Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ուշադրություն, երեխաներ են․․․

Երբ ստեղծվեց հեռուստացույցը, դեռահասների խնդիրներով մտահոգ մարդիկ  ահաբեկված հայտարարեցին, թե գալիս է էկրանի նման քառակուսի գլուխների ժամանակաշրջանը: Բայց հեռուստացույցը, ժամանցի անթերի միջոց չլինելով հանդերձ, եղել ու մնում է կրթվելու, զարգանալու, տաղանդների բացահայտման ու առաջընթացի հնարավորություն: Որակյալ հաղորդման համար մաքուր պատկերից առավել կարևոր է մաքուր խոսքը: Չէ՞ որ հեռուստադիտողը, հատկապես եթե դեռահաս է, եթերի խոսքն ընկալում է որպես օրինակելի:

«Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» հաղորդաշարի հյուրերի  տաղանդով հիանալուն զուգահեռ հետևենք հաղորդաշարի լեզվին: Այն վարում է դերասան Հրանտ Թոխատյանը: Առաջինը, որ կնկատենք՝ նա խոսում է ա «օժանդակ բայով»: Դա գուցե մտերմիկ մթնոլորտ է ստեղծում, բայց կարելի է առիթը օգտագործել ու երեխաների ականջը սովորեցնել գրական խոսքին: Խոսակցականը նրանք այսպես թե այնպես լսում են: Հաղորդավարի խոսքը լեցուն է  լեզվական սխալներով: Դրանց մեծ մասը օտարաբանություններ են՝ ռուսերենից ոչ թե թարգմանված, այլ ուղղակի պատճենված լեզվական կառույցներ, որոնք «նրբորեն» խաթարում են ունկնդրի մտածողությունը: Ահա դրանցից մի քանիսը.

«Միքայել, հայրիկիդ անունն ինչպե՞ս է»,-հարցնում է հաղորդավարը: Չորս տարեկան Միքայելը տալիս է տրամաբանական պատասխան. «Լավ է»: Հաղորդավարը, որպեսզի ընդգծի երեխայի՝ իբրև թե ծիծաղելի պատասխանը, հարցնում է. «Մամայինն էլ ա՞ լավ»: «Հա»,- վստահ պատասխանում է Միքայելը: Եթե երեխան հարցը  լսեր գրագետ ձևակերպմամբ՝ «Միքայել, հայրիկիդ անունն ի՞նչ է», բնականաբար կասեր իր հոր անունը, այլ ո՛չ «անվան որպիսությունը»: 

«Մենք գալիս ենք էստեղ մեր կարողություններով կիսվելու: Դու քո ո՞ր կարողությունով ես մեզ հետ կիսվելու»: Երեխաները գալիս են հեռուստատեսություն՝ ներկայացնելու իրենց այս կամ այն կարողությունը, ընդունակությունը: Մեկը պարում է, մյուսը զարմացնում է իր բացառիկ հիշողությամբ: Նրանք չեն կիսվում պարով կամ հիշողությամբ: Պետք էր ասել՝ «Մենք գալիս ենք այստեղ մեր կարողությունները ներկայացնելու: Դու քո ո՞ր կարողությունը մեզ կներկայացնես»:

«Ինչո՞ւմն ա նրանց կարևորությունը»,- Թոխատյանը մասնակից երեխային հարցնում է քիմիական տարրերի մասին: Այս ինչում-ը ռուսերեն в чем-ի պատճենումն է: Հայերենում այս հարցը ճիշտ կհնչեր այսպես՝ «Ո՞րն է նրանց կարևորությունը» կամ «Ի՞նչ նշանակություն ունեն նրանք»: Հաղորդաշարում в чем-ով սխալները բազմաթիվ են:

«Ուզում եմ, որպեսզի էս հեքիաթները միշտ լինեն քեզ հետ»: Այստեղ «որպեսզի» շաղկապը գործածված է «որ» շաղկապի փոխարեն՝ ռուսերեն чтобы-ի նմանողությամբ: Սա տարածված լեզվական սխալ է և հաղորդաշարում ամենից հաճախ կրկնվող օտարաբանությունը՝ «Կխնդրեմ, որպեսզի բերեն նվերները քեզ համար», «Ուզում էի առաջարկել, որպեսզի միասին մի խաղ խաղանք», «Կխնդրեմ, որպեսզի բերեն պատվոգրերը» և այլն:

Ռուսերեն у меня-ի պատճենումը նույնպես հաղորդավարի «սիրած» սխալներից է: «Ինձ մոտ մանկության երազանքներից մի քանիսը կատարվել են»: Ճիշտ կլիներ՝ «Իմ մանկության երազանքներից մի քանիսը կատարվել են»: «Չգիտեմ՝ իմ մո՞տ էր տենց տպավորություն»: Այստեղ սխալ է նաև «այդպիսի» դերանվան գրական ձևի կամ խոսակցական էդպիսի-ի փոխարեն տենց-ը գործածելը: Ճիշտ է՝ «Չգիտեմ՝ ե՞ս ունեցա այդպիսի (էդպիսի) տպավորություն»: Կամ՝ «Չգիտեմ՝ ի՞նձ թվաց»: Այս շարքը նույնպես կարելի է անվերջ շարունակել:

«Մեր հյուրը ութ տարեկան ա, բայց շատ հավաքված մարդ ա»: Կազմակերպված մարդուն ռուսներն ասում են собранный человек: Հաղորդավարն այս արտահայտությունը ռուսերենից «տեղափոխել է» հայերեն: Ճիշտ է՝ «Մեր հյուրը ութ տարեկան է, բայց շատ կազմակերպված մարդ է»:

Երեխան հայերեն խոսքում ջութակի աղեղին ասում է смычок: Հաղորդավարը նրան ուղղելու փոխարեն աղեղը ցույց է տալիս հանդիսատեսին ու ասում՝ «Ահա, սմիչոկ»:

«Ինչպե՞ս են քո ընկերները վերաբերվում քո ընտրությանը դեպի դասական երաժշտությունը»: Հայերենում ընտրությունը չի լինում դեպի ինչ-որ բանը: Սա օտար լեզվամտածողությամբ կազմված նախադասություն է: Ճիշտ կլիներ, օրինակ՝ «Ընկերներիդ դո՞ւր է գալիս, որ դասական երաժշտությունն ես ընտրել»:

Հետևե՛ք ու կլսեք բազում այլ տեսակի լեզվական սխալներ:  

«Չե՞ս կարծում, որ զբաղվելով դասական երաժշտությամբ, վաղը-մյուս օրը դա կարող ա խանգարի քո ընտանիքին»: Սխալ ձևակերպված միտք է (երեխային այդ տարօրինակ մտահոգությամբ դիմելը թողնենք մի կողմ): «Չե՞ս կարծում, որ դասական երաժշտությամբ  զբաղվելը վաղը-մյուս օրը կարող է խանգարել քո ընտանիքին»: Այ սա հայերեն նախադասություն է:

 «Արամե ջան, ժամանակդ շատ զբաղված ա»: Մարդու ժամանա՛կը չի լինում զբաղված, այլ մարդն ի՛նքը: Պետք էր ասել. «Արամե ջան, շատ զբաղված ես»: Կամ՝ «Արամե ջան, ժամանակ չունես»:

«Թե՞ անպայման չի, որ հայ տղա լինի»: Սխալ է ասել՝ անպայման է, անպայման չէ:

Ճիշտ է՝  «Թե՞ պարտադիր չի (չէ), որ հայ տղա լինի»:

«Մի մարդ, որը որ մարզիկ ա ու մի մարդ, որը որ հռչակվեց չեմպիոն»: Այս «որը որ» արտահայտությունը տարածված սխալ է: Ոչ թե «որը որ», այլ պարզապես «որը»՝ «Մի մարդ, որը մարզիկ է ու մի մարդ, որը հռչակվեց չեմպիոն»:  

Սրանք «Մեծ փոքրիկներ» հաղորդաշարից դուրս գրված բազում լեզվական  սխալներից մի քանիսն են: Ինչպես տեսնում ենք՝ մեծ մասը ռուսերենից պատճենումներ են: Օտար մտածողությամբ ու տարատեսակ այլ սխալներով հագեցած խոսք ունեցող հեռուստանախագիծը, որքան էլ կրթելու, զարգացնելու, տաղանդների բացահայտման ու առաջընթացի միտում ունենա, չի կարող հանձնարարելի լինել:   

Երազիկ Գրիգորյան

Նյութը հրապարակվել է Armdaily.am կայքում։