Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Փողոցների և հրապարակների անվանումների մասին

Մեզ հաճախ հարցնում են, թե ինչպե՛ս պետք է գրել կամ արտասանել փողոցների և հրապարակների անվանումները։

Երբ փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների լրացումներն ածական են, ամեն ինչ պարզ է, քանի որ կարող են լինել միայն ուղիղ ձևով (Հյուսիսային պողոտա, Անտառային փողոց, Վրացական փողոց, Երիտասարդական փողոց, Առափնյա փողոց, Արարատյան փողոց և այլն)։ Մյուս դեպքերում հարցեր են առաջանում, ինչպես՝ Մաշտո՞ց պողոտա, թե՞ Մաշտոցի, Նալբանդյա՞ն փողոց, թե՞ Նալբանդյանի, Գարեգին Նժդեհի՞ հրապարակ, թե՞ Գարեգին Նժդեհ և այլն։

Երբեմն հարցեր են առաջանում նաև մեր փողոցների և հրապարակների անվանումներն այլ լեզուներով գործածելիս, թեև տերմինաբանական կոմիտեն այդ մասին որոշում ընդունել է դեռևս 1956 թվականին։ Այդ հարցերին տարիներ առաջ անդրադարձել է նաև Հայերենի բարձրագույն խորհուրդը։

Այժմ թեև շատերն առաջնորդվում են սահմանված կանոններով, այսուհանդերձ դեռևս կան անհարկի բազմաձևություններ։

Այդ անմիօրինակությունը վերացնելու, հայերենին հարազատ քերականական ձևերի գործածությունը խրախուսելու նպատակով կոչ ենք անում հետևել ընդունված կանոններին։

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

ա. Փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների գոյական կամ գոյականական բառակապակցություն լրացումը փողոց, պողոտա և հրապարակ բառերի հետ, որպես կանոն, գործածել սեռական-տրական հոլովով։ Օրինակ՝ գրել ոչ թե Մաշտոց պողոտա, Տիգրան Մեծ պողոտա, Գարեգին Նժդեհ հրապարակ, այլ Մաշտոցի պողոտա, Տիգրան Մեծի պողոտա, Գարեգին Նժդեհի հրապարակ և այլն:

բ. Փողոցների, պողոտաների և հրապարակների -յան և -յանց ածանցներով կազմված ազգանուն լրացումը փողոց, պողոտա և հրապարակ բառերի հետ գործածել ուղղական հոլովով։ Օրինակ՝ Աբովյան փողոց, Թումանյան փողոց, Սուրենյանց փողոց, Մարշալ Բաղրամյան պողոտա, Շահումյան հրապարակ և այլն:

գ. Փողոցների անունները, որպես հատուկ անուններ, այլ լեզուներով գործածելիս ոչ թե թարգմանել, այլ տառադարձել։ Օրինակ՝ Անտառային, Հանրապետության փողոցների անունները գրել ոչ թե улица Лесная, Forest Street, улица Республики, Republic Street, այլ улица Антараин, Antarayin Street, улица Анрапетутян, Hanrapetutyan Street։

Եթե փողոցների կամ հրապարակների բաղադրյալ անուններում կան հատուկ անուններ, այլ լեզուներով գործածելիս դրանք կիրառել տվյալ լեզվի կանոններին համապատասխանող հոլովով։ Օրինակ՝ գրել ոչ թե улица Чаренци, Charentsi Street, площадь Гарегин Нждеи, Garegin Nzhdehi Square, այլ улица Чаренца, Charents Street, площадь Гарегина Нжде, Garegin Nzhdeh Square և այլն։

Լեզվի կոմիտեն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվար սոցիալական հարթակներում հրապարակել է հորդորակ, նյութեր և հարցումներ դպրոցներում ուսուցչին դիմելու հայերեն ձևերի մասին։

➡️Ամբողջական՝ https://bit.ly/3a3kT7s

Հիշե՛ք

Բժշկական այս գործիքը, որն օգտագործում են վիրահատությունների ժամանակ, կոչվում է ՆՇՏԱՐ։
#ՉԱՍԵՔլանցետ

Կոտայքի Ավան գյուղը Երևանի այժմյան Ավան թաղամասն է: Անցյալում «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից: «Ավան» բառով կազմվել են շատ բնակավայրերի անուններ՝ Ստեփանավան, Սևակավան, Արտավան, Բերքավան և այլն:

ԻՆՉՊԵՍ ԵՆ «ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ» ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

Բառաչել - կով, եզ, ցուլ
Մկկալ - այծ
Մայել - ոչխար
Խռխռալ, խռնչալ - խոզ
Խրխնջալ, վրնջալ - ձի
Զռալ - ավանակ
Մռնչալ - վայրի գազաններ՝ առյուծ, վագր, արջ և այլն
Մլավել, մռլտալ, մռմռալ - կատու
Հաչել, կլանչել, կաղկանձել - շուն
Ոռնալ - գայլ

«Կոնդ» անվանումը տիպական է այն տեսակետից, որ հասարակ անունը դառնում է հատուկ տեղանուն: Բնակավայրը Կոնդ է կոչվել բարձր դիրքի պատճառով: Հայերեն նշանակություններից մեկն է «բլուր, բլրակ, թումբ»:

Կոնդի մի մասը հնում կոչվել է Ծիրանի թաղ:

Ավելին