Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Օտարալեզու ճաշացանկերի «համը»

Ո՞ր լեզվով պետք է լինեն սրճարանների, ճաշարանների, ռեստորանների, արագ սննդի կետերի ճաշացանկերը։

Ի՞նչ հարց է։ Իհարկե՛ հայերեն։

Բայց այսպե՞ս են արդյոք մտածում բոլորը։ Արդյո՞ք այս կարծիքին են նաև այդ, այսպես ասած, օբյեկտների տերերը։

Ավաղ, ոչ բոլորը։

Ճիշտ է, իրականում թերևս շատ չեն հասարակական սննդի այն կազմակերպությունները, որոնք հայերեն ճաշացանկեր չունեն, բայց արի ու տես, որ անգամ այդ պարագայում շատերը գերադասում են հաճախորդին առաջին հերթին «մատուցել» դրանց օտարալեզու տարբերակը։

Հարցը այս դեպքում ո՛չ հայերենի դեմ «դավադրությունն» է, ո՛չ օտարալեզու ճաշացանկերի մեծ պահանջարկը։ Ցավոք, մտածողությո՛ւնն է այդպիսին։ Որոշ տնտեսավարողներ նախընտրում են, որ կազմակերպության ցուցանակն ու գովազդը լինեն օտարալեզու, անունը՝ անգլիական, ֆրանսիական կամ «չգիտեսինչական». եթե ճաշը հայկական է, գոնե անունը գրված լինի օտարատառ։

Հաճախ պահանջելուն պես մատուցողը ներկայացնում է հայերեն ճաշացանկ։ Նշանակում է՝ դրանք կան։ Պարզապես գործածական չեն կամ գործածվում են ոչ միշտ, քանի որ, ոմանց կարծիքով, օտարալեզուն հավանաբար բարձրացնում է իրենց հարգը։ Քիչ տեղերում է տնօրենությունը պատճառաբանում, թե իրենք չունեն հայերեն ճաշացանկ, որովհետև․․․

Ահա այս որովհետևի «ճաշատեսակներն» են, որ դառն են կամ անհամ։ Օրինակ․

«Որովհետև տվյալ սրճարան, ճաշարան կամ ռեստորան հաճախում են նաև օտարերկրացիներ, և, բնականաբար, սպասարկումը պետք է լինի նախ և առաջ նրանց հասկանալի լեզվով․․․»։

«Որովհետև․․․ կա թարգմանության խնդիր»։

«Որովհետև․․․ դա լրացուցիչ ծախս է»։

«Որովհետև․․․ դրա կարիքը չկա»։

«Որովհետև․․․ իրենք չգիտեին»։

Խոսենք վերջինի մասին։

Դիցուք հայ տնտեսավարողը լեզվական օրենսդրությունն իսկապես չգիտի։  Ինչո՞ւ է նա անմիջապես մտածում, որ եթե չկա պարտադրող պահանջ, ուրեմն «իր օբյեկտի», օրինակ, ցուցանակը պետք է ձևավորի օտար լեզվով, գործավարությունը կամ գոնե դրա մի մասը վարի անգլերեն կամ ռուսերեն, ձևաթղթերը կազմի ոչ հայերեն։

Սա՛ է ամբողջ խնդիրը։ Այս մտածողությունն է, որ մեզ խորթացնում է մեզնից։

Լուծելով այսպիսի մտածողության հարցը՝ անմիջապես կլուծենք նաև լեզվական մեր բոլոր խնդիրները, և անգամ անհրաժեշտություն չի լինի ո՛չ օրենքների, ո՛չ վերահսկող մարմինների, ո՛չ «դատ ու դատաստանի»։

Իսկ քանի որ այդ ցանկալի վիճակից մենք դեռևս չափազանց հեռու ենք, ուստի ստիպված ենք շատ դեպքերում ապավինել օրենքի ուժին։

Իսկ օրենսդրությունը տվյալ հարցում հստակ է․ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են գործավարությունը կատարել գրական հայերենով։

Ա՛յս է պահանջում «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, որը մեկ անգամ ևս սպիտակ սկուտեղի վրա «մատուցում ենք» բոլոր «անտեղյակներին» ու հիշեցնում, որ այս դրույթի պահանջը չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված է բավական խիստ պատասխանատվություն։

Եկեք բանը չհասցնենք դրան․ օտար լեզուները՝ անգլերենը, ռուսերենը, օտարի համար են, իսկ Հայաստանում հայերիս «մատուցվող» օտարալեզու ճաշացանկերը ախորժաբեր «համ» բնավ էլ չունեն։

Հեղինակ՝ Գուրգեն Միքայելյան

Սրճարաններում, ճաշարաններում, ռեստորաններում պահանջո՞ւմ եք հայերեն ճաշացանկ, եթե Ձեզ տրվածը միայն անգլերեն կամ այլ լեզվով է։

Ներկայացնում ենք օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Հորդորում ենք նախապատվությունը տալ հայերեն բառերին։

➡️ https://bit.ly/3oGCEP9

Լեզվի կոմիտեն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվար սոցիալական հարթակներում հրապարակել է հորդորակ, նյութեր և հարցումներ դպրոցներում ուսուցչին դիմելու հայերեն ձևերի մասին։

➡️Ամբողջական՝ https://bit.ly/3a3kT7s

Հիշե՛ք

Բժշկական այս գործիքը, որն օգտագործում են վիրահատությունների ժամանակ, կոչվում է ՆՇՏԱՐ։
#ՉԱՍԵՔլանցետ

Կոտայքի Ավան գյուղը Երևանի այժմյան Ավան թաղամասն է: Անցյալում «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից: «Ավան» բառով կազմվել են շատ բնակավայրերի անուններ՝ Ստեփանավան, Սևակավան, Արտավան, Բերքավան և այլն:

Ավելին