«Մեզ պետք են ուժեր, որ մենք կարողանանք ծնկներից վեր կանալ»։
Վեր կանալ-ը սխալ է, ճիշտ է՝ վեր կենալ (կեն արմատն է)։ Սխալ է նաև ծնկներից վեր կենալ արտահայտությունը։
Ճիշտ է՝ «Մեզ պետք են ուժեր, որ մենք կարողանանք ծնկած տեղից վեր կենալ»։ Կամ՝ «Մեզ պետք են ուժեր, որ կարողանանք մեր ծնկներին հենվելով վեր կենալ»։
«Բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել քառորդ եզրափակչում»։
Տարածված սխալ է։ Այստեղ եզր և փակիչ բառերն են, իսկ փակիչ բառի ի-ն չի սղվում (փակիչի պտուտակը, փակիչից օգտվել և այլն։)։ Այդպես է նաև բարդ բառի դեպքում։
Ճիշտ է՝ «Բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել քառորդ եզրափակիչում»։
«Մեր պետությունը, որ ասում է՝ հարկերը շատ ավելի շատ են հավաքում․․․»։
Սա նույնպես տարածված սխալ է։ Շատ ավելի կամ ավելի շատ, բայց ոչ երբեք շատ ավելի շատ»։
Ճիշտ է՝ «Մեր պետությունը, որ ասում է՝ հարկերը ավելի շատ են հավաքում․․․»։
«Սայլը կսկսի շարժվել դեպի ճիշտ ուղղությամբ»։
Նշված առաջին բառն այստեղ ավելորդ է, քանի որ ուղղությամբ-ի մեջ կա դրա իմաստը։
Ճիշտ է՝ «Սայլը կսկսի շարժվել ճիշտ ուղղությամբ»։
«Հայտնվել են լուսանկարներ, որտեղ պատկերված է պղծված գերեզմանոցներ»։
Այստեղ թվային անհամաձայնություն կա։ Նշված առաջին բառը եզակի թվով է, երկրորդը՝ հոգնակի։ Ակնհայտ է, որ պետք էր առաջինը թվով համաձայնեցնել երկրորդին։
Ճիշտ է՝ «Հայտնվել են լուսանկարներ, որտեղ պատկերված են պղծված գերեզմանոցներ»։
«Ձեզ մի հարց տամ, այսինքն ոչ թե հարց, այլ հռիտորիկ հարց»։
Պատասխան չպահանջող հարցերը կոչվում են հռետորական, ռուսերեն՝ риторические։ Այստեղ հաղորդավարը գործածել է այդ երկու բառերի խառնուրդը։ Նաև՝ հռետորական հարցը նույնպես հարց է, ուստի սխալ է նշված ամբողջ արտահայտությունը։
Ճիշտ է՝ «Ձեզ մի հռետորական հարց տամ»։
«Այս ֆիլմում մենք տեսանք մեր բոլոր խնդիրները և պրոբլեմները»։
Նշված բառերը նույն իմաստն ունեն, ուստի պետք էր գործածել դրանցից մեկը, բնականաբար՝ հայերեն տարբերակը։
Ճիշտ է՝ «Այս ֆիլմում մենք տեսանք մեր բոլոր խնդիրները»։
«Ինչպիսի՞ն պիտի լինի մարդը, ո՞նցը պիտի լինի»։
Այստեղ նույնպես նշված երկու բառերը նույն իմաստն ունեն։ Դրանցից ավելորդ է երկրորդը, քանի որ այն բնորոշ չէ հաղորդավարական խոսքին։
Ճիշտ է՝ «Ինչպիսի՞ն պիտի լինի մարդը»։
«Ինչպե՞ս անենք այնպես, որ մեր գյուղերը չտարբերվեն իրարից»։
Առաջին նշումը ռուսերենից պատճենում է։ Ոչ թե ինչպե՞ս անենք, այլ ի՞նչ անենք։ Իսկ նշված երկրորդ բառն ավելորդ է։
Ճիշտ է՝ «Ի՞նչ անենք, որ մեր գյուղերը չտարբերվեն իրարից»։
«Դրա հետ միաժամանակ՝ երեխաները չեն տիրապետում այդ ծրագրերին»։
Նշված ձևակերպումը սխալ է։
Ճիշտ է՝ «Դրա հետ միասին՝ երեխաները չեն տիրապետում այդ ծրագրերին»։ Կամ՝ «Միևնույն ժամանակ՝ երեխաները չեն տիրապետում այդ ծրագրերին»։
«Մի քիչ կպատմե՞ք դուպլեքս հետազոտությունը ինչ ձև է արվում»։
Խոսակցական լեզվում տարածված սխալ է։
Ճիշտ է՝ «Մի քիչ կպատմե՞ք դուպլեքս հետազոտությունը ինչպես/ինչ կերպ / ինչ ձևով է արվում»։
«Գուցե մենք ավելի շատ ենք սկսել անհանգստանալ նրա մասին, ինչի մասին պետք չէ անհանգստանալ»։
Անհանգստանում են ոչ թե մասին, այլ համար։
Ճիշտ է՝ «Գուցե մենք ավելի շատ ենք սկսել անհանգստանալ նրա համար, ինչի համար պետք չէ անհանգստանալ»։
«Առաջարկում ենք այցելել Պարոնյան 15 հասցեով»։
Հասցեով չեն այցելում։
Ճիշտ է՝ «Առաջարկում ենք այցելել Պարոնյան 15 հասցե»։
«Խոսքը ճգնաժամների մասին է»։
Հաղորդաշարում հաճախ հնչող սխալ է։
Ճիշտ է՝ «Խոսքը ճգնաժամերի մասին է»։
«Հուսով ենք, որ ծնողները և նաև ուսուցիչները լսեցին մեզ»։
Նշվածները հոմանիշ շաղկապներ են, ուստի դրանք միասին գործածելը սխալ է։
Ճիշտ է՝ «Հուսով ենք, որ ծնողները և ուսուցիչները լսեցին մեզ»։
«Սա հնարավորություն էր որոշ սերնդի շրջանում տեխնիկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնել»։ Որոշ ածականը եզակի թվի հետ չի գործածվում։ Այն նաև հարմար չէ սերունդ բառի, անգամ նրա հոգնակիի հետ գործածելը։ Բացի այդ՝ ոչ թե հնարավորություն էր․․․ հետաքրքրությունը մեծացնել, այլ հնարավորություն էր․․․ հետաքրքրությունը մեծացնելու։
Ավելի հղկված շարադասությամբ՝ ճիշտ է՝ «Սա որոշ երիտասարդների շրջանում տեխնիկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու հնարավորություն էր»։
«Թվով երրորդ եկեղեցին է միևնույն վայրում»,- հնչում է հաղորդումներից մեկի տեսանյութում։
Թվականի հետ թվով բառը գործածելը սխալ է, ավելորդաբանություն։
Ճիշտ է՝ «Երրորդ եկեղեցին է միևնույն վայրում»։
«Խոսենք պոստկորոնավիրուսային խնդիրների մասին»։
Ճիշտ է, կորոնավիրուս եզրը մեզանում վիրուսի պես տարածվել է, բայց պետք չէ չարաշահել օտար բառերի կիրառումը։ Պոստ-ը հայերեն համարժեք ունի։
Ճիշտ է՝ «Խոսենք հետկորոնավիրուսային խնդիրների մասին»։ Նախընտրելի է՝ «Խոսենք հետթագավարակային խնդիրների մասին»։
«Ի՞նչ է իրենից ենթադրում ձեռներեցության այդ նոր տեսակը»։
Սա նույնպես տարածված սխալ է։ Այն առաջացել է երկու ճիշտ ձևերի սխալ համադրումից։
Ճիշտ են՝ «Ի՞նչ է իրենից ներկայացնում ձեռներեցության այդ նոր տեսակը» և «Ի՞նչ է ենթադրում ձեռներեցության այդ նոր տեսակը»։
«Ըստ Ձեզ՝ սա կապ ունի՞ ամուսնական ընտանիքի կայունության կամ խարխլման համար»։
Նախ՝ արտառոց է ամուսնական ընտանիք արտահայտությունը։ Ամուսնական կարող են լինել զույգերը, պարտականությունները։ Ընտանիքի դեպքում այդ բառն ավելորդ է։ Նաև՝ կապ ունենում են ոչ թե ինչ-որ բանի համար, այլ ինչ-որ բանի հետ։
Ճիշտ է՝ «Ըստ Ձեզ՝ սա կապ ունի՞ ընտանիքի կայունության կամ խարխլման հետ»։
«Որ պատմում եք, ինքը ինձ շատ ճիշտ է թվում»։
Խոսքը բժշկական խորհրդատվության ձևի մասին է, մինչդեռ նշված դերանունը գործածվում է միայն անձի առումով։
Ճիշտ է՝ «Որ պատմում եք, դա/այդ ձևը ինձ շատ ճիշտ է թվում»։
«Ծննդաբերությունից հետո որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի անցնի, որ կինը կարողանա վերադառնալ իր բնականոն կյանքին»։
Նշված շաղկապը նպատակի պարագա երկրորդական նախադասությունը կապում է
գլխավորին։ Իսկ այս նախադասությունը նպատակ չի արտահայտում։ Նաև անհաջող է ձևակերպումը։
Ճիշտ է՝ «Ծննդաբերությունից հետո որքա՞ն ժամանակ պիտի անցնի, որ կինը կարողանա վերադառնալ իր բնականոն կյանքին»։
«Ազնիվ մարդիկ, որոնք որ վստահաբար կան․․․»։
Այս նշումը, ինչպես հոգնակի, այնպես էլ եզակի թվով՝ որը որ, շատ տարածված սխալ է։ Թե՛ որպես դերանուն, թե՛ որպես շաղկապ, երկրորդ որ-ը չի կարող լինել որոնք, որ(ը) դերանունների կողքին։
Ճիշտ է՝ «Ազնիվ մարդիկ, որոնք վստահաբար կան․․․»։
Նույնն են՝
«Վատիկանում և Լուվրում կան սրահներ, որոնք որ ֆինանսավորվում են Ադրբեջանից»։
Ճիշտ է՝ «Վատիկանում և Լուվրում կան սրահներ, որոնք ֆինանսավորվում են Ադրբեջանից»։
«Դա լինելու է Արցախի այն մասում, որը որ մենք ենք կառավարում»։
Ճիշտ է՝ «Դա լինելու է Արցախի այն մասում, որը մենք ենք կառավարում»։
«Ունենալով Գրիգոր Նարեկացի, որը որ ընդունվեց որպես տիեզերական ուսուցիչ․․․»։
Ճիշտ է՝ «Ունենալով Գրիգոր Նարեկացի, որն ընդունվեց որպես տիեզերական ուսուցիչ․․․»։
«Հասկանում ես, որ մարդիկ կան, որոնք որ ավելի վատ բաներ են տեսել»։
Ճիշտ է՝ «Հասկանում ես, որ մարդիկ կան, որոնք ավելի վատ բաներ են տեսել»։
«Կարող՞ եք ասել՝ գիտելիքի ծավալը, որը որ պետք է լինի, որքանո՞վ է պարզեցվել»։
Ճիշտ է՝ «Կարող՞ եք ասել՝ գիտելիքի ծավալը, որը պետք է լինի, որքանո՞վ է պարզեցվել»։
«Իսկ ինչո՞ւմն է պարադոքսը ասիական նվագախմբերի, երգչախմբերի»։
Նախ ոչ թե ինչո՞ւմն, այլ ինչո՞ւմ։ Այստեղ սխալ է նաև ինչո՞ւմ է-ն (սա ռուսերենից պատճենված в чем-ն է)։ Նաև՝ անտեղի է գործածված օտար պարադոքս բառը։ Այստեղ խոսքը զարմանալի, յուրահատուկ համույթների մասին է։
Ճիշտ է՝ «Իսկ ինչո՞վ են զարմանալի/յուրահատուկ ասիական նվագախմբերը, երգչախմբերը»։
Նույնն են՝
«Ինչո՞ւմն է բանը, ինչո՞ւ չեն տեսնում»։
Վերևում նշված ինչո՞ւմն է-ն է, բայց այստեղ այլ կերպ պիտի հնչեր։
Ճիշտ է՝ «Բանն ի՞նչ է, ինչո՞ւ չեն տեսնում»։
«Բիզնեսի և սոցիալական բիզնեսի տարբերությունն ինչո՞ւմ է»։
Ճիշտ է՝ «Բիզնեսի և սոցիալական բիզնեսի տարբերությունը ո՞րն է»։
«Սիրելի հեռուստադիտողներ, եթե ունեք որևէ գանգատներ կամ պրոֆիլակծիկ ուզում եք իմանալ առողջ եք, թե չէ․․․»։
Որևէ դերանունը կարող է գործածվել միայն եզակի թվի հետ։ Պրոֆիլակտիկ օտար բառը, որ հաղորդման ժամանակ հնչել է ռուսերենին բնորոշ արտասանությամբ՝ պրոֆիլակծիկ, հայերեն կանխարգելիչ-ն է։
Նախընտրելի է՝ «Սիրելի հեռուստադիտողներ, եթե ունեք գանգատներ կամ կանխարգելիչ նպատակով ուզում եք ստուգել ձեր առողջությունը ․․․»։ Կամ՝ «Սիրելի հեռուստադիտողներ, եթե ունեք որևէ գանգատ կամ պարզապես ուզում եք իմանալ առողջ եք, թե ոչ․․․»։
Նույնն է՝
«Կա՞ն որևէ ակցիաներ, որ սպասվում են գարնան հետ կապված»։
Ճիշտ ու նախընտրելի է՝ «Կա՞ն գարնանային ակցիաներ»։
«Ձեզ մաղթում ենք պրոդուկտիվ տարի»։
Նշված բառի հայերեն համարժեքն է՝ արդյունավետ։
«Ձեզ մաղթում ենք արդյունավետ տարի»։
«Բա միծինգներն ի՞նչ են, ով գնում է միծինգի, պատվաստանյութ է ստանում»։
Այստեղ արտասանական սխալ կա։ Հայերենում տ-ն երբեք ծ չի արտասանվում։ Միտինգ գրում, միտինգ արտասանում ենք։ Նաև՝ նշված բառն ունի հայերեն համարժեք։
Ճիշտ է՝ «Բա հանրահավաքներն ի՞նչ են, ով գնում է հանրահավաքի, պատվաստանյութ է ստանում»։
Հաղորդավարները պարբերաբար ընդհատում են զրույցը՝ ասելով՝ «Իսկ հիմա մեզ մոտ գովազդ է»։
Նշված կապի այսպիսի գործածումը ռուսաբանություն է՝ у нас реклама։
Ճիշտ է՝ «Իսկ հիմա մեր եթերում գովազդ է»։ Կամ՝ «Իսկ հիմա գովազդ է», «Իսկ հիմա դիտենք գովազդ» և այլն։
Հաղորդավարներից մեկն անընդհատ գործածում է ռուսերեն ну-ն, որը հայերեն դե-ն է։
Լեզվի կոմիտեն իր ամփոփագրերում չի անդրադառնում հաղորդումների հյուրերի, մասնակիցների խոսքին։ Բայց այս անգամ որպես բացառություն նշում ենք հայերենի ուսուցիչ հյուրի լեզվական սխալներից մեկը․ «Տարրական դպրոցի երեխան հասու չէ հասկանալ այդ բաղադրիչները»։
Նշվածը սխալ ձևակերպում է։
Ճիշտ է՝ «Տարրական դպրոցի երեխային հասու չեն այդ բաղադրիչները»։ Կամ՝
«Տարրական դպրոցի երեխան չի հասկանա/չի կարող հասկանալ այդ բաղադրիչները»։ Կամ՝ Տարրական դպրոցի երեխան հասու չէ հասկանալու այդ բաղադրիչները»։
Երազիկ Գրիգորյան