Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ուղղագրական մի կանոնի վերանայման առաջարկ

Դավիթ Գյուրջինյան

Արդի արևելահայերենի ուղղագրությունը 1922 թվականի, այնուհետև 1940-ի փոփոխությունից հետո1 տասնամյակների ընթացքում որոշակիորեն կանոնարկվել է. Հայաստանի կառավարությանն առընթեր Տերմինաբանական կոմիտեի (այնուհետև Հայերենի բարձրագույն խորհրդի) որոշումներ են ընդունվել, հրատարակվել են ուղղագրական ընդարձակ և համառոտ, ընդհանուր և մասնավոր, դպրոցական բառարաններ, տեղեկատուներ, իսկ դասագրքերում, ուսումնաօժանդակ ձեռնարկներում զետեղված դասերը և նյութերն ամրապնդել են գործող ուղղագրությունը: Մշակված ուղղագրական կանոնները պարտադիր են համարվել և կիրառվել գրեթե ամենուրեք:

Շատերին կարող է թվալ, թե հայոց լեզվի այս ոլորտում ամեն ինչ հստակ է, մեծ խնդիրներ ու անելիքներ չկան (ուղղագրական երկու համակարգերի` ավանդական և նոր, խնդրից զատ): Իրականում այդպես չէ:

Հայաստանում ներկայումս գործածվող ուղղագրության շրջանակում, բացի բաղադրյալ հատուկ անունների և տարատեսակ բաղադրությունների ու բառակապակցությունների գրության խնդիրներից2, ուղղագրության մի շարք լուծելի խնդիրներ ևս կան: Այս անգամ կանդրադառնանք մեկ մասնավոր դեպքի:

Խայտաբղետ և վիճահարույց է (հաճախ անգամ անտրամաբանական) ըստ հաստատված կանոնի սովորաբար յա երկհնչյունով գրվող անձնանունների ուղղագրությունը` Սոֆյա, Վիկտորյա, Օֆելյա, Ամալյա, Եպրաքսյա, Երմոնյա… Ավանդական ուղղագրությամբ այս կարգի անունները գրվել և այժմ էլ գրվում են իա-ով, ինչպես` Սոփիա/Սոֆիա, Վիկտորիա և այլն3: Սա հստակ է: Հիշենք Սուրբ Գրքի հեղինակների անուններից` Երեմիա, Սոփոնիա, Միքիա, Մաղաքիա, Նէեմիա, Աստվածաշնչում հիշատակված անձնանուններից (պատահաբար ընտրված մեկ գլխից միայն)` Ադոնիա, Ազանիա, Ազարիա, Անիա, Աքազիա, Մաազիա, Ովդիա, Սաբանիա, Սեբանիա, Սեդեկիա, Սարաբիա և այլն4: Դարերի ընթացքում հայոց մեջ արմատացան օտար ծագում ունեցող Անանիա-ն, Զաքարիա-ն, Եղիա-ն, Երեմիա-ն… Իսկ հետո` շատ դարեր անց, 20-րդ դարի առաջին կեսին, ուղղագրության փոփոխությունից հետո մեջտեղ եկան ռուսական Վանյա-ն, Վոլոդյա-ն, Ժենյա-ն և այլն:

Արևելահայերենում այժմ գործող կանոնը մշակվել է դեռևս տասնամյակներ առաջ և անցյալ դարի 50-ականներից սկսած` ամրակայվել հայերենի դպրոցական դասագրքերում: Տեսնենք, թե ի՛նչ է սահմանվել: Այսպես. «Իա երկհնչյունը5 շփոթվում է յա երկհնչյունի հետ, ուստի պետք է հիշել հետևյալ կանոնները: 1. Հայերեն կամ հայերեն դարձած բառերի արմատների մեջ իա երկհնչյունը գրվում է հեքիաթ, խավիար, դաստիարակ, Սուքիաս, Մարիամ, Անանիա, Զաքարիա, Երեմիա, Եղիա, Եղիազար, Ուստիան, Արփիար, Բունիաթ, կրիա, ծիածան, բամիա և փասիան բառերի մեջ: 4. Մարդկանց հատուկ անունների վերջում գրվում է յա: Օրինակ` Վոլոդյա, Մանյա, Լուսյա, Օֆելյա, Վիկտորյա, Ամալյա, Սոֆյա և այլն: Ծանոթություն: Հատուկ անունների շեշտված վերջնամաս իա-ն գրվում է իա: Օրինակ` Լի՛ա, Մարի՛ա»6:

Նույն մոտեցումը դրսևորվել է նաև այլ տեղերում: Այսպես, մի տեղեկատուում երկհնչյունների ուղղագրությանը նվիրված բաժնի «Իա երկձայնավորի ուղղագրությունը» ենթաբաժնում գրված է, որ «իյա կամ յա լսվելիս իա է գրվում» մի շարք դեպքերում, որոնցից են`«բ) մի շարք հատուկ անուններում. օրինակ` Անանիա, Արփիար, Բունիաթ, Եղիա, Եղիազար, Զաքարիա, Գողիաթ, Մարիամ, Ուստիան, գ) տեղանուններում. օրինակ`Ասիա, Արաբիա, Ավստրիա, Սոֆիա, Ֆրանսիա, դ) անձնանունների շեշտված վերջնամասում. Օրինակ` Լի՛ա, Մարի՛ա», և ապա` «Մնացած դեպքերում յա լսվելիս` գրվում է յա»7:

Կանոնարկելու փորձ է արվել. «Յա երկհնչյունը շփոթվում է իա երկձայնավորի հետ, ուստի պետք է հիշել յա գրվելու հետևյալ կանոնները. ա) անձնանունների վերջում գրվում է յա. օրինակ` Ամալյա, Ասյա, Գենյա, Դարյա, Զոյա, Ժենյա, Իլյա, Կոլյա, Մանյա, Նյուսյա, Սոֆյա, Սոնյա, Վանյա, Վոլոդյա, Տանյա, Օֆելյա, Ֆենյա: Ծան.: Տեղանուններում գրվում է իա` Ասիա, Սոֆիա»8: Ըստ այդմ էլ անձնանունները հիշյալ գրությամբ ժամանակին զետեղվել են դպրոցական ուղղագրական բառարանում9 և արմատացել:

Այս մոտեցումն ընդունվել է մասնագիտական շրջանակների կողմից, հանդիպում է ուսումնական և մեթոդական գրքերում` «Յա երկհնչյունով գրվում են նաև հատուկ անունները, եթե շեշտված չեն (Ասյա, Օֆելյա, Լյուսյա և այլն), իսկ եթե շեշտված են, գրվում են իա-ով (Լիա, Մարիամ10 և այլն)»11:

Պատահական չէ, որ այն հանդիպում է դպրոցական հաջորդ դասագրքերում: Այսպես. «Յա երկհնչյունը գրվում է իա տառերով. բ) մի շարք անձնանունների մեջ. Անանիա, Ազարիա, Բունիաթ, Եղիա, Եղիազար, Երեմիա, Զաքարիա, Մարիամ, Սուքիաս: Բոլոր մյուս դեպքերում յա երկհնչյունը գրվում է յա տառերով: Օրինակ` մետաղյա, մատյան, Արաքսյա, Օֆելյա, կյանք»12:

20-րդ դարի 50-ականներից այս մոտեցումը հասավ մինչև մեր օրերը, մեզ (բառիս բուն իմաստով), և մենք ևս այն ներկայացրինք դպրոցական դասագրքում, բավական հպանցիկ, որքան պահանջում է 5-րդ դասարանի դասընթացը: Այսպես. «Կանանց օտար անունները գրվում են յա-ով, ինչպես` Ամալյա, Օլյա, Եպրաքսյա: Բացառություն են, օրինակ, Մարիա, Լիա անունները, որոնցում ի-ն շեշտվում է: Մի քանի անուններ ունեն զուգահեռ ձևեր`

Աշխարհագրական անուն

Ասիա (աշխարհամաս)
Սոֆիա (Բուլղարիայի մայրաքաղաքը)
Վիկտորիա (ջրվեժ և լիճ)

Կնոջ անուն

Ասյա
Սոֆյա
Վիկտորյա13

Նույնիսկ այսպիսի առաջադրանք ենք տվել աշակերտներին. «Լրացրո՛ւ շարքերը համապատասխան երկհնչյուն ունեցող անձնանուններով: Տղամարդու անուն` Անանիա, … Կնոջ անուն` Օֆելյա, …»14: Բայց հենց մենք գոհ չենք սրանից: Սակայն դպրոցական դասագրքում ուղղագրական նորամուծության չէինք կարող դիմել. անթույլատրելի է: Այդ ժամանակից սկսած, երբ համոզվեցինք, որ կանոնն անկատար է ու հակասական, որոշեցինք հրապարակային դարձնել հարցը և որոշակի լուծման հասնել: Միաժամանակ պիտի արձանագրենք, որ այսօր էլ հիշյալ կանոնն ամրակայելու համար մանկավարժները և հետազոտողները որոշակի աշխատանք կատարում են:

Ուսումնաօժանդակ մի ձեռնարկում, օրինակ, դա կրկին արվում է տղամարդկանց և կանանց անունները հանդիպադրելու միջոցով. «Իա երկհնչյունի ուղղագրությունը» բաժնում, տրվում են հետևյալ անձնանունները` Երեմիա, Ազարիա, Զաքարիա և Լիլյա, Սոֆյա, Վիկտորյա15: Չնայած որ, ինչպես տեսանք, տղամարդկանց մի շարք օտար (սակայն արևելահայերի մեջ գործածվող) անուններ կան, որոնք յա-ով են վերջանում` Կոլյա, Վանյա, Վասյա, Վոլոդյա և այլն: Հիշյալ կանոնն աննշան փոփոխությամբ, մասնավորապես ռուսերենի հետ կապելով, ներկայացվում է հայոց լեզվի համալսարանական դասագրքում. «Օտարազգի ia (ռուս. ия, я) անշեշտ վերջավորությամբ անձնանուններում տառադարձվում է յա. Ասյա, Վոլոդյա, Ամալյա, Օֆելյա. Տեղանուններում` իա. Ասիա, Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա: Շեշտակիր ия-ն անձնանուններում տառադարձվում է իա. Լիա, Մարիա»16:

Տասնամյակներով ամրակայված մոտեցմամբ, առավելաբար դպրոցական ուսուցման մեջ հայտնի ձևով կանոնը ներկայացվում է նաև բուհական մի ձեռնարկի «Երկհնչյունների ուղղագրությունը» վերնագրի ներքո. «[ՅԱ] արտասանվում, բայց ԻԱ է գրվում հետևյալ դեպքերում. Անձնանուններ – Անանիա, Ազարիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, Զաքարիա… Տեղանուններ – Ասիա, Անգլիա, Ավստրալիա, Սոֆիա (քաղաք), Վիկտորիա (ջրվեժ) և այլն: Այլ դեպքերում [ՅԱ] լսելիս գրվում է ՅԱ: Բառավերջում` …, կանանց բոլոր օտար անուններում` Օֆելյա, Մարուսյա, Վիկտորյա, Արաքսյա17 և այլն, բացառությամբ Լիա և Մարիա անունների, որոնցում շեշտվում է ի-ն»18:

Առհասարակ հարկ է նշել, որ իրականում բացառություններն այս երկուսը չեն: Հիշենք սփյուռքահայ հայտնի բանաստեղծուհու անունը` Ալիսիա Կիրակոսյան: Այդպես էլ` Վիա (լատիշ դերասանուհի Վիա Արտմանե), պորտուգալական Բիա, իսպանական Ֆիդելիա, իտալական Ֆաբրիցիա, Գրացիա, եվրոպական Միա, Մարսիա, ուզբեկական Զուլֆիա և այլն: Կարելի է հսկայական մի ցանկ ներկայացնել: Այս հարցին, անշուշտ, կարող էին անդրադառնալ բուհական վերոհիշյալ դասագրքերը` ընդլայնելով անձնանունների շրջանակը և բացահայտելով կանոնի մեջ առկա հակասությունները: Ուսումնական նպատակներ հետապնդող գրքերում հեղինակները պարտավոր էին անդրադառնալ անձնանուններում իա/յա-ի ուղղագրությանը` միաժամանակ ներկայացնելով ընդունված կանոնը: Այստեղ, բացառությամբ բուհական դասագրքերի, հեղինակները չէին կարող իրենց անձնական կարծիքը ներկայացնել կամ սովորողներին ցույց տալ կանոնի խոցելի կետերը: Այդպիսի մոտեցում դպրոցական ուսուցման մեջ մեթոդապես հնարավոր չէ դրսևորել: Խնդիրներ են առաջանում, սակայն, ուղղագրական բառարաններ և անձնանունների ցանկեր պատրաստողների համար:

Դպրոցական ուղղագրական բառարաններից մեկը, օրինակ, հետևելով գործող կանոնին, բառացանկի մեջ զետեղել է Ամալյա, Երմոնյա, Լիլյա, Մելանյա, Օֆելյա և բազմաթիվ այլ անուններ, սակայն եզակի դեպքերում ներկայացրել է զույգ ձևեր, ինչպես` Վիկտորյա // Վիկտորիա` իբրև միևնույն անվան զուգագրություն, և իա / յա-ով տարբերվող անուններ, ինչպես` Սոֆիա և Սոֆյա, նաև Ալիսիա19: Դպրոցական մեկ ուրիշ բառարանում ունենք Եվգենյա, Երմոնյա, Էմիլյա, Ժենյա, Լիլյա, Լյուսյա, Մանյա, Մելանյա, Նատալյա, Սոֆյա, Վիկտորյա, Քսենյա, Օֆելյա, Ֆենյա, բայց և Ալիսիա, Լիգիա, նաև Սոֆիա Ռոտարու, Ջուլիա Ռոբերթս20: Վերոբերյալ փաստերը հստակորեն ցույց են տալիս, որ գործող կանոնն այլևս լիարժեք չի ծառայում հայերեն գրողներին և «ճաքեր է տալիս»: Ուշագրավ է, որ լեզվաբաններից ոմանք, թերևս զգալով կանոնի հակասականությունը, իրենց աշխատանքներում խուսափել են յա-ով վերջացող անձնանունները, ինչպես նաև Սոֆիա – Սոֆյա կարգի հակադրությունները ներկայացնելուց21:

Ուղղագրական այս կանոնում իսկապես կան մի շարք հակասություններ:

1. Կանոնն ասում է, թե արտասանվում է յա, գրվում է յա, սակայն մի շարք դեպքերում տարբերակում ենք` աշխարհագրական անունները` -իա-ով, անձնանունները` յա-ով, այնինչ բացարձակաբար հնչյունական միևնույն ձևավորումն ունեցող անունների հետ գործ ունենք: Օրինակ` Սոֆիա – Բուլղարիայի մայրաքաղաքը և Սոֆյա – կնոջ անուն: Բայց հայտնի երգչուհու անունը զանգվածային լրատվության միջոցներում և այլուր հանդիպում է գերազանցապես իա-ով` Սոֆիա Ռոտարու:

2. Որևէ անձի անունով կոչում են տեղավայրեր: Տեղանունը գրում ենք իա-ով, անձնանունը` յա-ով: Այսպես. Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհու անունով են կոչվել Վիկտորիա ջրվեժը Զամբեզի գետի վրա, Վիկտորիալիճը Արևելյան Աֆրիկայում: Այդպես էլ կան Վիկտորիա կղզի Կանադական արկտիկական արշիպելագում, նահանգ Ավստրալիայի հարավ-արևելքում, Սեյշելյան Կղզիներ պետության մայրաքաղաքը, քաղաք Կանադայում, Վիկտորիա Նեղոս, որ Նեղոս գետի անվանումն է Ուգանդայում, Վիկտորիայի երկիր տարածքը Անտարկտիդայում22 և այլն: Ի՞նչ է ստացվում. թագուհու անունը պիտի գրենք յա-ով, իսկ աշխարհագրական անունները, որոնք շատ դեպքերում անվանակոչվել են հենց նույն այդ միապետի անունով` իա-ով: Զվարճալի է, որ մյուս կողմից հայուհիների պարագայում հետևողականորենգրում ենք յա` Վիկտորյա:

3. Հակադարձության օրենքով սկսել են վիճարկել աշխարհահռչակ Սուրբ Սոֆիայի տաճար բաղադրյալ հատուկ անվան ուղղագրությունը, որ անխախտ գրությամբ` իա-ով, հասել է մեր օրերը: Առաջարկում են, ապա ուսումնական նյութերում, ինչպես նաև դպրոցի ավարտական և համալսարանական քննական հարցաթերթերում զետեղում Սուրբ Սոֆյայի տաճար ձևը, իբր կնոջ անունից է առաջ եկել23:

4. Անձնանուններում յա-ի ներմուծումն արվել է հիմնականում ռուսական անձնանունները տառադարձելու թելադրանքով: Այնինչ այլ ազգերի շատ ու շատ անուններ (իտալական, իսպանական, հոլանդական, ամերիկյան և այլն), որոնք հար և նման են մեզանում յա-ով ամրակայվածներին, այսօր թարգմանական գեղարվեստական ստեղծագործություններում, մամուլում և այլուր գրվում են իա-ով: Այսպես, Ալեքսիա, Սեսիլիա, Ֆաբրիցիա, Լաուրենսիա, Մարիսիա, Ջունիա, Սասկիա, Սիլվիա, Տալիա և այլն:

5. Խորացել է զուգաձևությունը: Որոնողական համակարգով համացանցում փնտրենք գերմանացի հայտնի կինոդերասանուհուն. նրա անունը հանդիպում է թե՛ յա-ով, թե՛ իա-ով` Նաստասյա ԿինսկիՆաստասիա Կինսկի: Փաստորեն այնտեղ, որտեղ հենց յա պիտի գրվեր (գերմ. Nastassja Kinski), հանդես է գալիս նաև իա-ն: Սա լրացուցիչ հոգս է հայերեն գրողների համար:

Հստակ է, որ բազմաթիվ անուններ` Անաստասիա, Ստեֆանիա, Լուկրեցիա, Օլիվիա, Կլաուդիա, Եսենիա, այսպես ասած «չեն տեղավորվում» մշակված կաղապարի մեջ: Բայց սրանցից վարպետորեն խուսափում ենք ուսումնական գրքերում, իսկ զանազան տեղերում, այդ թվում գեղարվեստական հայտնի ստեղծագործություններում (Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքի սինյորա Ստեֆանիա-ն) նրանք սովորաբար գրվում են իա-ով` առաջացնելով արդարացի տարակուսանք:

Ի՞նչ է պարզվում. կանոնը գրվում է հայերենի դասագրքերում, նրան «սրբորեն» հետևում են անձնագրային բաժիններում24, որտեղից էլ այն իր ազդեցությունն է ունենում այլ կարգի փաստաթղթերի վրա: Սակայն մենք ականատես ենք, թե ինչպես շատ ու շատ դեպքերում այդ նույն կանոնն անտեսվում է (կամ շրջանցվում) անկատարության պատճառով: Դրանք գեղարվեստական և գիտական գրքեր են, ֆիլմերի վերնագրեր, մամուլի հրապարակումներ և այլն: Հայերեն ամենահեղինակավոր հրատարակություններից մեկում` «Հայկական սովետական հանրագիտարանում», օրինակ, Մեծ Բրիտանիայի թագուհու անունը իրավացիորեն գրված է իա-ով` Վիկտորիա (պարզից էլ պարզ է, որ իա/յա-ի ուղղագրությունը հանրագիտարանի հեղինակներին և խմբագիրներին քաջ ծանոթ էր):

Բանադարձելով ավետարանական հայտնի խոսքը` հայտարարում ենք. կանոնը պիտի ծառայի մարդկանց և ոչ թե մարդիկ` կանոնին:

Ելնելով վերոշարադրյալից` եզրակացնում ենք, որ հասունացել է անձնանունների վերջում յա երկհնչյունի գրության կանոնը փոխելու կամ այն ավելի ճկուն դարձնելու անհրաժեշտությունը: Ուստի առաջարկում ենք` օտար ծագմամբ անձնանվան (անկախ նրանից` տղամարդու անուն է, թե կնոջ) վերջում իա կամ իյա25 արտասանելիս կամ լսելիս գրել իա: Բացառություն են`ա) Հայերեն յա վերջածանցով կազմված հատուկ անունները, ինչպես` Հրաչյա, Մետաքսյա, Արաքսյա26: բ) Այլալեզու առանձին անունների հարցում կգործեն տառադարձման ընդունված կանոնները` ռուսերեն այն անձնանունները, որոնք վերջանում ья-ով և ունեն ия-ով հակադրությունը, ինչպես` Мария – Марья, հայերենում կդառնան Մարիա – Մարյա:

Այսպիսով: Ի՞նչ ենք շահում ուղղագրական այս փոփոխությունից:

1. Հիմնականում վերանում է այս կարգի անձնանուններում տիրող խառնաշփոթը, իա-յա-ի գրության հարցում որոշակի միօրինակություն և հստակություն է մտնում:

2. Վերանում է կանանց և տղամարդկանց անունների գրության չպատճառաբանված և արհեստական տարբերակումը:

3. Միասնական է դառնում նույնանուն անձնանունների և տեղանունների գրությունը:

4. Կանոնն այսպես հաստատելու դեպքում անձնանունների այս շրջանակում վերականգնվում է կապը ավանդական ուղղագրության հետ:

5. Թեկուզ սահմանափակ, բայց մերձեցման քայլ է կատարվում արդի հայերենի գրական երկու տարբերակների ուղղագրական համակարգերի միջև:

6. Մեթոդապես դյուրանում է այս կարգի անձնանունների և տեղանունների ուղղագրության ուսուցումը:

7. Կազատվենք հոգեբանական այն մտացածին բարդույթից, թե հայերենում անհստակ շատ բան կա, դժվար է կողմնորոշվել և այլն:

Ի՞նչ դժվարություններ կառաջանան:

1. Կանոնի փոփոխության դեպքում միառժամանակ կառաջանա զուգագրություն, որը որոշ անհարմարություն կստեղծի, սակայն դա հաղթահարելի է:

2. Անձնագրային և այլ փաստաթղթային տարբերություններ ի հայտ կգան, ժամանակի ընթացքում դա ևս կկարգավորվի:

3. Ոմանք (այդ թվում` միասնական գրության ենթակա անուններ ունեցողները) հոգեբանական անհարմարավետություն կզգան:

Ի՞նչ անելիքներ կան:

1. Հարկավոր է մշակել տարբեր լեզուների (նաև նրանց անձնանունների) հայերեն տառադարձման կանոններ, պատրաստել և հրատարակել օտար անձնանունների և նրանց հայերեն համարժեքների ցանկեր:

2. Հարկ կլինի թարմացնել հատուկ անունների բառարանները, բառացանկերը և տեղեկատուները, ճշտումներ մտցնել այնտեղ, վերանայել այս անուններին առնչվող ուսումնական նյութը:

Ե՞րբ և ինչի՞ց սկսել:

Ուղղագրական այս կանոնի ճշգրտումը չպետք է հետաձգել: Կարելի է մասնագիտական քննարկում ծավալել (այս հրապարակումը կարող է համարվել առաջին քայլն այդ ուղղությամբ), այնուհետև ընդհանուր հայտարարի գալով` վճռականություն դրսևորել և փոփոխել արդեն հնացած և անկատար կանոնը:


Ծանոթագրություններ

1 Այս պահին մեր խնդիրը չէ ուղղագրության այդ արմատական փոփոխությանը գնահատական տալը:
2 Առ այսօր վիճահարույց են հատկապես բաղադրյալ հատուկ անունների այս կամ այն բաղադրիչը մեծատառ կամ փոքրատառ գրելու, ինչպես նաև տարատեսակ բաղադրյալ բառերի և բառակապակցությունների բաղադրիչները միասին, անջատ կամ գծիկով գրելու մի շարք դեպքեր: Սրանց ուղղագրությանը, որոշ դեպքերում նաև կանոնարկելուն և գրության միասնականություն հաստատելուն են նվիրված մեր կազմած բառարան-տեղեկատուները`«Հայերեն բառարան-տեղեկատու. միասին, անջատ կամ գծիկով գրվող բառեր» (6-րդ հրատ., Ե., 2008), «Մեծատա±ռ, թե± փոքրատառ. Հայերեն բառարան-տեղեկատու» (4-րդ, լրամշակված հրատ., Ե., 2007):
3 Հ. Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, հհ. 1-4, Ե., 1942-1962:
4 Նէեմ., Ժ 1-27 /Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր Կտակարանաց, Ե., 1997:
5 Կամ երկձայնավորը: Եզրույթի հարցն այստեղ չենք շոշափում:
6 Ա. Ղարիբյան, Հայոց լեզվի դասագիրք V-VII դասարանների համար, Ե., 1965, էջ 74-75:
7 Ա. Ղարիբյան, Գ. Պարիս, Հայոց լեզվի քերականության, ուղղագրության և կետադրության ուղեցույց, Ե., 1957, էջ 9:
8 Ա. Ղարիբյան, Գ. Պարիս, նշվ. աշխ., էջ 11:
9 Ա. Ղարիբյան, Գ. Պարիս, Դպրոցական ուղղագրական բառարան, Երկրորդ վերամշակված հրատ., Ե., 1959:
10 Սխալմունք է. պիտի լիներ Մարիա:
11 Տ. Շահբազյան, Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, Ե., 1958, էջ 325:
12 Է. Աղայան, Հ. Բարսեղյան, Հայոց լեզու, դասագիրք 4-րդ դասարանի համար, Ե., 1981, էջ 90:
13 Դ. Գյուրջինյան, Թ. Ալեքսանյան, Ա. Գալստյան, Մայրենի 5, Ե., 2006, էջ 51:
14 Նշված դասագիրքը, էջ 52:
15 Գ. Մկրտչյան, Ուղղագրական ժամանց, Ե., 2007, էջ 39:
16 Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Ե., 1982, էջ 98:
17 Սխալմունք է, քանի որ այս անձնանունը զուտ հայկական կազմություն է:
18 Ֆ. Խլղաթյան, ժամանակակից հայոց լեզու, մաս Ա, Ե., 2009, էջ 88:
19 Ռ. Նազարյան, Ա. Գյոդակյան, Հայերեն ուղղագրական դպրոցական բառարան (խմբագիր` Դ. Գյուրջինյան), Ե., 2004:
20 Ա. Գալստյան, Հատուկ անունների բառարան-տեղեկատու (տարրական դպրոցի աշակերտների համար) (խմբագիր` Դ. Գյուրջինյան), Ե., 2010, էջք 14-17, 58, 62:
21 Տե՛ս, օրինակ, «Երկհնչյունների ուղղագրությունը» /Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., 1987, էջ 204-205:
22 Հայկական սովետական հանրագիտարան, հ. 11, Ե., 1985, էջ 446-447, Հ. Գրգեարյան, Ն. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, Ե., 1989, էջ 356-357: Ի դեպ, ինչպես հանրագիտարանում, այնպես էլ աշխարհագրական բառարանում բրիտանական թագուհու անունը գրված է իա-ով:
23 Տաճարի անվանը հետագայում առանձին կանդրադառնանք: Պատմագիտական, արվեստաբանական և հանրագիտական հայերեն բոլոր գրքերում, ինչպես նաև մամուլում, տաճարի անունն առավելապես իա-ով է: Ի դեպ, մեր կազմած «Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ. հայերեն բառարան-տեղեկատու»-ի առաջին հրատարակության մեջ (Ե., 2001, էջ 127) նշել ենք միայն Սուրբ Սոֆիայի տաճար գրությունը, սակայն ուսումնական գրականության մեջ հայտնված յա-ով ձևերի պարտադրանքով բառարանտեղեկատուի հաջորդ հրատարակություններում ավելացրել ենք նաև այդ տարբերակը` իբրև երկրորդ ձև, զուգագրություն: Սակայն ուսուցիչների հետ հանդիպումների ժամանակ մշտապես խոսել ենք այդ մասին` բացատրելով, որ դա ընդունելի չէ, հատկապես որ տաճարի անունն անձի հետ չի կապվում: Այսօր Սուրբ Սոֆիայի տաճարի անունը յա-ով գրելուն վճռական կողմնակից են միայն լեզվի մասնագետներից ոմանք (այն էլ անկատար կանոնի թելադրանքով):
24 Թեպետ այստեղ էլ հետևողական չեն, քանի որ կան, օրինակ, բազմաթիվ Լիլյաներ և Լիլիաներ: Մի ուսանողուհի հատուկ զգուշացնում էր, որ իր անունն անձնագրով Վիկտորիա է:
25 Պիտի ասել, որ «մաքուր» յա հազվադեպ է հնչում:
26 Արևմտահայերենն այս հարցում խնդիր ունի, թեև այդ մասին ոչ ոք չի բարձրաձայնում: Ավանդական ուղղագրությամբ գրվում է Հրաչեայ, սակայն Մետաքսիա և Արաքսիա (այս վերջինները փաստորեն օտար անունների նման ավանդույթի ուժով իա-ով են գրվում, թեպետ հստակ է, որ հայերեն կազմություններ են): Հետաքրքրական է, որ ածականի արժեքով գործածվելիս բառը կրկին գրվում է եայ-ով, օրինակ` մետաքսեայ թաշկինակ:

Հոդվածը տպագրվել է  «Հայոց լեզու և գրականություն» հանդեսում (2016, թիվ 5 (112))։ 

Նմանատիպ նյութեր
Բանալի բառեր. լեզվաքաղաքականություն,լեզվական քաղաքականություն, լեզվական շինարարություն, լեզվաշինության, լեզվականպլանավորում, պետական լեզու, հանրալեզվաբանություն, բազմալեզվություն, երկլեզվություն, «Լեզվի մասին»
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հոկտեմբերի 23-ին Բուխարեստում մասնակցել է «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ Հայաստանը անկախ հռչակվեց հայ ժողովրդի համար պատմական ծանրագույն պայմաններում. Օսմանյան կայսրության  իրականացրած ցեղասպանության

Հարգելի՛ քաղաքացիներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում խնդրում ենք լեզվական տարատեսակ պարզաբանումներին առնչվող նամակները, դիմումները առաջիկա օրերին Լեզվի կոմիտեին փոխանցել կապի հետևյալ միջոցներով․

📧 contact@langcom.am
☎️ 010 266879, ներքին՝ 1 կամ 2

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

Ավելին