Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Շրեկ կանաչ հսկան հայերեն վատ է խոսում

Ո՞վ է այս անճոռնի հսկան, որ գերել է հարյուր հազարավոր մարդկանց: Նրա մասին պատմող լայնամետրաժ մուլտֆիլմը կինոարտադրության պատմության մեջ առաջինն էր, որ արժանացավ «Օսկար» մրցանակի:

Բոլոր ժամանակների ամերիկյան լավագույն մուլտֆիլմերի տասնյակի մշտական բնակիչ «Շրեկի» հերոսը՝ նույն ինքը՝ ճահճի բնակիչ Շրեկը, առաջին հայացքից թույլ չի տալիս ենթադրել, որ մի քանի կադր անց կարող է հմայիչ դառնալ, մուլտֆիլմն էլ, հենց ի՛ր պատճառով՝ սիրելի: Դա կարող է վկայել և հայ հանդիսատեսը, եթե դիտելիս կրկնօրինակված հայերենը չխանգարի:

Խոսքը, հասկանալի է, լեզվական սխալների մասին է, որոնցից խուսափելու դեպքում առավել գնահատելի կլիներ դերասանական կազմի բավական գեղեցիկ աշխատանքը, պատշաճ ձայնադրումը:

«Հեյ, գիտե՞ս թե նա ինչ կարող է անել քեզ հետ: Կաղա ոսկորներդ»,- ասում է զինվորը՝ Շրեկի մասին: Եվ ապա՝ «Շրեկ, ի՞նչ ես արել արքայադստեր հետ»: «Չգիտեմ ինչ էր եղել ինձ հետ»: «Նայիր, թե ինչ է արել քեզ հետ»: «Շրեկ, ի՞նչ է եղել քեզ հետ»: «Գեղեցիկ թագավորն ի՞նչ է արել Ֆիոնայի հետ»: Միայն այսքանը չէ: Հետ կապի այս անհեթեթ գործածությունը մուլտֆիլմի բոլոր մասերում անդադար ականջ է ծակում: Սա հայերեն չէ՛: Այս լեզվական կառույցի կարիքը հայերենը չունի: Հանե՛ք այս կապը բոլոր մեջբերումներից ու կտեսնեք, որ խոսքը կդառնա ավելի հասկանալի, ավելի գեղեցիկ և, եթե կարելի է ասել՝ ավելի հայերեն:

Իսկ երբ շատախոս իշուկը Շրեկին ասում է. «Դու ինձ հետ լավ չես վերաբերվում», խնդիրը մի փոքր այլ է: Եթե վերաբերվում, ուրեմն դարձյալ առանց հետ-ի: Կամ էլ հետ-ով՝ «Դու ինձ հետ լավ չես վարվում»:

«Ինձ ինչո՞ւ ես հարցնում, նրանից հարցրու»,- հնչում է ֆիլմում: Ինչ-որ մեկից չեն հարցնում: Ինչ-որ մեկից իմանում են: Իսկ հարցնում են ինչ-որ մեկին: Ուրեմն՝ «նրան հարցրու»: Ինչպես որ ճիշտ է՝ «Ինձ ինչո՞ւ ես հարցնում»: Սխալ կլիներ, եթե ասվեր՝ «Ինձնից ինչո՞ւ ես հարցնում»:

«Կափսոսա այն օրվա մասին, երբ խլեց իմ թագավորությունը»: «Հոգ էի տանում ձեր սիրո բույնի մասին»: «Աղջիկներ, սրանից հետո մենք ենք հոգ տանելու էս գործի մասին»: «Մի վախեցիր, մենք ամեն ինչի մասին հոգ կտանենք»: «Մեկը կա, որի մասին պետք է հոգ տանել»: Դարձյալ օտար լեզվական կաղապար: Եվ դարձյալ ավելորդ կապ, այս անգամ՝ մասին-ը: Հայերենում ափսոսում, հոգում, հոգ են տանում ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի համար, այլ ո՛չ մասին: Բայց այստեղ մի սխալ էլ կա: Առաջին օրինակում է: Ափսո՞ս էր թագավորությունը խլելու օրը: Իհարկե ո՛չ: Ճիշտ է՝ «Կզղջա, որ խլեց իմ թագավորությունը»: Կամ՝ «Կանիծի այն օրը, երբ խլեց իմ թագավորությունը»: Իսկ հաջորդ օրինակում՝ ոչ թե «սիրո բույնի», այլ «սիրո բնի»:

«Համար առաջին հարսնացուն մի բանտարկյալ է»: Այս սխալի մասին անդադար խոսվում է: Կա՛մ «համար մեկ», կա՛մ պարզապես «առաջին»: Եվ երբեք ո՛չ «համար առաջին»: Սա գրագետ չէ:

«Նա լիցքավորված ատրճանակ է, ով քայլում է անձրևի տակ»: Թեև այստեղ խոսքը վիշապի մասին է, բայց եթե մարդու մասին էլ լիներ, միևնույն է, ճիշտ է՝ որը, այլ ո՛չ ով:

«Հիմա խոսքը գնում է քո, իմ ու ձկնորսության մասին»: Ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ խոսքը չի գնում: «Հիմա խոսքը քո, իմ ու ձկնորսության մասին է». ա՛յ սա հայերեն է:

«Ճիշտ կանես դիետայի վրա նստես»: Նախ դիետան հայերենում (հատուկ) սննդակարգն է, բացի այդ՝ դա մի բան է, որի վրա չեն նստում: Դրան հետևում են կամ պահպանում են այն:

«Հին վերքս իրեն զգացնել տվեց»: Զգացնել բառի ացն պատճառական ածանցի առկայությամբ տալ (տվեց) բառն ավելորդ է: Զգացնել՝ նույնն է՝ զգալ տալ: Երկուսն էլ ճիշտ են, իսկ մուլտֆիլմում հնչած զգացնել տալ-ը՝ սխալ:

«Ես կանացի ներքնազգեստ եմ կրում»: Ոչ թե կանացի, այլ կնոջ:

Շրեկը նայում է միաչքանու երեխային ու նրա հորն ասում է. «Աչքը քեզ է նման»: Ձագուկի աչքը չէր կարող հորը նման լինել: Ճիշտ է՝ «Աչքը քոնին է նման»:

«Արի քանդենք էս խնջույքը»: Տեսնես երեխաներն ի՞նչ են մտածում այս արտահայտությունը լսելիս: Հասկանո՞ւմ են, որ խոսքը խնջույքը տապալելու մասին է:

Իսկ ի՞նչ արձագանք է տալիս հայերեն մտածող ունկնդրի միտքը, երբ «դու ճիշտ չհասկացար»-ի փոխարեն լսում է՝ «ամեն ինչ այդպես չէ»:

Միայն այս մուլտֆիլմում չէ, մենք եթերից անընդհատ ենք լսում այս և նման արտահայտություններ: Առաջին պահին կարող է չզգանք էլ, որ մեր լսած խոսքը հայերեն չէ, վատ հայերեն է, կարող ենք և չկարևորել այս հրապարակման մեջ տեղ գտած-չգտած բազում լեզվական սխալներ, մտածենք, որ պետք չէ գերագնահատել դրանց բացասական ազդեցությունը, բայց իսկապե՛ս այդպես չէ:

Լեզվի կոմիտեն մշտապես պատասխանում է գրավոր ու բանավոր լեզվական հարցումների: Սիրելի՛ թարգմանիչներ, խմբագիրներ, հետևե՛ք մեր հրապարակումներին և դիմե՛ք մեզ: Միասին խնայե՛նք հայերենը:

«Շրեկ» մուլտֆիլմի հերոսը սխալմամբ կասեր՝ «Ստեսություն, սիրելիներս»:

Երազիկ Գրիգորյան

Նմանատիպ նյութեր
Հայկական հեռուստաշուկայի «ցուցափեղկում» մանկական ապրանք քիչ կա: Չունենք հատուկ հեռուստաալիք, ոչ մանկական ալիքներում փոքր է մանուկ հեռուստադիտողի համար նախատեսված
Արի՛ հետ պտտենք ժամացույցի սլաքները ու միասին գնանք դեպի այն ժամանակները, երբ համացանց չկար, ու
Խնդրառությունը բառերի (լրացյալի և լրացման) կապակցության այն եղանակն է, երբ մի բառը (լրացյալը) պահանջում է
Բարև՛, պատանի՛ բարեկամ: Ծանոթ երգ է հնչում՝ «Միայն սիրո լարը մնաց / Սրտիս անհուն խորքերում»:
Մեր խոսքում հաճախ հանդիպող սխալներից մեկը կապված է մի «անմեղ» բառի՝ «անգամ»-ի հետ։ Որքա՜ն ենք

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին