Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Նուրբ» սխալ, որ դառնում է կոշտուկ

Լեզվական ամեն սխալ նման է մոլախոտի․ քաղհանը ժամանակին չանելու դեպքում անվերջ տարածվում է։

Այսօր կխոսենք նման մի «նուրբ» սխալի մասին, որը շարունակ լսելով՝ անգամ չենք նկատում։

Ի՞նչ է նշանակում տեղի ունենալ։

Ավելի հեշտ հա՞րց․․․

Պատահել, կատարվել, կայանալ, լինել, ընթանալ։

Այսքան պարզ հարցո՞ւմ էլ կարելի է սխալվել։

Պարզվում է՝ այո՛։

Պատճառը թերևս այն է, որ ոմանք կարծում են, թե հոմանիշ բառերը, կառույցները իրար փոխարինում են բոլոր դեպքերում, ամեն տեղ․ թե այն, ինչ պատահում է, կատարվում, կայանում, լինում ու ընթանում, ուրեմն նաև տեղի է ունենում։

Սխալ մտածելակերպ։ Ինչպես գրում է լեզվաբան Ա․ Սուքիասյանը, «․․․․ հոմանիշներ են կոչվում միևնույն հասկացությունն արտահայտող այն բառերը, որոնք ունեն մոտ կամ նույն իմաստներ և միաժամանակ կարող են տարբերվել ոճական կիրառությամբ, հուզաարտահայտչական գունավորմամբ, ինչպես նաև գործածականությամբ և ուրիշ բառերի հետ կապակցվելու տարբեր ունակությամբ» (Ա․ Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2004, էջ 122)։

Ահա հենց այս հանգամանքն անտեսելը, վատ լեզվազգացողություն ունենալը կամ բնավ չունենալն է հանգեցնում սխալների։

Բերենք օրինակներ՝ վերցված հիմնականում էլեկտրոնային մամուլից․

«Ապօրինի ծագում ունեցող միջոցների բռնագանձումը տեղի է ունենալու միայն համապատասխան դատական ակտի հիման վրա»։

«Պատերազմի ավարտից հետո տեղի են ունենում սահմանազատման աշխատանքներ»։

«Հետազոտողները նշել են, որ P.1- ի տարածումը տեղի է ունեցել՝ չնայած այն հանգամանքին, որ քաղաքի բնակչության 68%-ը արդեն վարակվել է»:

«Տեղի է ունեցել ուղղորդված քվեարկություն»։

«Կարևոր է իմանալ արտակարգ իրավիճակների այն տեսակները, որոնք ․․․․ տեղի են ունենում ձեր տարածքում»:

«Փոթորիկները կարող են տեղի ունենալ տարվա ցանկացած պահի»:

«Որոշ արտակարգ իրավիճակների ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումներ կարող են տեղի ունենալ»:

«Այս անօրինականությունները, որ տեղի են ունենում ․․․․»։

«Տեղի են ունենում Արման Թաթոյանի առանձնազրույցները բերման ենթարկված անձանց հետ»։

«Օդի աղտոտվածության մակարդակը բարձրանում է, երբ Կալիֆոռնիայում տեղի են ունենում հրդեհներ»։

«Ուսուցչի սպանությունը տեղի է ունեցել աշակերտուհու ստի պատճառով»։

«Բենեվենտոյից» կրած պարտությունից հետո զանգվածային տարաձայնություն է տեղի ունեցել հանդերձարանում»:

«Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում»։

Ցավոք, շարքը կարելի է շարունակել երկար։

Հայերենին տիրապետող ընթերցողն անշուշտ նկատեց, որ այս օրինակները կարելի է ճշտել՝ մի մասում գործածելով «տեղի ունենալ» բառակապակցության ճիշտ հոմանիշը, մի մասում այն պարզապես հանելով ու նախադասությունները ձևակերպելով այլ կերպ։

Այսպե՛ս․

«Ապօրինի ծագում ունեցող միջոցները բռնագանձվելու են միայն համապատասխան դատական ակտի հիման վրա»։

«Պատերազմի ավարտից հետո կատարվում են սահմանազատման աշխատանքներ»։

«Հետազոտողները նշել են, որ P.1-ը տարածվել է՝ չնայած այն հանգամանքին, որ ․․․․»:

«Եղել է ուղղորդված քվեարկություն» կամ «Քվեարկությունն ուղղորդվել է»։

«Կարևոր է իմանալ արտակարգ իրավիճակների այն տեսակները, որոնք ․․․․ լինում են ձեր տարածքում»:

«Փոթորիկներ կարող են լինել տարվա ցանկացած պահի»:

«Որոշ արտակարգ իրավիճակների ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումներ կարող են լինել» կամ «Որոշ արտակարգ իրավիճակների ժամանակ էլեկտրաէներգիան կարող է անջատվել»։

«Այս անօրինականությունները, որ կատարվում են/լինում են ․․․․»։

«Արման Թաթոյանն առանձնազրույցներ է ունենում բերման ենթարկված անձանց հետ»։

Մյուս նախադասությունները թողնենք, որ ուղղի ընթերցողը։ Կարծում ենք՝ դժվար չէ։

Իսկ ի՞նչը կարող է տեղի ունենալ։

Հազար ու մի բան։ Օրինակ՝ իրադարձությունը, հանդիպումը, ցույցը․

«Դարասկզբին տեղի են ունեցել պատմական խոշոր իրադարձություններ»։

«Վերջապես տեղի ունեցավ նաև այդ կարևոր հանդիպումը»։

«Ֆրանսիայում տեղի է ունեցել բողոքի զանգվածային ցույց»։

Մեր լեզվից քաղհանե՛նք, այո՛, նաև այս մոլախոտը, վերացնենք նաև այս «նուրբ» սխալը, որն արդեն դառնում է կոշտուկ․․․

Գուրգեն Միքայելյան

#հայերեն #հայոցլեզու
Առանձնացրել և ներկայացնում ենք արվեստի տարբեր ճյուղերում հանդիպող օտար բառերի հայերեն համարժեքները, որոնք օգտակար կլինեն հատկապես արվեստասեր (նաև արվեստագետ) հանրությանը։ 👇

https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-21/

Ուղղագրության կանոններն իմանալը չափազանց կարևոր է։

Խաղա՞նք 👉https://cutt.ly/VbSOc3U

Որպես լոքեր օտար բառի հայերեն համարժեք շրջանառվում է երկու տարբերակ։

Հստակեցնելու համար առաջարկում ենք քվեարկություն․ ի՞նչ եք կարծում որպես լոքերի համարժեք պահատո՞ւփ, թե՞ պահախցիկ բառն է ավելի ճիշտ գործածել:⤵️
https://cutt.ly/wbbrYX4

Ավելին