Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Օգտվե՛նք մեր բառամթերքից

Մենք հաճախ չենք գնահատում մերը և նախապատվություն ենք տալիս օտարից վերցրածին, նրա ստեղծածին։ Նշանակություն չունի, որ երբեմն կարող է լավը լինել ոչ թե օտարինը, այլ մերը։ Ցավոք, ուրիշինը դեռ էն գլխից մեզ միշտ թվացել է չնաշխարհիկ․․․

Այս երևույթը դրսևորվում է գրեթե բոլոր ոլորտներում։ Նաև՝ արվեստի, լեզվի․․․

Այո՛, նաև լեզվի։

Օրինակները շատ են, բայց այսօր կխոսենք միայն մեկ խնդրի մասին։

Արդյո՞ք մենք օգտվում ենք մեր լեզվի հարուստ բառամթերքից, թե՞ այդ բառամթերքն ի պահ ենք տվել բառարաններին ու դրա մասին մոռացել։

Մոռացե՞լ ենք, թե՞ պարզապես չենք ցանկանում գործածել։

Երբ խոսքը վերաբերում է հրապարակային գրվածքների լեզվին, ես կպնդեմ երկրորդը։

Մոռանալու հարց չկա։ Կա մերը անտեսելու, զարգացած՝ եվրոպացի ձևանալու խնդիր։ Իսկ այդպիսի մտայնության պարագայում լեզուն կարևոր չէ։ Ընդամենը պետք է, որ ցուցանակի կամ գովազդային վահանակի վրա գրված լինի օտարալեզու ինչ-որ բան։

Ցանկության դեպքում որքա՜ն հայերեն բառ կարելի է գտնել, բառակապակցություն կազմել, օրինակ, գեղեցկության սրահներն «անվանակոչելու» համար․ վարս, ոսկեծամ, գեղուհի, գեղավարս, դյութանք, թովչանք, երազ, հավերժահարս, հյուսք, սիրո կանչ, ոսկե հուր, խոպոպիկ․․․

Ըստ նախասիրության՝ ցանկացողներն այդպես էլ վարվում են։ Ի՜նչ հաճելի է, երբ կարդում ենք, օրինակ, «Գիսանե», «Հմայք»։ Կոշիկի խանութի վրա՝ «Քայլ» և ո՛չ «Շուզ»։

Բայց արի ու տես, որ ոմանց ավելի ակնահաճո ու ականջահաջո են թվում «Թի Լի»-ն, «Լեսա»-ն, «Տոմա»-ն, «Ստելլա»-ն, «Մաշա»-ն․․․

Անուն եք ուզում, չկա՞ն հայերեն անուններ։ Չգիտեք, բացե՛ք անձնանունների բառարանները՝ Աստղիկ, Անահիտ, Վարսիկ, Արփի, Փերի, Ցոլինե․․․

Ի՞նչ անուն կարելի է տալ գարեջրատանը։ Ինչո՞ւ ոչ, օրինակ, հենց «Գարեջուր» ու «Գարեջրատուն», «Տաղավար», «Զովաշունչ»․․․

Չէ՛, ինչի՞ հետևից ենք ընկել․․․

Թեև Հայաստանն է համարվում գարեջրի հայրենիքը, որը վկայում է նաև Քսենոֆոնը, բայց, մեկ է, «Պիվնո»-ից լավը չկա․․․

Իսկ հայերեն որքա՜ն անուններ կարելի է գտնել սրճարանների, ռեստորանների ու ժամանցային կենտրոնների համար։ Օրինակ՝ «Անդորր», «Բուրավետ», «Բուրող սուրճ»,  «Խոսք ու ծիծաղ», «Լուսե ժպիտ», «Ուռենու տակ», «Լճակի մոտ»։

Բայց արի ու դարձյալ տես, որ այս ամենը նույնպես հայ տնտեսավարողի սրտով չէ։ Նրա քիմքին դարձյալ ու դարձյալ հաճելի է օտարը՝ «Պոմոդորա»-ն, «Արտ լանչ»-ը, «Burger house»-ը, «Food Station»-ը…

Չմոռանանք նաև այն տնտեսավարողներին, որոնք այս օտարամոլության մեջ, այնուամենայնիվ, նախընտրում են հայերենը՝ իրենց ընկերությունները կոչելով «Մասուր», «Կարաս», «Լավաշ», «Շերեփ», «Գարուն», «Բնատուր», «Կրպակ»․․․

Այս շարքում հիշենք նաև որոշ հանրախանութներ։ Ոչ թե «սուպերմարկետ», այլ «հանրախանո՞ւթ»։ Մեր օրերո՞ւմ։ Այո՛, պատահում են նաև այդպիսի հաճելի բացառություններ։

Ի՞նչ անուն կարելի է տալ հյուրանոցներին։ Մի ամբողջ շարք համապատասխան բառեր կարելի է հիշել՝ երազ, գիշեր, եդեմ, անուրջ, ցայգ, կայան, հյուրատուն․․․

Բայց, չէ՛, այս դեպքում նույնպես հայերենը հայ տնտեսավարողի ճաշակով չէ։ Հյուրանոցի՝ «հոթելի» անունը Հայաստանում պետք է լինի «Բլեք ընդ վայթ», «Գրին պալաս», «Ռիցար», «Կազանովա»․․․

Դեղատունն ինչո՞ւ, օրինակ, չանվանել, եթե կա անվանելու կարիք, «Բալասան», «Սպեղանի», այլ «Asteria», «Տոնուս-Լես»։ Մտածե՞լ ենք այս մասին։

Մտածե՛նք․․․

Բառերի պակաս չունենք՝ անուն տալու համար նաև «Տեքստիլի» խանութներին։ Օրինակ՝ կտորեղեն, գործվածք, մետաքս, թավիշ, ժանյակ, շերամ․․․ 

Մարզական պարագաների խանութներն էլ պարտադիր չէ, որ կոչվեն  «Sport», «Sportmaster» կամ նման մի բան։ Սրանք էլ կարող են անվանվել, օրինակ, «Մարզիկ», «Մարզագույք», «Մարզասարք», «Մարզահագուստ», «Առողջ ապրելակերպ», «Զորայր»․․․

Նշեմ, որ մենք այս ամենն ասում ենք որպես օրինակ։ Ընտրության շրջանակը շատ ավելի լայն է։ Բառակապակցություններ կազմելու դեպքում՝ անսահման։

Նայած նախասիրության ու տվյալ կազմակերպության, հաստատության բնույթի՝ կարելի է գտնել ամեն ոճի՝ հայերեն ճիշտ, գեղեցիկ անվանում և գոհացնել ամեն ճաշակ։ Ընդամենը ցանկություն է պետք, որ նախընտրենք մերը, այլ ոչ «Բեյքրի Երևան»-ը, «Լաքշրի բուտիկ»-ը, «Դե Սլիփ Շոփ»-ը, «ԳՈՈՒ ԳՐԻՆ ԱՐՄԵՆԻԱ»-ն, «ԻՆԵՍՍ ՆԵՅԼ ՍՏՈՒԴԻՈ»-ն «muy mucho»-ն, «CHARM»-ը, «Երևան City»-ն և այլն, և այլն․․․

 

Գուրգեն Միքայելյան

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը «Art 365» կայքի խնդրանքով ներկայացրել է հայերենում ամենատարածված 7 սխալները։ Նյութն ամբողջությամբ՝ https://bit.ly/3217CIY

Սրճարաններում, ճաշարաններում, ռեստորաններում պահանջո՞ւմ եք հայերեն ճաշացանկ, եթե Ձեզ տրվածը միայն անգլերեն կամ այլ լեզվով է։

Ավելին