Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` contact@langcom.am

«ՊԱՏՄԱԿԱՆ» ՍԽԱԼՆԵՐ – 2

Շարունակենք մեր զրույցը պատմական թեմայով արտասահմանյան ֆիլմերի հայերեն թարգմանությունների որակի մասին: Նախորդ անգամ ներկայացրինք ուսումնասիրված ֆիլմերում տեղ գտած օտարաբանությունները: Այս անգամ մեր զրույցի թեման պատմական ֆիլմերի «չներկրված» լեզվական սխալներն են: Դրանց մեջ շատ են լեզվատրամաբանականները: Սկսե՛նք դրանցից:

Անգլիայի Վիկտորիա թագուհու մասին պատմող «Երիտասարդ Վիկտորիան» ֆիլմում դավադիրները, օգտվելով Վիկտորիայի հիվանդ վիճակից, մի գրություն են տալիս ստորագրելու: Այս մասին ֆիլմում լսում ենք. «Լինելով ծանր հիվանդ՝ նա չի ստորագրել այդ թուղթը»: Այսպես ստացվում է՝ չի ստորագրել, քանի որ ծանր հիվանդ էր: Մինչդեռ ֆիլմում հակառակն է: Պետք էր ասել. «Նա չի ստորագրել այդ թուղթը, թեև ծանր հիվանդ էր»:

Վաղ քրիստոնեական Հռոմի մասին պատմող «Ագորա» ֆիլմում կադրից դուրս լսում ենք հեղինակի խոսքը. «Մեր թվարկության 4-րդ դարի վերջում հեթանոսական հավատքին դիմակայում էր քրիստոնեությունը, որը մինչ այժմ գտնվում էր արգելքի տակ»: Պարզ է՝ ոչ թե «մինչ այժմ», այլ «մինչ այդ»:

Նույն ֆիլմում փիլիսոփա Հեպատիան իր աշակերտներին ասում է. «Ձեր կարծիքով ի՞նչ խորհրդավոր ուժ կարող է թաքնվել մեր երկրի ներսում և ամեն ինչ պահել մակերևույթի վրա»: Այստեղ նուրբ սխալ կա: Ոչ թե «թաքնվել», այլ «թաքնված լինել»: Չէ՞ որ խոսքը տիեզերքի հավերժական երևույթների մասին է:

Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան «Խոստում» ֆիլմի գլխավոր հերոսը պատմում է. «200 տարուց ավել Պողոսյաններն էին պատրաստում դեղորայքը՝ կիրառելով մեր նախնիների դեղատոմսերը»: Նախ՝ ոչ թե «ավել», այլ «ավելի»: Ապա՝ ստացվում է, որ Պողոսյաններն ուրիշ են, «մեր նախնիները»՝ ուրիշ: Իրականում այդպես չէ: Պետք էր թարգմանել. «200 տարուց ավելի մենք՝ Պողոսյաններս էինք պատրաստում դեղորայքը…»:

Շարունակենք հետևել մեր թարգմանիչների աշխատանքին:

«Եթե մեկը Հորուսի աչքերը Սեթից հետ վերցնեի, Հորուսը կրկին կվերագտնի իր ուժը» («Եգիպտոսի աստվածները»): «Դեսպան Մորգենթաու, կարո՞ղ եմ նորից վերադառնալ Ձեզ մոտ» («Խոստում»): «Վերագտնել» նշանակում է՝ «կրկին գտնել»: «Վերադառնալ» նշանակում է՝ «նորից դառնալ» (գալ): Ուրեմն՝ Հորուսը կվերագտնի (կամ՝ Հորուսը կրկին կգտնի), և՝ կարո՞ղ եմ վերադառնալ (կամ՝ կարո՞ղ եմ նորից գալ):
Սա ինձնից անհամեմատ ավելի սիրուն է («Տրոյա»): Անհամեմատ-ն էլ, ավելի-ն էլ ցույց են տալիս համեմատություն: Այս բառերից մեկն ավելորդ է:

«Եթե ասեմ ոչ, կստացվի, որ ստել եմ իմ տիրոջը»: Ստել-ը չեզոք սեռի բայ է, խաբել-ը՝ ներգործական: Ստում են առհասարակ, անհասցե: Իսկ որևէ մեկին, ասենք՝ տիրոջը, ոչ թե ստում, այլ խաբում են:
«Վերջին սամուրայը» ֆիլմում լսում ենք. «Ոչ ոքին հայտնի չէ նրա ճակատագիրը»: Ոչ ոքի-ն չի կրող որոշիչ հոդ ունենալ: Ճիշտ է՝ ոչ ոքի հայտնի չէ:
«Զորքի կեսը ճանապարհին են» («Տրոյա»): Ենթական՝ «կեսը», եզակի թվով է, ուրեմն՝ «Զորքի կեսը ճանապարհին է»:
«Վանականների կարգը, որոնք հայտնի են որպես պարաբալաններ…» («Ագորա»): Հայտնի են-ը թվով պետք է համաձայնեցնել ոչ թե պարաբալաններ-ի, այլ կարգ-ի հետ: Ճիշտ է՝ հայտնի է: Նախընտրելի է այս դեպքում գործածել ոչ թե «որը» ձևը, այլ «որ»: Ուրեմն՝ «Վանականների կարգը, որ հայտնի է որպես պարաբալաններ…»:

«Իմ եղբայրը թշնամիներ ունի: Նրանց մեծ մասը սենատում են» («Գլադիատոր»): Որքան էլ թշնամիները շատ լինեն, «մասը» եզակի թվով ենթական պահանջում է, որ ստորոգյալն էլ եզակի լինի՝ «Նրանց մեծ մասը սենատում է»:

«Երիտասարդ Վիկտորիան» ֆիլմում անընդհատ լսում ենք՝ նրա նորին մեծություն արքայադուստր Վիկտորիա, նրա նորին մեծություն դքսուհի, Ձերդ նորին գերազանցություն… Ահավոր է: Կարելի էր մի քիչ ջանք թափել ու պարզել, թե հայերենում ինչպես են հնչում այս տիտղոսները. «նորին մեծություն», «ձերդ գերազանցություն»:

Իսկ հիմա տեսեք, թե մեր թարգանիչներն ինչպես են «խոսեցնում» հայ հոգևորականին «Խոստում» ֆիլմում: Իր բնակավայրից տեղահան արված հայ կինը քահանային ասում է. «Տեր հայր, ասում են՝ թուրքերը բոլորիս կսպանեն»: Ի մխիթարություն՝ հոգևորականը տերունական աղոթքն է ասում ու կրկնել տալիս՝ արարչին հայր մեր-ի փոխարեն դիմելով այնպես, ինչպես կինը իրեն դիմեց՝ «Տեր հայր, որ բարի ու ողորմած ես…»:

Իսկը պատմական սխալներ: Սրանցից մարդու գլուխը ճաքում է: Մեր փոխարեն «Գլադիատոր» ֆիլմի հերոսը՝ Կոմոդոս կայսրը, իր քույր Լուցիլլային սխալ ու վատ հայերենով կասեր. «Գլուխս բաժան-բաժան է լինում»:
Կշարունակենք հանդիպել:

Երազիկ Գրիգորյան
Լեզվի կոմիտեի աշխատակից

 

Նմանատիպ նյութեր
Շարունակենք վերլուծել «Հարրի Փոթեր» ֆիլմաշարի հայերեն թարգմանության մեջ տեղ գտած լեզվական սխալները: Ֆիլմի չորրորդ մասի
Առցանց ուսուցման օրերին Հարրի Փոթերի հասակակիցների և ոչ միայն նրանց համար Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց աշխարհն
Տեխնոլոգիական հնարամտությունները մի հպումով փոխեցին աշխարհը: Խելացի հեռախոսը գերեց մարդուն՝ բառի տարբեր իմաստներով: Մարդը վերանայեց
«Արմենիա» հեռուստատեսության «Երգիր, թե կարող ես» հաղորդաշարը պարզապես ժամանցային չէ: Եթե ուզում ես անորակ երաժշտությունից
Մենք շարունակում ենք հայկական հեռուստաեթերի գրավիչ առաջարկներից մեկի՝ արտասահմանյան ֆիլմերի հայերեն թարգմանությունների ուսումնասիրությունը: Այս անգամ

Հարգելի՛ քաղաքացիներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում խնդրում ենք լեզվական տարատեսակ պարզաբանումներին առնչվող նամակները, դիմումները առաջիկա օրերին Լեզվի կոմիտեին փոխանցել կապի հետևյալ միջոցներով․

📧 contact@langcom.am
☎️ 010 266879, ներքին՝ 1 կամ 2

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

Ավելին