Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՕՐԻՆԱԿ ․․․․ ԵՎ ԱՅԼՆ

ՔՆՆԱՐԿԵՆՔ ՄԻԱՍԻՆ

 

Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։

Ասվածը թերևս թվա տարօրինակ, որովհետև դրանք միասին գործածվել են միշտ, և չի առաջացել որևէ հարց։

 

Ասելիքը հստակեցնելու համար բերեմ օրինակներ․

«Այդպիսի կայուն խմբեր են ազգերը, որոշ կազմակերպություններ (օրինակ՝ նախարարությունները, ակադեմիաները և այլն)»:

«Շատ դեպքերում կարելի է կիրառել ոչ ջրային լուծիչներ, օրինակ՝ սպիրտ, եթեր և այլն»։

 

Մեկնաբանենք։ Ե՞րբ է գործածվում «օրինակ» բառը։

Երբ ընդհանուրից, ամբողջից թվարկվում, նշվում է մի քանիսը։ Օրինակ՝ քիմիական տասը տարրից նշվում է, դիցուք, երեքի, չորսի կամ հինգի անունը։

Այսինքն՝ այս դեպքերում գործածվող օրինակ-ը ենթադրում է, որ բոլորը չենք գրում։

 

Իսկ ե՞րբ ենք գործածում «և այլն» կապակցությունը։ Երբ դարձյալ թվարկում ենք ոչ թե ամբողջը, այլ մի քանի օրինակ։

Այսինքն՝ սա նույնպես նշանակում է, որ ամբողջից տալիս ենք մի քանիսի անունը։ Դարձյալ բոլորը չէ, որ գրում ենք։

 

Դառնանք սկզբում տրված հարցին։ Անհարկի կրկնություն չէ՞ դրանց միասին գործածությունը։ Կարծում ենք՝ այո՛։

Համոզվելու համար նախադասություններից հանենք «օրինակ»-ը կամ «և այլն»-ը ու տեսնենք՝ կորցնո՞ւմ են դրանք իմաստային որևէ բան։

«Փորձարկումն» անենք մեկ այլ նախադասության վրա։

«Խմբում կարող են ընդգրկվել այլ մասնագետներ նույնպես․ օրինակ՝ փրկարար, ինժեներ, հրշեջ, բուժաշխատող և այլն»:

Հանենք օրինակ-ը․ «Խմբում կարող են ընդգրկվել այլ մասնագետներ նույնպես․ փրկարար, ինժեներ, հրշեջ, բուժաշխատող և այլն»:

Հանենք «և այլն»-ը․ «Խմբում կարող են ընդգրկվել այլ մասնագետներ նույնպես․ օրինակ՝ փրկարար, ինժեներ, հրշեջ, բուժաշխատող»:

Կրկնենք․ երկու դեպքում էլ թե՛ «օրինակ»-ը, թե՛ «և այլն»-ը միայն և միայն նշանակում են, որ խմբում, բացի փրկարարից, ինժեներից, հրշեջից ու բուժաշխատողից, կարող են ընդգրկվել նաև այլ մասնագետներ, որոնց մասին չենք նշում։

 

Այլ կերպ ասած՝ «օրինակ»-ը պարունակում է «և այլն»-ի իմաստը, և հակառակը՝ «և այլն»-ը պարունակում է «օրինակ»-ի իմաստը։

Սա, իհարկե, առանձնապես «լուրջ» ու «վտանգավոր» սխալ չէ, ու թերևս կլինեն առարկություններ, որովհետև, որքան գիտեմ, այս մասին խոսվում է առաջին անգամ։

Հարցը ավելի շատ տրամաբանական է, քան լեզվական։ Տրամաբանության ու լեզվի մասնագետ Վլ․ Բաղդասարյանի ստեղծած բառով ասած՝ լեզվատրամաբանական է։

Բոլոր դեպքերում, կարծում ենք, ճիշտ կլինի ուշադրություն դարձնել նաև այս հանգամանքին և խուսափել իրար անհարկի կրկնող այս բառերը միասին գործածելուց։

Նկատենք նաև, որ ոչ ոք չի կարծում, թե պարտադիր միասին պիտի «զույգ» կազմեն «օրինակ»-ն ու «և այլն»-ը, և շատ են նաև դեպքերը, երբ գործածվում է սրանցից միայն մեկը։

Թեև ոչ հաճախ, սակայն պատահում է նաև, որ «և այլն»-ը գործածվում է ոչ թե մի քանի բան թվարկելուց հետո, այլ ընդամենը մեկ։ Օրինակ՝ «Գնել էին գրասենյակային պարագաներ (պահարաններ և այլն)»։

Հիշենք․ երբ գործածում ենք «և այլն»-ը, պետք է թվարկվի առնվազն երկու-երեք բան։ Տվյալ նախադասությունը ճիշտ կլիներ, օրինակ, այսպես․ «Գնել էին գրասենյակային պարագաներ (պահարաններ, սեղաններ, աթոռներ և այլն)»։

 

Գուրգեն Միքայելյան

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Մեզ հարցնում են 👇 ․ #հայերեն #հայոցլեզու
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-10/

#հայերեն

Մեզ հարցնում են 👇
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-9/

Ավելին