Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Օտար լեզուների ազդեցությամբ հայերենում տարածվող սխալների մասին խոսվում է հաճախ։ Այդ սխալների պատճառը երբեմն օտար լեզվական կաղապարների ուղղակի պատճենումն է։

Իհարկե, այս առումով չպետք է ընկնել ծայրահեղության մեջ, որովհետև օտար լեզվատրամաբանությանը «համընկնող» ամեն բան չէ, որ հայերենում սխալ է։ Սակայն ոչ թե թարգմանելու, այլ լեզվական կաղապարը, արտահայտությունը «կրկնօրինակելու» պատճառով երբեմն մեր լեզվի մեջ մտնում են տարօրինակ սխալներ։

Պետք է նկատի ունենալ, որ ուղղակի «պատճենված» ձևերը սխալ են այն դեպքում, եթե խորթ, անհարազատ են մեր լեզվին, խաթարում են մեր լեզվամտածողությունը։

Այսօր կխոսենք այդպիսի ևս մեկ սխալի մասին, որը տարածվածության, հաճախ կրկնվելու պատճառով արդեն չենք զգում։

Կարո՞ղ է արդյոք հանդիպումը լինել․․․ միջև։ Օրինակ՝ պաշտոնական հանդիպումը՝ նախարարների միջև, աշխատանքային հանդիպումը՝ ներկայացուցիչների միջև ։

Կարծես՝ ոչ։ Բայց  ուշադրություն դարձրեք, խնդրեմ, թե այդպիսի որքա՜ն հանդիպումներ են «կայանում» մեր խոսքում։ Ահա մի քանի օրինակ․

 «Երեկ հանդիպում է տեղի ունեցել Ամերիկայի և Ֆրանսիայի նախագահների միջև»:

«Կա տեղեկություն, որ հնարավոր է հանդիպում կայանա խմբակցությունների ղեկավարների միջև»:

«Ֆուտբոլի Հայաստանի և Ռումինիայի հավաքականների միջև հանդիպումը կսպասարկի Լատվիան ներկայացնող մրցավարական անձնակազմ»:

«Այսօր տեղի կունենա հանդիպում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև»:

«ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև»:

«Թեհրանի միջուկային խնդրի հարցով միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի միջև հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին»:

«Երկրների առաջնորդների միջև հանդիպում պայմանավորված չէ»։

«ԱՄՆ-ի և Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպում է տեղի ունեցել Տոկիոյում»։

Հայերենում «անհասկանալի» այս կաղապարը վերցված է ռուսերենից։ Համոզվելու համար ընթերցենք ռուսերեն մամուլից ընտրած՝ համանման նախադասությունների մի քանի օրինակ․

«Состоялась встреча между главами МИД Армении и России».

«25 марта состоялась встреча между экс-президентами Армении и Арцаха».

«Встреча между «Жальгирисом» и «Црвеной Звездой» перенесена из-за вспышки коронавируса у сербов».

«В Улан-Баторе прошла консультативная встреча между представителями МИД Монголии и России».

Կրկնենք․ այն, ինչ ճիշտ է մի լեզվում, սխալ կարող է լինել մեկ այլ լեզվում, որովհետև ամեն լեզու ունի իր յուրահատկությունը, «տրամաբանությունը»։

Պատկերացրեք, թե հաճախ ի՛նչ անհեթեթ ձևակերպումներ կլինեն այլ լեզուներում, եթե թարգմանելիս ուղղակիորեն «պատճենվի» հայերեն մտածողությունը։ Փորձե՛ք, եթե ցանկանում եք, իսկ մենք, որպես օրինակ, հայերենացնենք քիչ առաջ ընթերցած նախադասություններից մի քանիսը․

«Երեկ հանդիպել են Ամերիկայի և Ֆրանսիայի նախագահները»:

«Կա տեղեկություն, որ հնարավոր է հանդիպեն խմբակցությունների ղեկավարները»:

«Ֆուտբոլի Հայաստանի և Ռումինիայի հավաքականների հանդիպումը կսպասարկի Լատվիան ներկայացնող մրցավարական անձնակազմ»:

«Այսօր կհանդիպեն իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները»։

Հայերենում, այո՛, պետք է ուղղակիորեն հանդիպեն, օրինակ, աշխատողները, ղեկավարները, թիմերը, նախագահները, այլապես կարող է հարց առաջանալ, թե այդ ո՛ր երրորդ անձինք են հանդիպելու նրանց միջև․․․

Նույն տրամաբանությամբ՝ լինում է զրույց, առանձնազրույց, հեռախոսազրույց ոչ թե, օրինակ, նախագահների միջև, այլ նախագահների։ Ընդհարում ոչ թե խաղացողների միջև, այլ խաղացողների։ Բախում ոչ թե զորքերի միջև, այլ զորքերի։

Այսպես՝ այս ավելորդ միջև-ից պետք է հրաժարվել բոլոր այն դեպքերում, եթե միտքը կարելի է ձևակերպել առանց դրա, և նախադասության մեջ այն չունի որևէ դեր։

 

                               Գուրգեն Միքայելյան

 

 

Խաղա՞նք
https://www.langcom.am/%d5%ad%d5%a1%d5%b2-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-3/

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-14/

Այս տարի նշվում է «․հայ» դոմենային անունների տիրույթի ստեղծման 5-րդ տարեդարձը։

Այդ առիթով կազմակերպվել էր միջոցառում, որը նվիրված էր հայատառ «․հայ» տիրույթի խնդիրներին և զարգացման ուղիներին։
https://bit.ly/3d1qGwI

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

Ավելին
facebook