Որպես օտար ՊԱՑԻԵՆՏ բառի հայերեն համարժեք շրջանառվում են բազմաթիվ տարբերակներ, որոնք հաճախ բանավեճերի առիթ են դառնում:
Մինչ քննարկվող տարբերակներին անդրադառնալը եկեք հասկանաք, թե ի՛նչ է նշանակում պացիենտ և ի՛նչ առնչություն ունի հիվանդի հետ:
ՊԱՑԻԵՆՏ-ը ծագում է լատիներեն patiens «տառապող», «դիմակայող» դերբայից: Սկզբնական իմաստից բառը բավականին հեռացել է: Օտարալեզու մի շարք բացատրական բառարաններում ՊԱՑԻԵՆՏ բառի դիմաց գրված է՝ «մարդ, որը ստանում է բուժում կամ բժշկական խնամք, բուժօգնություն, ստուգում առողջապահական ծառայության մասնագետներից»:
Պացիենտը սովորաբար լինում է կա՛մ հիվանդ, կա՛մ ունենում է որևէ վնասվածք, գանգատ, կա՛մ արտաքին տեսքի թերությունը շտկելու կարիք և բժիշկների հսկողության, խնամքի ու բուժման ներքո է: Պարտադիր չէ, որ պացիենտ կոչված մարդը հիվանդ լինի: Հիվանդը որևէ հիվանդություն ունեցող, նրանով տառապող, վատառողջ մարդն է:
Բառիմաստների նուրբ տարանջատումը պատկերացնելու համար ասենք, որ հիվանդը, երբ զբաղվում է ինքնաբուժությամբ, պացիենտ չէ (քանի որ բուժհաստատություն չի դիմել): Կամ երբ մարդը որոշում է դադարեցնել բուժումը կամ բժշկական օգնություն ստանալը, այլևս պացիենտ չի համարվում, սակայն կարող է շարունակել մնալ հիվանդ:
Այժմ թվարկենք ՊԱՑԻԵՆՏ-ի համար հայերեն համարժեք գործածվող կամ առաջարկվող մի քանի տարբերակներ:
Ամենաքննարկվողներն են ԲՈՒԺԱՌՈՒ-ն և ԲՈՒԺԱՅՑԵԼՈՒ-ն: Ընդդիմախոսներն ասում են, որ այս բառերից մեկը գործածելով՝ ՊԱՑԻԵՆՏ-ի միայն մեկ իմաստն ենք արտահայտում: Օրինակ՝ ԲՈՒԺԱՌՈՒ-ի դեպքում հասկացվում է, որ մարդը միայն բուժում է ստանում: Մինչդեռ հերթական ստուգման գնացած մարդը, որ նույնպես պացիենտ է, ԲՈՒԺԱՅՑԵԼՈՒ է։ Սակայն, եթե ԲՈՒԺԱՅՑԵԼՈՒ-ն դիտարկենք մի կողմից «բուժհաստատություն այցելած», իսկ մյուս կողմից՝ «բուժվելու գնացած այցելու», ապա կարծես թե կարտահայտենք պացիենտի հիմնական իմաստները։
Առաջարկվում են նաև ԽՆԱՄԱՌՈՒ և ԽՆԱՄՅԱԼ բառերը: Ըստ հայերենի բացատրական բառարանների՝ ԽՆԱՄԱՌՈՒ-ն մեկին խնամքի կամ հովանավորության տակ առնողն է, որը վերջերս ավելի շատ գործածվում է խնամք ստացողի իմաստով, իսկ ԽՆԱՄՅԱԼ նշանակում է «խնամված, խնամքով պահված, պահպանված, մշակված»:
Քննարկումներում առաջարկվում են նաև բուժդիմորդ, բուժվող, բուժայցորդ, այցառու և այլ տարբերակներ…
Ժամանակը ցույց կտա, թե մեր լեզուն ի վերջո ո՛ր տարբերակը կընդունի: