Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Շնորհավորում ենք, Ուկրաինա

В І Т А Є М О , У К Р А Ї Н О !

Նոյեմբերի 9-ը ուկրաինական գրի ու լեզվի օրն է: Այդ առթիվ Լեզվի կոմիտեի աշխատակիցը զրուցել է 1996-2001 և 2005-2010 թվականներին Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան, հայագետ, հայ գրականության թարգմանիչ, Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղար, «Մայրենիի դեսպան» Օլեսանդր Բոժկոյի հետ:

Պարո՛ն Բոժկո, խորհրդային, հետխորհրդային քաղաքական փուլերի հերթափոխն այս կամ այն կերպ անդրադարձել է ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների լեզվավիճակի վրա: Այդ անդրադարձն ինչպիսի՞ն է եղել Ուկրաինայում:

Ուկրաիներենի հարցը միշտ էլ քաղաքական բնույթ է կրել ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ Ռուսական կայսրության օրոք: XVII-XIX դարերում ցարական Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ հրաման է արձակել՝ արգելել ուկրաիներեն գրքեր տպագրելը, դպրոցներում մայրենի լեզվով դասավանդելը և եկեղեցիներում՝ ժամասացությունը: ԽՍՀՄ ժամանակաշրջանում ուկրաիներենը տարբեր փուլեր է ապրել: 1923-1933 թվերին այսպես կոչված «ուկրաինացումին»-ին փոխարինելու եկավ ուկրաիներենի «մերձեցումը» ռուսերենին, այլ կերպ ասած՝ Ուկրաինայի բացահայտ ռուսացումը: Վերանայվեցին բառարանները, ուկրաիներենի ուղղագրությունը, մեծացավ ռուսական դպրոցների քանակը, ռուսաց լեզվի ուսուցիչները սկսեցին հավելավճար ստանալ: Նման քաղաքականության հետևանքն այն եղավ, որ տասնամյակների ընթացքում ուկրաիներենին տիրապետող քաղաքացիների թիվը սկսեց անկասելիորեն նվազել, ուկրաիներենը դուրս մղվեց արտադրական և գիտական ոլորտներից: 1970-ականների վերջում ուկրաիներենով տպագրվող գրքերի քանակն այնպես նվազեց, որ իջավ 1920-ականների՝ «ուկրաինացում»-ին նախորդած ժամանակաշրջանի մակարդակին: Խորհրդային Ուկրաինայում մայրենիով և ռուսերենով տպագրվող գրքերի միջև հարաբերակցութունը դարձավ 3/157: 1980-ականների կեսերին խորհրդային Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի դպրոցներում աշակերտների ընդամենը մեկ հինգերորդ մասն էր սովորում ուկրաինական դասարաններում: Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարանում բնագիտական առարկաների մեկ երրորդ և հասարակագիտական-հումանիտար առարկաների կեսից էլ պակաս մասն էր դասավանդվում մայրենի լեզվով:

1985 թ. ԽՍՀՄ-ում սկսվեց վերակառուցման գործընթացը, որը հնարավորություն ընձեռեց բարձրաձայնելու ազգային մշակույթների և լեզուների խնդիրների մասին: 1986-ին ուկրաիներենի վիճակի շուրջ լայն քննարկումներ ծավալվեցին: Ուկրաինայի տարբեր շրջաններում սկսեցին ստեղծվել հասարակական կազմակերպություններ՝ ի պաշտպանություն մայրենի լեզվի: 1980-ականների վերջում ուկրաիներենի հարցը սկսեց ներգրավվել քաղաքական բանավեճերի մեջ: Եվ պատահական չէ, որ 1991-ին Ուկրաինայի անկախական շարժման ժամանակ ուկրաիներենի պահպանման խնդիրը հնչեց որպես քաղաքական հրատապ պահանջ:

Այնուամենայնիվ, ԽՍՀՄ համակարգի զսպող ուժի հակազդեցությամբ ազգային արժեքների վերելք է գրանցվել ժամանակին: Անկախ Ուկրաինան մայրենի լեզվի հարցում առաջընթացի ի՞նչ նոր ազդակ է ընտրել:

Ուկրաինայի ռուսացման գործընթացը ԽՍՀՄ-ում այնպիսի թափ էր ստացել, որ այն իներցիայով շարունակվում էր նաև անկախության հռչակումից հետո:

Ուկրաինական իշխանությունների քայլերը մայրենի լեզվի պահպանման ուղղությամբ մեծավ մասամբ դեկլարատիվ բնույթ էին կրում, ինչպես, օրինակ՝ Սահմանադրության այն հոդվածը, որտեղ նշվում է ուկրաիներենի պետական կարգավիճակի մասին: Հաշվի առնելով հասարակության միասնականության հարցում լեզվի կարևորագույն դերը՝ պետական մակարդակով հաստատվեց Ուկրաինական գրի և լեզվի օրը: Նշվում է այդ օրն ամեն տարի նոյեմբերի 9-ին՝ ի հիշատակ XI դարի վերջի-XII դարի սկզբի Կիև-Պեչորյան վանքի վանական, «Անցած տարիների պատմություն» հայտնի տարեգրության հեղինակ սուրբ Նեստոր Տարեգրի։

Հատկանշական է, որ 2000 թվականից սկսած՝ այդ օրը Ուկրաինական ռադիոն ազգային միասնության ռադիոթելադրություն է հնչեցնում: Եվ այդ ժամանակվանից ամեն տարի յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել ռադիոթելադրություն գրելուն՝ այդ կերպ արտահայտելով իր միասնությունը նրանց հետ, ովքեր սիրում և հարգում են ուկրաինական բառը:

Սակայն անկախության ձեռքբերումից հետո պետական և ոչ պետական հիմնարկներում ուկրաիներենի գործածումը պարտադիր դարձնելու կառավարության փորձերը սարսափելի դիմադրության հանդիպեցին ինչպես երկրի ռուսամետ շրջանակների, այնպես էլ Ռուսաստանի կողմից: Մոսկվան իր ԶԼՄ-ների միջոցով մշտական ճնշում էր գործադրում ուկրաինական իշխանությունների վրա՝ մեղադրելով նրանց ազգայնականներին աջակցելու մեջ, պիտակելով «ֆաշիստներ», «բանդերականներ»: Եվ ինչպես պարզվեց, դա, քաղաքական և տնտեսական ճնշմանը զուգահեռ, բավականին արդյունավետ զենք էր Ռուսաստանի ձեռքում՝ հաշվի առնելով այն ժամանակ մոսկովյան հեռուստատեսության տարածվածությունը Ուկրաինայում: Ռուսերենի գերիշխանությունը Ուկրաինայում հատկապես նկատելի էր մամուլում տիրող իրավիճակից: Այսպես, օրինակ՝ 2003 թվին Ուկրաինայում տպագրվող ուկրաիներեն թերթերի թիվը կազմում էր 30%, իսկ ռուսերեն թերթերինը՝ 64%: Հարյուր ուկրաինացուն մայրենի լեզվով 46 օրինակ թերթ էր բաժին հասնում, մինչդեռ Ուկրաինայում ապրող հարյուր ռուսի՝ ռուսերենով՝ 386 կամ 8,4 անգամ ավելի: Ուկրաիներեն ամսագրերի տարեկան տպաքանակը կրճատվեց 70%-ով 1995 թվին և 19%-ով՝ 2005-ին: Ռուսալեզու մամուլի տարածման ցանցն ընդգրկում է Ուկրաինայի բոլոր մարզերն առանց բացառության, այն դեպքում, երբ Հարավի և Արևելքի ուկրաիներեն մամուլն առահասարակ բացակա է: նման իրավիճակ էր դիտվում նաև գրքերի հրատարակման ասպարեզում. ռուսերեն գրքերի տպագրությունը ուկրաինական շուկայում այն ժամանակ մոտավորապես 80% էր, ուկրաիներենինը՝ 20%:

Դրությունը սկսեց բարելավվել միայն 2014 թվականի Արժանապատվության հեղափոխությունից հետո: Սահմանափակվեց Ռուսաստանում տպագրվող գրքերի ներմուծումը Ուկրաինա: Դա աշխուժացրեց ուկրաիներեն գրքերի տպագրությունը: Ուկրաինալեզու, այդ թվում և թարգմանվող գրականության քանակը մեծացավ 76%-ով, նշանակալիորեն նվազեցին ռուսերեն գրքերի ծավալները: Նախկին գումարման Գերագույն Ռադան, հաղթահարելով ռուսամետ ընդդիմության դիմադրությունը, այս տարի վերջապես ընդունեց ուկրաիներենի մասին նոր օրենք, որտեղ հաստատված են մայրենի լեզվի պաշտպանության գործուն մեխանիզմներ: Երկու տարի է, ինչ ուկրաինական ռադիոյում և հեռուստատեսությունում գործում են լեզվի պարտադիր մասեր: Դրա շնորհիվ մեկ տարվա ընթացքում ուկրաիներենով հաղորդումների թիվն ընդհանուրի 39%-ից աճել է 64-ի, իսկ ռուսերենինը 32-ից նվազել է մինչև 7%: Մնացած ժամերը զբաղեցնում են երկլեզու՝ ուկրաիներեն-ռուսերեն ծրագրերը: Համազգային և տեղական ու շրջանային ռադիոկայաններով հնչող երգերի 54%-ը ուկրաիներեն է: Այդպիսով ուկրաիներենը երկար տարիներ ի վեր առաջին անգամ գերիշխում է հեռուստատեսությունում: Կինոթատրոններում ֆիլմերի 90%-ը հիմա ցուցադրվում է ուկրաիներենով: Ուկրաիներենով ուսում ստացող դպրոցականների թիվը 2014 թվականից հետո հասել է 91%-ի:

Ասում են, որ եթե ուկրաինական իշխանությունները նման քայլեր ձեռնարկեին 90-ական թվականներին, ապա 2014 թվին Ռուսաստանը հնարավորություն չէր ունենա շահարկելու «լեզվի քարտը»:

Լեզվի բնագավառում պետական ինչպիսի՞ վերահսկողություն է սահմանված ձեր երկրում:

Լեզվական քաղաքականության մեջ ուկրաինական իշխանության անարդյունավետ գործունեության պատճառներից մեկը նրա անհետևողականությունն է և այդ քաղաքականությունն իրագործելու համար պատասխանատու մարմին ստեղծելու հարցում չկողմնորոշվելը: Վերջին 26 տարիների ընթացքում նման մարմին գործում էր մե՛կ Կառավարությունում, մե՛կ Ռադիոյի և հեռուստատեսության կոմիտեում, մե՛կ Մշակույթի նախարարությունում, մե՛կ Ազգային փոքրամասնությունների պետական կոմիտեում: Այդ մարմնի գործունեությունը ավելի շուտ ձևական էր, հռչակագրային, քանի որ լեզվական արդյունավետ քաղաքականություն վարելու համար այն իրական լծակներ չուներ: Վոլոդիմիր Զելենսկու իշխանության գլուխ գալով՝ կառավարության կառույցում ստեղծվել է Պետական լեզվի չափանիշների հարցերով կոմիտե և նշանակվել պետական լեզվի հարցերով լիազոր մարմին: Այդ որոշումն ընդունելուց հետո արդեն մի քանի ամիս է անցել, բայց կառավարությունը մինչև հիմա ո՛չ լիազորի նշանակման հարցում է կողմնորոշվել, ո՛չ էլ կոմիտեի ֆինանսավորման աղբյուր գտնելու: Ցավոք, ուկրաիներենի քաղաքականության վերաբերյալ Ուկրաինայի նոր իշխանությունները կարծես թե կրկնում են նախորդների սխալները:

Ուկրաինացիներն ու ուկրաիներենն ինչպե՞ս են վերաբերվում լեզվական նորամուծություններին:

Ուկրաիներենը եվրոպական ամենատարածված լեզուների տասնյակի մեջ է մտնում: 40-միլիոնանոց Ուկրաինայի բնակչության 68%-ը իր մայրենի լեզուն ուկրաիներենն է համարում: Սակայն ուկրաինացիների ընդամենը կեսն է տանը խոսում մայրենիով. մի բան, որ վկայում է լեզվի գործածման, նրա սոցիալական խնդրի մասին: Չնայած այդ ամենին՝ ուկրաինական լեզուն զարգանում է: Իհարկե, ոչ այնպես արդյունավետ, ինչպես հայոց լեզուն, որն իր զարգացման համար գրաբարում անսպառ պաշարներ ունի: Դա վերաբերում է, ի դեպ, ձեր հիշատակած լեզվական նորամուծություններին: Նրանք ի հայտ են գալիս երկրի հասարակական, տնտեսական և մշակութային վերափոխությունների պայմաններում: Դա բնական է: Եվ տարօրինակ կլիներ անտեսել այդ երևույթները: Մի ամբողջ շարք նոր բառեր, որ երևան են եկել վերջին տարիների ընթացքում, կապված են նաև մեր երկրի դեմ ռուսական քաղաքականության, Դոնբասի պատերազմի հետ: Այս փոփոխություններն իսկույնևեթ արձագանք են գտնում գրողների, լրագրողների և, իհարկե, լեզվաբանների շրջանում, որոնք մասնագիտորեն հետազոտում են այդ երևույթները: Ցավոք, նկատելի է դարձել նաև լեզվի վուլգարացում, առանձնապես հեռուստատեսությունում, հատկապես քաղաքական թոք-շոուներում, որ ուկրաինական հասարակության լյումպենացման մասին է վկայում: Որոշ մարդիկ դա բացատրում են պոստմոդեռնիստական մեր աշխարհում տեղի ունեցող համընդհանուր միտումներով և գործընթացներով, մյուսները՝ ռադիո- և հեռուստատեսային որոշ ալիքների և Ֆեյսբուքի բացասական ազդեցությամբ: Բայց, այնուամենայնիվ, այդ զարհուրելի երևույթը շատ տխուր մտորումների և եզրակացությունների տեղիք է տալիս:

Հայերն ու ուկրաինացիները արժեհամակարգի որոշակի ընդհանրություն ունեն: Ինչպե՞ս եք գնահատում մեր ժողովուրդների փոխհարաբերությունները մեր երկրների նորացված պայմաններում:

Ուկրաինացիներին և հայերին վաղուց ի վեր կապում են պատմական և հոգևոր արժեքներ, հատկապես քրիստոնեական: Մեզ միավորում են մեր ժողովուրդների պետականության և անկախության դարավոր իղձերը, մեր ժողովուրդների լավագույն որդիների պայքարը խորհրդային բռնապետության դեմ և հանուն ազատության: Իսկ այսօր մեր ժողովուրդների առջև նոր, գրեթե նմանատիպ սպառնալիքներ են ծառացած: Նկատի ունեմ արտաքին թշնամուց մեր երկրների անկախությունը պաշտպանելը, Ուկրաինայում և Հայաստանում այնպիսի հասարակություններ ստեղծելը, որտեղ տիրի բարեկեցություն, արդարություն և ազատորեն զարգանալու, յուրաքանչյուր անձի իղձն իրականացնելու հնարավորություն: Եվ այս պայմաններում կարևոր է, որ մեր ժողովուրդները աջակցեն միմյանց ինչպես այլ հարցերում, այնպես էլ դարերի խորքից մեզ հասած մեր մայրենի լեզուների պաշտպանության և պահպանման գործում, ձգտեն ամրապնդել մեր ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները:

Զրուցեց Երազիկ Գրիգորյանը

Զրույցը տպագրվել է  «Հայաստանի Հանրապետություն» թերթում։