Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՊԻՏԻ և ՊԵՏՔ Է եղանակիչների գործածության մասին [7 դեպք]

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Քերականության դպրոցական դասագրքերում հստակ գրված է, որ հարկադրական եղանակի բայաձևերը կազմվում են պիտի կամ պետք է եղանակիչներով՝ պիտի գնամ և պետք է գնամ։ Հայերեն խոսողներն ու գրողներն էլ հանգիստ գործածում են այդ ձևերը։ Այնինչ… Կան մի քանի դժվարություններ, ինչպես և նրբություններ, որոնք հաշվի առնելը կբարելավի հայերեն խոսքի որակը։

 

  1. Պետք է եղանակիչն ընդգծում է գործողության հարկադրաբար, անհրաժեշտաբար կամ պարտադիր կատարվելու բնույթը, այդ իմաստը կարծեք պիտի-ից ավելի ուժեղ է արտահայտում։ Այդ նրբիմաստն ակներև կդառնա, եթե համեմատենք «Հոսանքը պիտի անջատել» և «Հոսանքը պետք է անջատել» նախադասությունները։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ պաշտոնական գրություններում ավելի շատ գործածվում է պետք է-ն։

 

  1. Երբ պիտի և պետք է եղանակիչներին ավելանում է որ շաղկապը, գործողության անհրաժեշտաբար կատարվելու իմաստը թուլանում է։ «Արամը պիտի որ (կամ պետք է որգա» նախադասության մեջ հստակ նկատելի է, որ Արամի գալը հաստատ չէ, այլ ենթադրություն է գալու մասին, հավանական է, որ գա։

 

  1. Երբ միևնույն խոսքաշարում պիտի (կամ պետք է) եղանակիչով մեկից ավելի ձևեր կան, ապա խոսողի որոշելիքն է՝ այն դնել միայն առաջինի՞ մոտ, թե՞ կրկնել։ Երկուսն էլ ճիշտ են։ Կրկնում են, եթե ուզում են շեշտել տարբեր գործողությունների կատարման անհրաժեշտությունը կամ պարտադիր լինելը։ Այսպես.

 

Չգիտեի, թե ինչ անուն պիտի տայի այդ տեսակցությանը, ինչով պիտի արդարացնեի միջամտությունս, ինչ պիտի ասեի, ինչպես պիտի «հանգստացնեի» Սառային (Նար-Դոս, «Սպանված աղավնին»)։

 

Այս նույն միտքը մեկը կարող է գրել այսպես, և դա ճիշտ կլինի. «Չգիտեի, թե ինչ անուն պիտի տայի այդ տեսակցությանը, ինչով արդարացնեի միջամտությունս, ինչ ասեի, ինչպես «հանգստացնեի» Սառային»։

 

  1. Անհանգստանալու կարիք չկա, եթե պիտի-ի և բայի մյուս մասի միջև ուրիշ բառ հայտնվի։ Այսպես. «Այդ միությունները պիտի շարունակ փնտրեն իշխանության հովանավորությունը»։

 

  1. Խոսակցական լեզվում, բարբառներում պիտի-ն ունի տարբեր դրսևորումներ, որոնք իրենց տեղում բնական են։ Գրական-պաշտոնական խոսքում, սակայն, ականջ է սղոցում հատկապես «պըտի» ձևը, որից պիտի խուսափել։ Նույն կերպ էլ ընդունելի չէ պաշտոնական խոսքում հնչող «պետք ա [կարողանանք]» ձևը, որը շատերի առօրյա խոսքում  գուցեև սովորական է։

 

  1. Այս բայաձևերի ժխտականը կազմելիս մարդիկ երբեմն շվարում են. Չ մասնիկը դնել եղանակիչի՞ց, թե՞ բայից առաջ՝ «չպիտի գամ», թե՞ «պիտի չգամ»։ Գրական լեզվի կանոնն ասում է՝ Չ-ն միանում է եղանակիչին, ուստի չպիտի գնամ և չպետք է գնամ։ Խոսակցական լեզվում այդ կաշկանդումը չկա։

 

  1. Հարկավոր է հաշվի առնել, որ արևմտահայերենում պիտի-ով ձևերը ցույց չեն տալիս գործողություն կատարելու հարկադրանք, անհրաժեշտություն և պարտադրանք, այլ հաստատ կատարելի գործողություն։ Ուստի արևմտահայերեն պիտի գրեմ-ը արևելահայը պետք է հասկանա իբրև գրելու եմ։ Եվ հակառակը՝ արևմտահայերեն գրելու եմ-ը արևելահայերենի պիտի գրեմ-ն է։

 

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook