Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Պատերազմ» հայերենի համար

«Նախ` լեզուն, ապա զինվորականներն են պահում հայրենիքը».– սա մեջբերում է թշնամի ղեկավարի խոսքից։

Թշնամին՝ թշնամի, բայց լեզվի դերի, նրա նշանակության որքա՜ն ճիշտ գիտակցում։

Աշխարհում դեռևս հնագույն ժամանակներից ընթացող պատերազմները միշտ էլ ուղեկցվել են «լեզվական պատերազմներով»։ Խելամիտ անհատները, ղեկավարները միշտ են հասկացել, որ լեզուն սոսկ հաղորդակցության միջոց չէ։ Դա, ինչպես ասում են, դեռ էն գլխից իմացել են նաև մեր մեծերը և ամեն գնով պահել հայ լեզուն ու մշակույթը։ Սա հայտնի իրողություն է, բայց այսօր ես կխոսեմ ոչ թե այս հարցերի մասին, այլ կանդրադառնամ «պատերազմներին»։

Մեր հրապարակային գրվածքների՝ ցուցանակների, գովազդի լեզվից շատերս ենք դժգոհ։ Արտաքուստ թվում է, թե հայերեն չգրող տնտեսավարողներն ընդամենը մոլորվածներ են։ Ի՞նչ մի դժվար բան կա նրանց ճիշտ ուղի բերելու համար։

Այո՛, իհա՛րկե․․․

Բավական է նրանց պարզապես դիտողություն անել այդ «վրիպման» համար, մի քիչ խոսել լեզվի կարևորությունից, մաշտոցյան գրերից, հատկապես այն մասին, որ «նախ՝ լեզուն, ապա զինվորականներն են պահում հայրենիքը», և հայերեն չգրելու համար ամոթից կկարմրեն․․․

Ճիշտ է, կկարմրեն․․․

Ու թեև դժվար է պատկերացնել, բայց դուք փորձեք պատկերացնել, թե դրանից հետո նրանք ինչպիսի մոլեռանդությամբ պատրաստ կլինեն պատերազմի․․․

Պատերազմի՛, բայց հանուն․․․ հայերեն չգրելու։

Կարծում եք՝ չափազանցնո՞ւմ եմ։

Հավատացեք, որ նրանք՝ շատ ու շատ հայ տնտեսավարողներ, հայերեն չգրելու համար պատրաստ են ամեն ինչի։

Նախ՝ մինչև «հարձակման» անցնելը, նրանք, օրենքի տառին համապատասխան, «հիմնավորում են», որ իրենք իրավունք ունեն հայերեն չգրելու։ Ապա․․․

Ապա այդ «սրբազան» պատերազմի՝ հայերեն չգրելու համար «մարտադաշտ» են հանում իրավաբանների, որպեսզի այդ իրավունքը «ապացուցեն» նաև օրենքի ոգուն համապատասխան։

– Ահա՛ անհրաժեշտ փաստաթղթերը։– Ու աչքդ են խոթում տեսակ-տեսակ գրություններ․

  • պայմանագիր, օրինակ, գերմանական կամ ֆրանսիական ինչ-որ կազմակերպության հետ․
  • օտարալեզու ապրանքանիշի գրանցման վկայական․
  • թուրք նախապապի ծննդյան վկայական․
  • ինչ-որ կոնվենցիայի դրույթ։

Հատկապես այս վերջինը քթիդ դեմ են տալիս մի քանի տարի՝ իրենց «օբյեկտում», վարչական դատարանում, վերաքննիչ դատարանում, վճռաբեկ դատարանում։

Եվ այդ ընթացքում ասպարեզում արդեն լինում է «հայրենասեր» մի փաստաբան, որը քափ-քրտինք մտած փորձում է ապացուցել, որ տվյալ պարագայում իր վստահորդը պարտավոր չէ հայերեն գրել։ Ավելին՝ որ օդում թափահարվող այդ պայմանագրերը հայերեն գրել նույնիսկ արգելում են, քանի որ պահանջում են կիրառել  օտար պետության օրենսդրությունը։

Այ սրան, այո՛, հավատում ենք նաև մենք։ Իհա՛րկե կարգելեն․․․

Մեկ անգամ ևս հիշեցնեմ թշնամու խոսքը․ «Նախ՝ լեզուն, ապա ․․․․»։

Ապա․ «Մշակութային իմպերիալիզմի դեմ մեր պաշտպանության ամենաուժեղ գիծը առաջին հերթին պետք է լինի մեր լեզվի պահպանումը»։

Սա ասողը նույնպես մենք չենք։ Սա նույնպես գիտակցում ու ասում է մեր նույն թշնամին, որին մենք ժամանակին սովորեցնում էինք, թե ի՛նչ է մշակույթը, նրա համար գրում էինք բառարաններ, քանի որ նա չուներ դրա կարողությունը։

Իսկ այսօր հայ տնտեսավարողը, թիկունքում՝ փաստաբանների բանակ, սուրը ձեռքին կռիվ է տալիս, որ հայերեն չգրի։

– Իրավունք ունեմ։ Ահա՛ վկայականը։ Ահա՛ պայմանագիրը։ Ահա՛ գրանցումը։ Ահա՛․․․ Ահա՛․․․ Ահա՛․․․

Իսկ եթե այդ ամենին չեն նախորդել սպառնալիքները, ուրեմն կհաջորդեն՝ ո՞նց թե գրել հայերեն․․․

Բերե՞մ օրինակ։

Երբ անցնեք Երևանի Ն․ Զարյան փողոցով, նայե՛ք, խնդրեմ, 22-րդ շենքին, որտեղ «Ավրորա» ռադիոկայանն է։

Գտնելը դժվար չէ․ ռադիոկայանը խոշոր ցուցանակ ունի՝ «RADIO AURORA»։ Այսպես՝ միայն օտարատառ։ Բայց փորձեք ասել, թե ինչո՛ւ չեք գրել նաև հայերեն։ Ա՛յ այդտեղ արդեն կսկսվի ո՛չ լեզվական պատերազմը։

Դուք, ի՞նչ է, չե՞ք հասկանում, որ դա իրենց ապրանքանի՛շն է, «լոգո՛ն»․ որ իրենք կարո՛ղ են, իրավո՛ւնք ունեն չգրելու հայերեն։ Իրենք օգտվում են հենց ա՛յդ իրավունքից։ Հատկապե՛ս այդ իրավունքից։ Հայաստանում հայերեն չգրելո՛ւ «իրավունքից»։

Եվ զուր չփորձեք հարցնել, թե ինչո՛ւ, օգտվելով այդ «իրավունքից», չեն կատարում նաև հայերեն գրելու պարտականությունը։ Չփորձեք․ գիտե՞ք՝ ձեզ ի՛նչ կանեն․․․

Ա՞յլ օրինակ։ Խնդրե՛մ։

Շուրջ մեկ տարի առաջ մի նշանավոր բուհի տնօրեն բարկացած «փաստարկում էր», որ իրենց հաստատությունում գործավարությունը կարող է հայերեն չլինել, որովհետև իրենք գործում են ըստ միջկառավարական համաձայնագրի։

Շատ լավ, գործեք ըստ միջկառավարական համաձայնագրի։ Ի՞նչ մի վիրավորական բան կլինի, եթե գործավարությունը վարվի հայերեն։

Դարձյա՞լ կմտածեք, թե գույները խտացնում եմ։ Ո՛չ։ Ովքեր չեն առնչվել այս խնդիրներին, հայերեն գրել չցանկացող անձանց, չեն պատկերացնում իրական վիճակը։ Բավական է ձեռքից վայր դնել «լեզվական ոստիկանության մահակը», և մեր բազում տնտեսավարողներ անմիջապես դեն կշպրտեն հայերեն ցուցանակները։ Այն քիչ թե շատ տանելի վիճակը, որ հիմա կա, պահպանվում է միայն այդ «մահակի» շնորհիվ։ Բայց սա բնավ էլ խնդրի լուծում չէ։ Այդպես մենք ընդամենը քողարկում ենք, թե ի՛նչ աստիճանի չենք սիրում մեր լեզուն։

Դառնամ «Ավրորային»։ Եթե Հայաստանում գործող ռադիոկայանն է անգամ «պատերազմում», որ հայերեն չգրի, ի՞նչ սպասել ուրիշներից։

Գուցե նաև ասե՞մ, թե մեր վերջին հայրենական պատերազմում ինչո՛ւ պարտվեցինք։

Թեև ասելիքս ենթադրվում է, բայց «բարձրաձայնեմ»․ որովհետև արդեն երեսուն տարի մենք տանուլ ենք տալիս հայերենի, հայ մշակույթի համար մղվող պատերազմը։ Իսկ այդ պատերազմում ոլորտի շատ ղեկավարներ ընդամենը դիտորդի դերում են։ Ցուցաբերում են այնպիսի անտարբերություն, կարծես դա իրենց չի վերաբերում։

Ո՛չ, ներողություն միամիտ մտքի համար։

Նրանցից շատերը այս ամբողջ ժամանակաշրջանում՝ շուրջ երեսուն տարի, եղել են ոչ թե անտարբեր, այլ այդ նույն տնտեսավարողների կարծիքին, նրանց թիկունքը։ Հաճախ էլ իրենք են եղել տնտեսավարողներ, պաշտոնյա-գործար­ար­ներ՝ լեզվի, հայերենի դերը չգիտակցող, լեզուն միայն որպես հաղորդակցության միջոց կարծող, հայերեն չգրելու համար օրենսդրական հիմքեր ստեղծող, որ հարկ եղած դեպքում  բղավեն․ «Խնդրե՛մ, ահա՛ օրենքը, ահա՛ պայմանագիրը։ Հայերեն չգրելու արտոնությո՛ւնը․․․»։

Ըստ լեզվի մասին օրենքի՝ լեզվաքաղաքականություն իրականացնում են նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։ Այսինքն՝ նաև նախարարությունները, մարզպետարաններն ու քաղաքապետարանները։ Փորձեք, խնդրեմ, հիշել թեկուզ և մեկ դեպք, որ այդ մարմինների որևէ պաշտոնյա՝ սկսած առաջին դեմքերից, անկախության մեր ամբողջ ժամանակաշրջանում ցուցաբերած լինի նախաձեռնություն հրապարակային գրվածքները հայերեն դարձնելու հարցում։ Իր բազմաթիվ ելույթներից, հարցազրույցներից գոնե մեկը նվիրած լինի այդ խնդրին։ Հակառակը, նրանք ամեն կերպ փորձել են ապացուցել, որ օտարալեզու ցուցանակները, գովազդային վահանակները օրենքի շրջանակում են։ Որ շատ դեպքերում օրենքը չի պարտադրում հայերեն գրել։

Չի պարտադրում, ուրեմն նպաստե՛ք, որ պարտադրի։ Ինքնե՛րդ նախաձեռնեք օրենսդրական փոփոխություն։ Ասեք՝ ամո՛թ է, որ մեր մարզում ու քաղաքում հայերենը ոչ թե իշխի, այլ ծվարի օտարալեզու գրությունների տակ։ Ասեք՝ ամո՛թ է մեր քաղաքների նկատմամբ սերը խոստովանել օտար լեզվով՝ հրապարակավ «ճչալով»․ «I  LOVE  TAVUSH», «I LOVE TSAGHKADZOR», «I LOVE ABOVYAN», I LOVE IJEVAN, ARMAVIR…

Բայց դա անելու փոխարեն հարցի լուծումը միտումնավոր բարդացվում է, բերվում հազար ու մի պատճառաբանություն, իբր տեսնո՞ւմ եք՝ ի՛նչ խնդիրներ կան։ Այնինչ ցանկության դեպքում այդ բոլոր խնդիրները հաճախ կարելի է լուծել ընդամենը մեկ օրում, մեկ հրահանգով, մեկ հեռախոսազանգով։ Բայց դա չի արվում։ Եվ չի արվում միայն մի բանի համար… հայերեն չգրելու։

Համոզված եղեք, որ այս պայմաններում ոչ ոք չի հավատում ձեր սիրուն։ Կե՛ղծ է այդպիսի սերը, սո՛ւտ։

Սա է իրողությունը։

Այն ո՞վ էր կարծում, թե բավական է ընդամենը դիտողություն անել, և ամոթից կկարմրի հայ տնտեսավարողը։

Տնտեսավարողներին էլ մի կողմ թողնենք։ Աչքդ թեքեցիր, հեռուստատեսային հայերեն հաղորդում վարողն անգամ հաղորդման անունը կդնի «DAY OFF», «Restyle», «Why womens womens», «Outdance», «Womens club»,  «X factor»․․․

Ասես՝ ինչո՞ւ, վրադ «մուննաթ» կգա։ Դիմես վերադասին, կպարզվի, որ սա նրանից «կաթոլիկ» է։ Դիմես դատարան, կասեն՝ օրենքը․․․ Օրենքը փոխելու նախագիծ ներկայացնես․․․

Սա էլ արդեն մի առանձին խոսակցության նյութ է։

Հայտնի իրողություն է, որ շատ բժիշկներ հայերեն չեն գրում։ Նախորդ դարի իննսունական թվականների պատճառաբանությունն էր, որ կրթությունը հայերեն չէ, չեն կարողանում։ Հիմա էլ բերվում են բազմաթիվ նոր «փաստարկներ»․ ոլորտի յուրահատկությունը, տերմինաբանությունը, բժշկական լեզվի առանձնահատկությունը․․․

Հասկացանք։ Բայց օրերից մի օր պիտի՞ անցնենք հայերենին, թե՞ ոչ։ Այսպես քանի՞ տարի։ Հավիտյանս հավիտենի՞ց․․․

Այս հարցն էլ մտահոգում է միայն լեզվի՞ մասնագետներին։ Առողջապահության նախարարությունն անելիք չունի՞։ Պիտի ընդամենը նայի, թե ո՛ր բժիշկն ի՛նչ լեզվով է գրում ու վե՞րջ։

Եվ այս պայմաններում խոսում ենք Արցախում երկրորդ պաշտոնական լեզու ունենալու մասին։

Սուտ է, ինքնախաբեություն, թե այսպիսի մտածելակերպով մեր պաշտոնական հաղորդակցության, գործավարության լեզուն Արցախում կպահենք հայերենը։

Առիթից օգտվելով՝ օտարալեզու կրթությամբ մի տնօրեն անմիջապես կպահանջի, որ իր աշխատողներն սկսեն գրել ոչ հայերեն։ Մեկ ուրիշն իսկույն կհայտարարի, որ աշխատանքի ընդունվելու համար պահանջվում է երկրորդ պաշտոնական լեզվի գերազանց իմացություն։ Քանի որ օտար լեզուն «գերազանց» իմանալու համար անհրաժեշտ կլինի ունենալ համապատասխան լեզվով կրթություն, շատերը կշտապեն իրենց զավակներին տեղափոխել օտարալեզու ուսուցմամբ դպրոցներ։ Այդ օտարալեզու ուսուցմամբ դպրոցների շրջանավարտներն էլ օրերից մի օր կդառնան ղեկավար և, քանի որ հայերենին լավ չեն տիրապետի, ենթակաների հետ կհաղորդակցվեն իրենց հարազատ լեզվով․․․

Քանի որ հայերեն գրել-կարդալիս էլ կխեղճանան, ուստի կպահանջեն պաշտոնական հաղորդակցության լեզուն ամբողջովին դարձնել իրենց «գերազանց» իմացածով։ Ապա երբ հայկական դպրոցն ավարտած քաղաքացիները ցանկանան գրել, օրինակ, դիմում կամ նամակ, կպահանջվի դա ներկայացնել երկրորդ պաշտոնական լեզվով, որովհետև իրենք առաջինը լավ չգիտեն․․․

Կասեք, թե ենթադրությո՞ւն է։ Ո՛չ։ Այս պատմությունն արդեն եղել է։ Մենք տեսել ենք այս ամենը, անցել այս ամենի միջով։

Դե եկ ու խոր նախանձով մեկ անգամ ևս մի հիշիր թշնամուն․ «Նախ՝ լեզուն, ապա ․․․․»։

Ի դեպ, այստեղ ասվածը նույնպես ամբողջ ճշմարտությունը չէ։ Ես վարագույրը բացեցի ընդամենը մի քիչ․․․

Իսկ եթե չենք ուզում պարտվել հերթական պատերազմում, ուրեմն մեկընդմիշտ հիշենք․ «Նախ՝ լեզուն, մշակույթը, ապա․․․»։

Գուրգեն Միքայելյան

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը «Art 365» կայքի խնդրանքով ներկայացրել է հայերենում ամենատարածված 7 սխալները։ Նյութն ամբողջությամբ՝ https://bit.ly/3217CIY

Սրճարաններում, ճաշարաններում, ռեստորաններում պահանջո՞ւմ եք հայերեն ճաշացանկ, եթե Ձեզ տրվածը միայն անգլերեն կամ այլ լեզվով է։

Ավելին