Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Շնորհակալ ենք ձեզ կամ ձեզնից, բայց շնորհակալություն ենք հայտնում ձեզ

Շնորհակալ եմ  և շնորհակալ լինել բայական միավորները պահանջում են ու՞մ, ինչի՞ն, ումի՞ց, ինչի՞ց հարցերին պատասխանող լրացումներ։ Այսինքն՝ մենք կարող ենք շնորհակալ լինել ինչպես մեկին, այնպես էլ մեկից ։ Բերենք օրինակներ․

«Շնորհակալ ենք ծնողներին (ու՞մ)  զգոնության համար»։ «Շնորհակալ եմ իմ բախտին (ինչի՞ն),որ այս ժամանակներում եմ լույս աշխարհ եկել»։ «Անչափ շնորհակալ եմ Աստծուց (ումի՞ց), որ ինձ անցկացրեց այդ փորձությունների միջով, երազելու հնարավորություն տվեց»։ «Շաբաթաթերթից (ինչի՞ց) շնորհակալ եմ, որովհետև նրա հարցազրույցից հետո տունս վերանորոգեցին»։ «Հեռացա՝ շնորհակալ լինելով  այն կնոջը (ու՞մ), որն ասաց. «Հիշի՛ր, մարմնական ցավն անցողիկ է, հոգեկանը՝ ընդմիշտ տանջող»»։ «Շնորհակալ եղանք թատրոնի տոմսավաճառից (ումի՞ց)» ։ «Դուք պետք է շնորհակալ լինեք ճակատագրին (ինչի՞ն), որ Ձեզ պարգևել է այդպիսի արտաքին»։ «Հարկավոր էր շնորհակալ լինել ճակատագրից (ինչի՞ց). այս բոլորը նա հասկանում էր»։

Վերջին տարիներին պաշտոնական խոսքում և զանգվածային տեղեկատվության միջոցներում շնորհակալ եմ  և շնորհակալ լինել  միավորների հետ կիրառվում են հիմնականում տրական հոլովով լրացումներ (շնորհակալ եմ քեզ, զինվորին, ոստիկանությանը և այլն)։ Ինչպես տեսանք, կարելի է նաև շնորհակալ լինել քեզնից, զինվորից, ոստիկանությունից, քանի որ սովորական է բացառական հոլովի գործածությունը հոգեկան վիճակ, դրություն և համանման իմաստներ արտահայտող բայերի հետ (վախենալ, ձանձրանալ, սարսափել, զգուշանալ և այլն)։ Ուրեմն ինչպես որ խռովում, սարսափում ենք մեկից, այնպես էլ՝ գոհանում ենք մեկից, շնորհակալ լինում մեկից

Այժմ անդրադառնանք շնորհակալություն հայտնել և շնորհակալություն  միավորներին: Սրանք պահանջում են ու՞մ, ինչի՞ն  հարցերին պատասխանող լրացումներ:

«Խորին շնորհակալություն եմ հայտնում  իմ թեկնածությունն առաջադրած կազմակերպություններին  և ընկերներին» (ու՞մ)։ «Հատուկ շնորհակալություն ենք հայտնում խմբագրությանը» (ինչի՞ն)։ «Շնորհակալություն ձեզ (ու՞մ), պարո՛ն Գևորգ, շնորհակալություն»:

Բացառական հոլովով լրացումների կիրառությունը սխալ է  (շնորհակալություն հայտնել բարերարից)։

Այսպիսով՝

  1. շնորհակալ եմ  և շնորհակալ լինել  բայերի հետ հավասարապես գործածել տրական և բացառական հոլովով լրացումներ (Շնորհակալ ենք ձեզ / ձեզնից, որ հետևում եք մեր խորհուրդներին),
  2. շնորհակալություն հայտնել  ևշնորհակալություն միավորների հետ գործածել միայն տրական հոլովով լրացումներ (Շնորհակալություն ենք հայտնում / շնորհակալություն ձեզ համագործակցության համար)։
Նմանատիպ նյութեր
Ներկայացնում ենք մի շարք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը՝ հորդորելով վերջիններիս տալ նախապատվությունը թե՛
Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս գործողություն, որը ենթական կրում է իր վրա։ Կազմվում են
Ամանորին մի քանի օր է մնացել, և Լեզվի կոմիտեն ցանկանում է անդրադառնալ  այս տոնին առնչվող
Կազմել ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Հայերեն բառերը շատերին հասկանալի են ու հայտնի,
«Չ» ածանցն ունեցող բայերը շատ չեն։ Դրանք անորոշ դերբայի ԵԼ մասնիկից առաջ ունեն «չ» ածանցը՝

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին