Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Տեղեկությունը հաղորդենք, հայտնենք, իսկ իրավիճակը պարզենք, բացատրենք ու մեկնաբանենք՝ խնայելով փոխանցել բայը

Ի՞նչ է նշանակում փոխանցել բայը։ Փոխանցել նշանակում է «որևէ բան մեկը մյուսին տալով՝ հանձնելով տեղ հասցնել»։ Նշանակում է նաև «ավանդել», «թողնել», «տալ», «հաղորդել»։ Կարող ենք փոխանցել իշխանությունը (ցանկալի է՝ խաղաղ ճանապարհով), դպրոցում՝ գիտելիքը, գրասենյակում՝ դիմումը, բողոքը, փոխանցվում են դրամական միջոցները, հասույթը, նույնիսկ օրհնությունը։ Այսպես, օրինակ․

«Ողջ հասույթը փոխանցել է բարեգործական հիմնադրամին»։ «Դիմումները շարունակեցին փոխանցել դատախազությանը»։ «Բանկը պարտավոր է հաշվից դրամական միջոցներ փոխանցել վճարային փաստաթուղթը բանկ մուտք գործելու հաջորդ օրը»։ «Ասաց, թե ինքը չի տեսնում այն քաղաքական ուժին, որին կարելի է փոխանցել իշխանությունը»։ «Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել ողջ հոգևոր դասին ու սիրեցյալ համայն ժողովրդին»։

Զանգվածային տեղեկատվության միջոցները հաճախ չարաշահում են փոխանցել բայի գործածությունը՝ անվերջ փոխանցելով լուրեր այս կամ այն երկրից, մամուլի ծառայությունից, պետական կառույցից և այլն։ Այսպես․

«Ինչպես մեզ փոխանցեցին ՀՔԾ-ից, Չարյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով»։ «Երեկ Բեյրութից  մեզ փոխանցեցին, որ Սարգսյանի հետ հանդիպումն անցել է լարված»։ «Առողջապահության նախարարը Ամանորը դիմավորելու է Հայաստանում»,- փոխանցեց ԱՆ մամուլի քարտուղարը»։

Փոխանցել բառն այս իմաստով գործածելու չարաշահման մեջ դեր ունեն ռուսերենի «передавать» բառով համանման նախադասությունները: Հայերեն կարող էին ասել. «… տեղեկացնում են ՀՔԾ-ից», «…Բեյրութից հայտնեցին», «… հաղորդեց ԱՆ մամուլի քարտուղարը»:

Տարածված սխալ է «փոխանցել իրավիճակը» արտահայտությունը։

Ի՞նչ է իրավիճակը. այն գոյություն ունեցող վիճակն է, այսինքն՝ իրադրություն, իրերի դրություն, պայմաններ, հանգամանքներ։ Կարո՞ղ ենք փոխանցել վիճակը, իրադրությունը, իրերի դրությունը։ Իհարկե ոչ։ Իրավիճակը պարզում ենք, լուսաբանում, բացահայտում, բացատրում, մեկնաբանում, իրավիճակին նաև ծանոթացնում ենք: Այսպես.

 «Համաժողովը լավ առիթ է եղել Ջուղայում տիրող իրավիճակը ներկայացնելու համար»։ «Նամակը չպիտի ցույց տար․ իրավիճակը պարզելու փոխարեն ավելի խճճեց»։ «Քաղաքապետը խոչընդոտում էր բոլոր նրանց, որոնք փորձում են իրավիճակը լուսաբանել»։ «Վերլուծաբանն իրավիճակը բացատրել է Հայաստանում ժողովրդավարության վիճակի վատթարացմամբ»։ «Այս իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք բեռնափոխադրումներ իրականացնող խոշոր ընկերություններից մեկին»։ «Նման իրավիճակը բացահայտում է, որ մենք գործ ունենք դասական բռնատիրության հետ»։

Լեզվի կոմիտեն հորդորում է․

  1. չչարաշահել փոխանցել բայը և տեղեկությունը հաղորդել, հայտնել, մեկնաբանել, պարզաբանել կամ էլ ուղղակի տեղեկացնել,
  2. իրավիճակը ոչ թե փոխանցել, այլ պարզել, լուսաբանել, բացահայտել, բացատրել, մեկնաբանել, ծանոթացնել։

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

«Դեմոնիզացիա» բառի (🇷🇺 демонизация, 🇺🇸 demonization) 🇦🇲համարժեքներն են՝ «դիվայնացում»-ը և «հրեշացում»-ը։
Ավելին կարդացեք՝ https://cutt.ly/jA9TL9g

✨ ԱՅՍՕՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
✨ Շնորհավորական ուղերձ

Շնորհավորում ենք բոլոր հայախոսներին, ինչպես նաև՝ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին։

https://cutt.ly/hPYPwNT

Ավելին
facebook