնել ֆիլմերում»։

 

«Աղջիկներ, ում կոշիկներն ունեն ոչ թե մեկ երկար կաբլուկ, այլ տասներկու կարճ կաբլուկներ» (հաղորդում 19-րդ)։

Վերևում խոսել ենք սխալ ում/ով-ի մասին (այս սխալն այստեղ առաջացրել է նաև թվային անհամաձայնություն՝ աղջիկներ (հոգնակի)՝ ում (եզակի))։ Բացի այդ՝ կաբլուկ բառը հայերեն չէ։ Կոշիկի կրունկն էլ (այստեղ խոսքը ֆուտբոլային խաղակոշիկի մասին է) երկար կամ կարճ չի լինում, այլ բարձր կամ ցածր։ Նաև՝ թվականի հետ նախընտրելի է գործածել եզակի թվով լրացյալ։

Այսքան սխալ՝ մեկ նախադասության մեջ։

Ճիշտ է՝ «Աղջիկներ, որոնց կոշիկներն ունեն ոչ թե մեկ բարձր կրունկ, այլ տասներկու ցածր կրունկ»։

 

«Ամբողջ աշխարհում համար առաջին խնդիրը ջուր ունենալն է» (հաղորդում 19-րդ)։

Համար բառի հետ գործածվում են միայն քանակական թվականներ։

Ճիշտ է՝ «Ամբողջ աշխարհում համար մեկ խնդիրը ջուր ունենալն է»։

 

«Դիլիջան գարեջուրը արտադրվում է հենց քո համար» (հաղորդում 35-րդ)։

Ճիշտ է՝ «Դիլիջան գարեջուրը արտադրվում է հենց քեզ համար»։

 

Հաղորդաշարի վերնագիրը էկրանին գրվում է առանց շեշտի՝ «Ներս արի»։

Ճիշտ է՝ «Նե՛րս արի»։

 

Երազիկ Գրիգորյան

ՀԱՅԵՐԵՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ

Սիրելի՛ հետևորդներ, ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը:

Օրը նշանավորելու համար Լեզվի կոմիտեն մասնագետներին առաջարկում է միանալ հայտարարված նախաձեռությանը։ Մանրամասները՝ կայքում https://www.langcom.am/

Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը⤵️
https://www.langcom.am/%d6%84%d5%bd%d5%b8%d5%9e%d6%82%d5%af-%d5%a9%d5%a5%d5%9e-%d6%84%d5%bd%d5%b8%d6%82%d6%84%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

Ավելին
facebook