Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ե՞ՐԲ ՊԵՏՔ Է «ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ» ԵՎ Ե՞ՐԲ «ՍԵՓԱԿԱՆԱՑՆԵԼ» ԳՈՒՅՔԸ

Հակառակ իրավական երանգավորմամբ վերնագրին՝ ընթերցողն անշուշտ հասկա­ցավ, որ մենք խոսելու ենք լեզվական «ընթացակարգերից»։ Այլ կերպ ասած՝ թե ե՛րբ պետք է գործածել սեփականաշնորհել, ե՛րբ՝ սեփականացնել բառը, և թե իմաստային ի՛նչ տարբերություններ ունեն դրանք։

Այս բառերի գործածության շփոթն առաջացել է վաղուց՝ 1990-ական թվականներից, երբ սկսվեցին սեփականաշնորհման ու սեփականացման գործընթացները։

Սեփականացնելը իր սեփականը, իրենը դարձնելն է։

Իսկ սեփականաշնորհել նշանակում է «Անհատին կամ կոլեկտիվին պետական ունեց­վածք հանձնել, շնորհել, վաճառել, մասնավորի սեփականություն դարձնել, ապապետա­կանացնել։ Մասնավորեցնել»։

Իմաստների տարբերությունն ակնհայտ է․ մի կողմը (պետությունը) սեփականա­շնոր­հում է, մյուս կողմը (օրինակ՝ քաղաքացիները)՝ սեփականացնում։

Տարօրինակ է, որ այս շփոթությունը շարունակվում է տասնամյակներ, և մինչև այ­սօր շատե­րը սեփականացնել բառի փոխարեն գործածում են սեփականաշնորհելը։

Քանի որ վերջինս հոմանիշ է մասնավորեցում, մասնավորեցնել բառե­րին, խոսենք նաև դրանց մասին։

Մասնավորեցում բառը նշանակում է «մասնավոր դարձնել»։

Ճի՛շտ է (իհա՛րկե՝ բառի գործածության առումով), երբ մասնավորեցվում է պետական գույքը, կազմվում է պետական գույքի մասնավորեցման ծրագիր, տրվում է հաշվետվություն մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ և այլն։

Նշված լեզվական սխալներն ուղղելու համար հարկավոր է ընդամենը հիշել բառերի իմաստները, և հեշտ կլինի կողմնորոշվել, թե դրանցից ո՛րը ե՛րբ պետք է գործածել։

 

Գուրգեն Միքայելյան