Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Չ ածանցը և վտանգված բայերի իննյակը

Դավիթ Գյուրջինյան

Ժամանակակից հայերենում Չ ածանց ունեցող բայերը շատ քիչ են, գրեթե բոլորն էլ՝ «խնդրահարույց»։ Մարդիկ երբեմն սխալ են ասում մեկի հենց ելակետային ձևը, մյուսի՝ անցյալ կատարյալը, երրորդի՝ հրամայականը… Դժվար ժամանակներ են ապրում Չ ածանցով բայերը։

Ներկայացվող պարզաբանումները կօգնեն փոքր-ինչ թեթևացնելու այս բայախմբի հոգսը։

  1. ԹՌՉԵԼ

Բանավոր խոսքում հաճախ ասում են «թռնել»։ Թերևս ավելի շատ են ասում, քան ճիշտ ԹՌՉԵԼ-ը։ Այդ «թռնել»-ը երբեմն նշմարվում է անգամ դասականների ստեղծագործություններում։ Բայց չմոռանանք, որ ԹՌՉԵԼ-ի դիրքերն այնքան էլ խախուտ չեն. ԹՌՉՈՒՆ բառի Չ-ն հենց ԹՌՉԵԼ բայով է պատճառաբանվում՝ «թռչող»)։

Անցյալ կատարյալը կազմելիս Չ-ն օրինաչափորեն ընկնում է՝ ԹՌԱ, ԹՌԱՐ, ԹՌԱՎ։ Ոմանք, սակայն, սրանց փոխարեն ասում ու գրում են «թռչեցի, թռչեցիր, թռչեց…»՝ կարծելով, թե գրական ձևերը դրանք են։

Հայերենի դասերին ուսուցիչները զավեշտով զուգահեռներ են անցկացնում նմանահունչ ԹՐՋԵԼ «թացացնել» բայի ԹՐՋԵՑԻ, ԹՐՋԵՑԻՐ, ԹՐՋԵՑ ճիշտ ձևերի հետ՝ փորձելով սովորողներին հեռու պահել ԹՌՉԵԼ բայի հիշատակված սխալից։

  1. ՓԱԽՉԵԼ

Նույն պատմությունն է։ Բանավոր խոսքում սխալմամբ ասում են «փախնել»։ Ըստ աշակերտների՝ իրենք դասից փախնում են, ըստ ուսուցիչների (և լեզվի կանոնի)՝ նրանք դասից փախչում են։ Կրկին սխալվում են, երբ ասում են «փախչեցի, փախչեց…»։ Բնական և կանոնական են՝ ՓԱԽԱ, ՓԱԽԱՐ, ՓԱԽԱՎ, ՓԱԽԱՆՔ, ՓԱԽԱՔ, ՓԱԽԱՆ։

  1. ԴԻՊՉԵԼ

Չ-ն ըստ կանոնի պահպանվում է ներկայում՝ ԴԻՊՉՈՒՄ Է, անցյալում ընկնում է՝ ԴԻՊԵԼ Է, ԴԻՊԱՎ… Սխալ են «դիպչել է, չէր դիպչել, դիպչեց…»։ Դրանք այնքան են արմատացել, որ ոմանց ականջին ճիշտ ձևերն են անսովոր հնչում։

  1. ԿՊՉԵԼ

Բանավոր խոսքում տարածված է «կպնել» ձևը, որից էլ՝ «կպնում է» (փոխանակ ԿՊՉՈՒՄ Է)։ Եթե ԿՊՉԵԼ-ը «խաղից դուրս է հայտարարվում», ապա հարց է ծագում՝ ԿՊՉՈՒՆ, ԿՊՉԱՆ բառերի Չ-ն որտեղի՞ց է։

  1. ԿՈՐՉԵԼ

Այս բայն էլ առանց Չ-ի են գործածում՝ «կորել», սրանից էլ՝ «կորում է» (փոխանակ ԿՈՐՉՈՒՄ Է)։ Իսկ ԿՈՐԱՎ կանոնական ձևի փոխարեն ասում են «կորչեց» կամ «կորեց», որ լավ չէ։

Ոմանք հիմա կարող են ասել. «Հա, ի՞նչ կա որ…»։ Պատասխանում եմ. խախտվում է համակարգայնությունը։ Եթե հաշտվենք այդ Չ-ի կորստին, ինչպե՞ս կասենք «Կորչի խավարը»։

  1. ՀԱՆԳՉԵԼ

Բազմիմաստ բայ է, նշանակում է «հանգստանալ», «մարել, այլևս չվառվել», փոխաբերաբար՝ «մարել, խավարել», «մեռնել, վերջին հանգիստը գտնել»։ Կանոնի համաձայն կազմվում են հանգա, հանգավ ձևերը։ Օրինաչափ հրամայականը՝ ՀԱՆԳԻ՛Ր (հմմտ. փախի՛ր, թռի՛ր, կպի՛ր), բայց համատարած ասում և գրում են «հանգչի՛ր խաղաղությամբ»։

Չմոռանանք, որ մի խնդիր էլ կա. երբ ասում են «հանգել, հանգում է», բայը ձևականորեն նույնանում է ՀԱՆԳԵԼ «եզրակացության գալ, հետևության հասնել» բայի հետ։

  1.  ՀԱԼՉԵԼ

Տարածվել են այս բայի Վ-ով ձևերը՝ ՀԱԼՎԵԼ, ՀԱԼՎՈՒՄ Է և այլն, որոնք ընդունելի են գրական լեզվում, թեպետ գրական լեզվի սիրահարները սիրում են ՀԱԼՉԵԼ տարբերակը (Սարերի ձյունը ՀԱԼՉՈՒՄ Է)։ Բայց … «նրա գնացքը գնացել է»։

  1. ՍԱՌՉԵԼ

Կարելի է ասել, որ այս բայի Չ-ն այժմ ուղղակի ընկել է, ուստի ճիշտ են ՍԱՌԵԼ, ՍԱՌԵՑԻ, ՍԱՌԵՑԻՆՔ ձևերը։ Սառա, սառար, սառավ և մյուս ձևերն ընկալվում են որպես խոսակցական, նույնիսկ բարբառային։

  1. ՈՒՌՉԵԼ

Սրա հետ մրցակցում է խոսակցական ՈՒՌԵԼ-ը, որից կազմված ուռում է, ուռեցի և համանման ձևերն ընդունելի են գրական լեզվի համար։ Ավելին. ուռա, ուռար,  ուռավ … ձևերը, որոնք կանոնի համաձայն են կազմվում (հմմտ. փախա, փախար, փախավ, թռա, թռար, թռավ…) ընկալվում են որպես խոսակցական կամ էլ բարբառային։

Մենք խոսեցինք Չ-ով բայերի այսօրվա՛ մասին։ Թե ինչ կլինի ապագայում, դժվար է ասել։

Հայախոս քանի՞ մարդ է հիշում, որ ժամանակին ունեցել ենք ԹԱՔՉԵԼ, ՓԼՉԵԼ, որոնց փոխարինեցին ԹԱՔՆՎԵԼ և ՓԼՎԵԼ բայերը։

«Art 365» մշակութային, ճանաչողական, լրատվական  կայք

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook