Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Վարչական իրավախախտումներ

Լեզվական իրավունքը քաղաքացու, հանրության, պետական կամ հասարակական կառույցների լեզվական գործառության նկատմամբ պետության սահմանած իրավունքներն են, իսկ լեզվական պարտականությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հաստատությունների կողմից հանրային կյանքի բոլոր ոլորտներում լեզվական քաղաքականությունից և լեզվական հարաբերություններից բխող սկզբունքների պահպանումն է. նշված սկզբունքները՝ որպես վարքագծի կանոններ, սահմանվում են «Լեզվի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև հայերենի կիրառությունը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով:

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումն առաջացնում է վարչական պատասխանատավություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով (1892-1896-րդ հոդվածներ):

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1893-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի`
1) Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները.

2) «գ» կետի` Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:

Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1893-րդ հոդվածով. ըստ որի` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է իրավախախտում կատարած անձին օրենքները պահպանելու ոգով դաստիարակելու, համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը կանխելու նպատակով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք, 22-րդ հոդված):

Վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժը (Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք, 40-րդ հոդված):