Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՑԿՅԱՆՍ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ [ց նախամասնիկով բառերի մասին] (10 բառ)

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Գրաբարում ց նախդիր ունենք, որ միշտ բառին միացած է գրվում, հիմնականում նշանակում է «մինչև»՝ «մինչև մի տեղ, մինչև մի ժամանակ, մինչև մի աստիճան»։

Հազարամյակների պատմություն ունեցող հայերեն բառեր կան, որոնցում ց մասնիկը կարող ենք մատնանշել։ Անզեն աչքով կռահելն անգամ դժվար է, որ, օրինակ, ՑԵՐԵԿ բառում «մինչև» նշանակող ց կա։ Բառի կազմությունն այսպիսին է՝ ց+երեկոյ, այսինքն՝ «մինչև երեկո». ցերեկը մինչև երեկո ընկած ժամանակն է։

Կամ էլ դիտարկենք ՑԱՅԳ բառը, որ նշանակում է «գիշեր». ցայգը մինչև այգ՝ լուսաբաց ընկած ժամանակն է։ Մի ուշագրավ  տող հիշենք սփյուռքահայ բանաստեղծ Վահե Վահյանից. «Ու ցայգիս այգ աւետող եղիր սիրո՜յ դուն համբոյր»:

Ց մասնիկով բառերն առհասարակ շատ չեն: Դրանցից մի քանիսին առանձին անդրադառնանք։

 

ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ (ց+տեսություն). հրաժեշտի ամենատարածված բառն է։

Շատերը ցտեսություն ասելու փոխարեն ասում են «ստեսցյուն», որ ամբողջովին աղավաղում է բառը, կորսվում են ց-ն և նրա հաղորդած «մինչև» իմաստը։ Մի փոքր ուշադրություն, և ց-ն  հստակ կարտասանվի:

Լսել եմ, որ որոշ պաշտոնավորներ նեղվում են, երբ իրենց պարզ ցտեսություն են ասում։ Դա ընկալում են որպես անհարգալից մի ձև, իբր առանց հարգական Ձեզ-ի հրաժեշտ տալը տնավարություն է (ակնկալում են «ցտեսություն Ձեզ» լսել)։ Բոլորովին այդպես չէ։ Տարիքով փոքրը մեծին, ենթական իր ղեկավարին հանգիստ պետք է ասի ուղղակի ցտեսություն (առանց Ձեզ-ի), քանի որ դա է գրական կանոնական ընդունելի ձևը։ Ձեզ / ձեզ-ը լրիվ ավելորդ է, ուստի ցտեսություն, այսինքն՝ «մինչ նոր տեսություն»։ Էլ ի՞նչ ձեզ։

Սակայն «ցտեսություն Ձեզ (ձեզ)» սխալ արտահայտությունը բավական տարածվել է։ Պարզ է, որ այդպես են ասում ողջույնի բարև Ձեզ ձեզ արտահայտության նմանությամբ։ Բարևելիս Ձեզ / ձեզ-ը ճիշտ է, քանի որ ողջունողը բարին է մաղթում հանդիպած մարդուն կամ մարդկանց։

Ի դեպ, Հայաստանի որոշ տարածքներում և սփյուռքում երբեմն գործածում են ցտեսություն բառի կրճատ ձևը՝ ցը (այսինքն՝ «մինչև»)։ Խոսակցական է, իրար ասում են միայն մտերիմները, հասակակիցները։

 

ՑՄԱՀ նշանակում է «մինչև մահ, մինչև մեռնելը»: Գործածական է տարբեր կապակցությունների մեջ, ինչպես՝ ցմահ բանտարկությունցմահ նախագահ։ Բայց այս վերջին կապակցության մեջ մահվան գաղափարի ընդգծումը խոսողների մեջ երբեմն մտային տհաճ զուգորդումներ է առաջացնում։ Թերևս մահվան գաղափարը չշեշտադրելու նպատակով արևմտահայերենում ստեղծվել է ցմահ-ի հոմանիշը՝ ՑԿՅԱՆՍ:  Ցկյանս նախագահ. այստեղ արդեն կյանքի գաղափարն է առաջ մղված և ոչ թե մահվան, այսինքն՝ մեկը նախագահ է ամբողջ կյանքի ընթացքում, մինչև իր կյանքի վերջը։ Ցմահ և ցկյանս կազմություններում մահ և կյանք  բառերի հականշությունը չեզոքացել է:

 

ՑԿՅԱՆՍ բառի դիմաց տասնամյակներ առաջ լույս տեսած բառարաններում նշվում է «հնացած», «գրքային»: Սակայն վերջերս բառի «կյանքը փոխվել է»: Հիմա կրթության ոլորտում սովորական են ցկյանս կրթությունցկյանս ուսումնառություն կապակցությունները՝ «կրթություն` ուսումնառություն ամբողջ կյանքի ընթացքում»:

ՑՊԱՀԱՆՋ բառը տասնամյակներ առաջ փոստատներում գործածվում էր փոստային այն առաքումների վերաբերմամբ, որոնք տրվում էին հասցեատիրոջ պահանջով (ռուսերեն ասում էին до востребования): Հիմա բառը գործածական է հատկապես բանկային գործում. կան  ցպահանջ անժամկետ ավանդներ և այլն:

ՑՄՐՈՒՐ «մինչև մրուրը (մրուրը որևէ հեղուկի տակի նստվածքն է), մինչև տակը, մինչև վերջ» բառի համար էլ է ասվում, որ հնացած ու գրքային է: Այո՛, հանդիպում է գեղարվեստական խոսքում. ցմրուր խմում են դառնության բաժակը, վայելքի գինին…

Մի շարքում ենք դնում ՑԱՐԴ, ՑԱՅԺՄ և ՑԱՅՍՕՐ հոմանիշ բառերը, որոնք նշանակում են «մինչև հիմա՝ այժմ, մինչև այսօր»: Հաճախ կարճ ձևեր ենք փնտրում: Ահավասիկ. ցարդ – մինչև հիմա: Չթողնենք, որ այս կարճ ու պատվական հնություն ունեցող բառերը «հնացած» պիտակավորվեն:

Հրաժեշտ տամ ցավոք արդեն հնացած մի ձևով՝ ցնոր գրություն (մինչև նոր գրություն):

ՀԱՅԵՐԵՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ

Սիրելի՛ հետևորդներ, ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը:

Օրը նշանավորելու համար Լեզվի կոմիտեն մասնագետներին առաջարկում է միանալ հայտարարված նախաձեռությանը։ Մանրամասները՝ կայքում https://www.langcom.am/

Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը⤵️
https://www.langcom.am/%d6%84%d5%bd%d5%b8%d5%9e%d6%82%d5%af-%d5%a9%d5%a5%d5%9e-%d6%84%d5%bd%d5%b8%d6%82%d6%84%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

Ավելին
facebook