Նախորդ անգամ խոսեցինք լեզվական այն սխալների մասին, որոնք ընդունված իմաստով քննադատության չեն դիմանում, իսկ մի այլ իմաստով՝ շատ լավ դիմանում են. ճիշտ տարբերակի հետ պայքարում տարիներ շարունակ չեն ուզում զիջել:
Այսօր կխոսենք այն սխալների մասին, որոնք վերջին շրջանում են մուտք գործել հայկական լրատվամիջոցներ ու տարածվել են այդ ճանապարհով:
Նոր չէ պայքարը ավելորդ ն-ի դեմ. ամանչել, կապնվել, կամանց և այլն: Բայց խոսենք մի սխալի մասին, որը վերջին շրջանում է տարածվել: Ո՞րն է ճիշտ. միևնույն է, թե՞ միևնույնն է: Դիմենք բառարաններին: Նրանք ասում են, որ միևնույն-ը նույն-ի հոմանիշն է, դրա սաստկական իմաստն արտահայտող բառ, այսինքն՝ «բոլորովին նույնը», «միանգամայն նույնը»: «Ինձ համար այդ երկուսը նույնն են»/«Ինձ համար այդ երկուսը միևնույնն են»: Այստեղ խնդիր չկա: Բայց ահա «Ինձ համար միևնույն է» («Ինձ համար մեկ է») վերաբերական արտահայտության մեջ այս միևնույն բառը ճիշտ է գրել ու արտասանել մեկ ն-ով: Նախկինում այդպես էլ արվում էր: Վերջին շրջանում է այս սխալը սողոսկել մեր խոսք:
Այս ն-ն սխալմամբ վերագրվում է նաև ինչպիսի, այսպիսի, այդպիսի, այնպիսի դերանուններին: Եթե միևնույն-ը վերոնշյալ իմաստներից մեկով կարող է վերջում երկու ն-ով գրվել, ապա այս բառերը ոչ մի պարագայում չեն կարող երկու ն ունենալ: Մինչդեռ եթերից հաճախ լսում և մամուլում կարդում ենք. «Ինչպիսի՞նն են ձեր կանխատեսումները», «Ահա այսպիսինն էր մեր այսօրվա եթերը», «Մի՞թե այդպիսինն են առաջարկները», «Պայմաններն այնպիսինն են, որ դժվար է համակերպվելը» և այլն: Ավելորդ ն-ն նշված դերանունների հոգնակիներում էլ է հայտնվում: Ահա՝ «Այդպիսինները տեղ չունեն մեր հասարակության մեջ» և այլն: Իհարկե, ճիշտ են՝ այդպիսիները, այսպիսիները… Ճիշտ են նաև ինչպիսիք, այսպիսիք, այնպիսիք ևն ձևերը:
Անցնենք հաջորդ անհարկի նորամուծությանը: Հայերենում ունենք այնքան էլ կապակցությունը, որի մեջ դերանունն անփոփոխ է: «Դու այնքան էլ չես փոխվել», «Հաղորդումն այնքան էլ հետաքրքիր չէր»: Այս նախադասություններում այնքան էլ արտահայտությունը չի կարող փոխարինվել այդքան էլ-ով: Բայց ահա, մինչ մենք կարծում էինք, թե պատահական է մեր գտած սխալը, այն սկսեց տարածվել. «Դա այդքան էլ այդպես չէ», «Տոներն այդքան էլ հեռու չեն», «Աշխատանքն այդքան էլ ծավալուն չէր» և այլն: Բոլոր օրինակներում ճիշտ է՝ այնքան էլ:
Գուցե այլ լեզուներում հոգում են ինչ-որ մեկի, ինչ-որ բանի մասին, բայց մենք՝ հայերս, հոգում ենք ոչ թե մասին, այլ համար: Այս լեզվական սխալին հանդիպելը դժվար չէ: Բավական է մի քանի րոպե նստել հեռուստացույցի առաջ: «Սրանից հետո դու պիտի հոգաս եղբորդ մասին», «Չեմ ուզում, որ իմ գործերի մասին ուրիշները հոգան»: Սա ռուսերենից եկած սխալ է (заботиться о ком-то), թե՞ հոգալ-ը շփոթվում է մտածել-ու հետ («Սրանից հետո դու պիտի մտածես եղբորդ մասին» և այլն), միևնույն է, պիտի հոգանք այն ուղղելու համար:
ԶԼՄ-ների լեզվական սխալները մեկնաբանող մեր ամփոփագրերում հաճախակի գրանցվող մի սխալ էլ կա, որը նախկինում երբեք չէր հանդիպել: Դա մենակով բառն է: Խոսակցական լեզվի ամենացածր մակարդակներից այն մտել է զանգվածային լրատվամիջոցներ, ապա ավելի լայն տարածում ստացել: Ածականի կամ մակբայի պաշտոն կրող այս բառին գործիական հոլովի վերջավորություն վերագրելը կոպիտ սխալ է: «Ես իմ գործը մենակ կանեմ»: «Բոլորը զույգերով էին, իսկ նա մենակ էր եկել»: Մոռանանք այդ սխալ մենակով-ի մասին: Վտարենք նրան հատկապես եթերից, որտեղ այն ավելի ու ավելի հաճախ է հանդիպում:
Հայերենում է տառը երբեք «հենց այնպես» չի հայտնվում բառամիջում կամ բառավերջում: Այն կա՛մ բառարմատի սկզբնատառ է, կա՛մ բառարմատ, ինչպես մանրէ բառում է: Այստեղ երկու արմատ կա՝ «մանր» և «է» (էակ): Այս է-ն արմատի վերջնատառ չէ, ուստի բառաբարդման ժամանակ չի սղվում: Բայց ահա մեր գովազդներում մանրէազերծել բառի փոխարեն հաճախ լսում ենք՝ մանրազերծել (մանրազերծված):
Եթերի ուղղախոսությանն առանձին կանդրադառնանք: Նշենք միայն, որ հատկապես եղանակի տեսության մեկնաբանները Լոռի ասելու փոխարեն ասում են Լորի, իսկ, ասենք, Արմավիրի փոխարեն՝ Առմավիռ: 8. Եվ վերջում չմոռանանք. երջանիկ բառը արտասանվում է ոչ թե երչանիկ կամ եռչանիկ, այլ այնպես, ինչպես գրվում է:
Երազիկ Գրիգորյան