Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՄՓՈՓԱԳԻՐ «ԲԵՐԳ ՍԱՈՒՆԴ» («BERG SOUND») ՍՏՈՒԴԻԱՅԻ ՆԿԱՐԱՀԱՆԱԾ «ԳԻՏՈՒՆԻԿԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» ՖԻԼՄԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ

Լեզվական ուսումնասիրության ենք ենթարկել «Բերգ Սաունդ» («Berg Sound») ստուդիայի նկարահանած «Գիտունիկի հանրագիտարան» ֆիլմը։ Նկատված սխալները հիմնականում ռուսերեն մտածողության հետևանք են։ Քանի որ ֆիլմը նախատեսված է երեխաների համար, լեզվական սխալները համարում ենք առավել մտահոգիչ, մանուկ ունկնդրի մտածողության զարգացման ու մայրենի լեզվի նկատմամբ ձևավորվող վերաբերմունքի տեսանկյունից՝ վտանգավոր։ Ուշադրություն չի դարձված հաղորդվող տեղեկությունները հստակ, ընկալելի ձևակերպմամբ ներկայացնելու կարևորությանը։ Կադրում երևում է ֆիլմը նկարահանող ստուդիայի միայն օտարալեզու՝ «Berg Sound» անվանումը, ինչը ՀՀ «Լեզվի մասին» օրենքի խախտում է։

ՄԱՍ 1

«Դու անշուշտ ուզում ես իմանալ՝ կրիան ինչու է այդքան դանդաղ սողում, և որ գազանն է ավելի արագ վազում»։

Մինչ հեղինակը կարդում է այս նախադասությունը, էկրանին նախ կրիան է հայտնվում, ապա՝ վագրակատուն։ Տպավորություն է ստեղծվում, թե վագրակատուն ավելի արագ է վազում, քան կրիան սողում է։ Այնինչ այս կենդանիների մասին հայտնած տեղեկությունները տրամաբանական կապ չունեն։ Այստեղ «մեղավորը» ոչ թե ֆիլմի կադրն է, այլ ավելի մակբայը, որը տեղին չէ գործածված։ Այն ունի համեմատելու, բաղդատելու նշանակություն։ Իսկ վագրակատուն ո՛չ թե ավելի արագ է վազում, քան կրիան սողում է, այլ պարզապես արագ է վազում՝ ավելի արագ (այստեղ ավելի-ն տեղին է գործածված), քան աշխարհի մյուս կենդանիները։

Ճիշտ է՝ «Դու անշուշտ ուզում ես իմանալ՝ կրիան ինչու է այդքան դանդաղ սողում, և որ գազանն է բոլորից արագ վազում»։ Կամ՝ «․․․․ ո՞ր գազանն է ամենից արագավազը/ամենաարագավազը»։

Այս սխալը պատահական չէ։ Ֆիլմում ավելի մակբայի անհարկի գործածության դեպքերը բազմաթիվ են։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը․

1․ «Վառարանի նման է (խոսքը արևի մասին է)․ մոտենում ես՝ տաք է, բայց երբ ավելի ես հեռանում, ավելի զով է»։ Այստեղ հեռանալու մասին նախապես չի խոսվել, և սխալ է ավելի հեռանալ-ը։ Իսկ մոտենալը հեռանալու հետ համեմատելի՝ բաղդատելի չէ։ Ինչպես որ բաղդատելի չէ տաքը զովի հետ։ Կարող է լինել զով և ավելի զով, բայց ոչ՝ տաք և ավելի զով։ Նաև՝ սխալ է գործածված բայց շաղկապը։ Այն արտահայտում է հակասման, բացասման իմաստ։ Ասենք, այսպես․ «Վառարանը վառում ես, որ տաքանաս, բայց ավելի ես մրսում»։ Իսկ ֆիլմում հնչած մտքերը իրար չեն հակասում, դրանք գոյություն ունեն իրարից անկախ։

Ճիշտ է՝ «Վառարանի նման է․ մոտենում ես՝ տաք է, իսկ երբ հեռանում ես, զով է»։

2․ «- Այս դեղին, շագանակագույն և կանաչ գույները ցամաքն են։ Այնտեղ չոր է։ Իսկ կապույտ գույնը․․․

– Այնտեղ թա՞ց է։

– Այո՛, նույնիսկ ավելի՛ թաց»։

Երկրագնդի ջրային տարածքների «թաց» լինելու աստիճանից ֆիլմում նախապես չի խոսվել, և ճիշտ չէ համեմատել ու ասել՝ ավելի թաց։

Նաև՝ սխալ է գույների՝ գույն արմատը ունեցող բաղադրյալ անունների հետ գործածել գույն լրացյալը՝ շագանակագույն գույն, մոխրագույն գույնի, վարդագույն գույն և այլն։ Այստեղ, ճիշտ է, շագանակագույն-ից հետո կանաչ-ը կա, բայց գույներ բառը վերաբերում է բոլորին։ Այն խաթարում է խոսքի գեղագիտությունը։

Ճիշտ է՝

«- Այս դեղինը, շագանակագույնն ու կանաչը ցամաքն են։ Այնտեղ չոր է։ Իսկ կապույտ գույնը․․․

– Այնտեղ թա՞ց է։

– Այո՛, շատ թաց է։ Կամ՝ Այո՛, ավելի՛ քան թաց»։

3․ «Էվոլյուցիան քիչ ավելի խրթին բառ է»։

Մինչ այդ որևէ բառի մասին չի խոսվել՝ «էվոլյուցիա» բառի հետ համեմատելու համար։

Ճիշտ է՝ «Էվոլյուցիան մի քիչ խրթին բառ է»։

4․ «Նայեք հովտին։ Այն լեռներից շատ ավելի ցածր է»։

Լեռները ցածր չեն, ուրեմն սխալ է ասել, թե հովիտը լեռներից ավելի ցածր է։

Ճիշտ է՝ «Նայեք հովտին։ Այն լեռներից շատ ցածր է»։ Իսկ եթե պետք է սաստկացնել իմաստը, ուրեմն՝ «Նայեք հովտին։ Այն լեռներից անհամեմատ ցածր է»։

5․ «Դու մոռացար ասել, որ երկրագնդի ցամաքային մեծ տարածքները կոչվում են մայր ցամաքներ, իսկ ավելի փոքրերը՝ կղզիներ»։

Ճիշտ է առանց ավելի-ի՝ «Դու մոռացար ասել, որ երկրագնդի ցամաքային մեծ տարածքները կոչվում են մայր ցամաքներ, իսկ փոքրերը՝ կղզիներ»։

6․ «Կան ավելի մեծ կղզիներ։ Կան նաև փոքրերը»։

Ճիշտ է առանց ավելի-ի՝ «Կան մեծ կղզիներ։ Կան նաև փոքրերը»։

«Մանգաղը փայտե բռնակով երկաթյա իր է։ Մի ժամանակ մարդիկ հացահատիկը հավաքում էին այդպիսի մանգաղներով»։

Խոսքը այն մասին չէ, թե ինչպիսի մանգաղներ են գործածել մարդիկ, այլ այն մասին, թե ինչ է կամ ինչպիսի գործիք է մանգաղը։ Ուրեմն սխալ է այդպիսի մանգաղներով արտահայտությունը։

Ճիշտ է՝ «Մանգաղը փայտե բռնակով երկաթյա իր է։ Մի ժամանակ մարդիկ հացահատիկը հավաքում էին մանգաղներով»։ Կամ՝ «Մանգաղը փայտե բռնակով երկաթյա իր է։ Մի ժամանակ մարդիկ հացահատիկը հավաքում էին այդպիսի (քանի որ այդ պահին ցուցադրվում է, նախընտրելի է՝ այսպիսի) գործիքներով»։

«Այդ լուսնի մասին ասում են․ «Երկնքում մահիկն է փայլում»։

Ֆիլմում կիսալուսնի մասին այս տեղեկությունը հայտնում են ու անցնում առաջ։

Ի՞նչ կհասկանա երեխան սրանից։ Ոչ մի «լավ» բան։ Մահիկը պահլավերեն բառ է, որ նշանակում է լուսին։ Հայերս այն վերագրել ենք կիսալուսնին՝ լուսնի եղջյուրիկին։ Այս բառը կապ չունի ո՛չ մահ-ի, ո՛չ –իկ վերջածանցի հետ։ Բայց երեխան հավանաբար հենց այդպես կընկալի այս տեղեկությունը։ Ուրեմն նրան թյուրիմացության մեջ չգցելու համար այս ոչ այնքան լեզվական, որքան տրամաբանական սխալը պետք էր ուղղել, օրինակ, այսպես․

«Մենք այդ լուսնին օտար բառով մահիկ ենք կոչում։ Երբ նա երևում է, ասում ենք․ «Երկնքում մահիկն է փայլում»։

«- Իսկ մի՞թե ամպերն էլ են օդ։

– Ո՛չ։ Բայց ամպերը հենց գոլորշին է։ Իսկ գոլորշին գոլորշացած ջուրն է»։

Մի քանի դիտարկում պատասխանի առաջին հատվածի վերաբերյալ․ 1․ Ինչո՞ւ հենց, եթե դրանից առաջ գոլորշու մասին չի խոսվել։ 2․ Ինչո՞ւ է գոլորշի բառը որոշիչ հոդով։ Մի՞թե ինչ-որ որոշակի գոլորշու մասին է խոսքը։ 3․ Կա թվային անհամաձայնություն․ ենթական (ամպերը) հոգնակի թվով է, ստորոգյալը (գոլորշի է)՝ եզակի։ 4․ Ինչո՞ւ է նախադասությունը սկսվում բայց-ով (նույնը կլիներ՝ – Սա մանուշա՞կ է։ – Ո՛չ։ Բայց ձնծաղիկ է)։ Հիմա՝ երկրորդ հատվածի մասին։ Եթե ուզում ես բացատրել, թե ինչ է գոլորշին, պետք չէ ասել, որ գոլորշին գոլորշացած ջուրն է։ Եթե երեխան առաջինը չգիտի, երկրորդն էլ հաստատ չի իմանա։

Ուրեմն ճիշտ է, ասենք՝

«- Իսկ մի՞թե ամպերն էլ են օդ։

– Ո՛չ։ Ամպերը գոլորշի են։ Երբ Երկրի վրա ջրերը շատ են տաքանում, թեթև ամպի պես մի բան են դառնում՝ գոլորշի, և գոլորշացած՝ գոլորշի դարձած ջուրը վերև է բարձրանում»։

«Եթե օդը սառը լինի, այդ կաթիլները երկիր թափվելիս վերածվում են սառցե բյուրեղիկների»։

Նշված բայերի մեջ ժամանակային անհամաձայնություն կա։

Ճիշտ է՝ «Եթե օդը սառը լինի, այդ կաթիլները երկիր թափվելիս կվերածվեն սառցե բյուրեղիկների»։ Կամ՝ «Եթե օդը սառն է լինում, այդ կաթիլները երկիր թափվելիս վերածվում են սառցե բյուրեղիկների»։

«Օձը չի կարող գիտակցել, որ պատահմամբ ես տրորել նրան»։

Նախ՝ գիտակցել բառի փոխարեն պետք էր գործածել հասկանալ-ը։ Կենդանու մասին ասում ենք՝ հասկացող է, բայց չենք ասում՝ գիտակից է։ Նաև՝ սխալ է նրան դերանվան գործածումը։ Չէ՞ որ խոսքը երրորդ մեկի մասին չէ։

Ճիշտ է՝ «Օձը չի կարող հասկանալ, որ պատահմամբ ես տրորել իրեն»։

«Մարդը մեր մոլորակի մյուս բնակիչների համեմատ լավագույնս օգտագործեց նրա հնարավորությունները։ Նա սովորեց ինքնուրույն կրակ վառել»։

«Մարդը ո՞ւմ հնարավորություններն է օգտագործել»,- կարող է հարցնել երեխան։ Պատասխանը կվկայի, որ ֆիլմում դարձյալ սխալ դերանուն է գործածվել։

Ճիշտ է՝ «Մարդը մեր մոլորակի մյուս բնակիչների համեմատ լավագույնս օգտագործեց իր հնարավորությունները։ Նա սովորեց ինքնուրույն կրակ վառել»։

«Գլխավորը՝ որ միմյանց և դինոզավրերին նմանվում են ձվից դուրս գալով»։ Մեծամողեսների, կոկորդիլոսների և կրիաների մասին ասված այս միտքը երեխան ինչպե՞ս կարող է ընկալել․ գուցե նմանվում են ձվից դուրս գալուն պե՞ս, կամ գուցե ձվից դուրս գալու ձևո՞վ։ Պարզվում է, որ այս կենդանիները նման են իրենց ծնվելու՝ լույս աշխարհ գալու կերպով՝ բոլորն էլ ձվից են դուրս գալիս։ Սխալ է ձևակերպումը։ Նաև՝ նրանք միմյանց ոչ թե նմանվում են (այս ժամանակաձևը ցույց է տալիս չավարտված գործողություն), այլ նման են։

Ճիշտ է, օրինակ՝ «Գլխավորը՝ որ միմյանց և դինոզավրերին նման են նրանով, որ բոլորն էլ ձվից են դուրս գալիս»։

«Նույնիսկ գտնում են, որ հնադարում նրանք (դելֆինները) ցամաքում են ապրել»։

Նշված բայն այսպիսի համատեքստում գործածելը ռուսաբանություն է։

Հայերենում ճիշտ է՝ «Նույնիսկ կարծում են/տեսակետ կա, որ հնադարում նրանք ցամաքում են ապրել»։

«Կենգուրուները պարկավոր կենդանիներ են։ Նրանց որովայնի վրա այսպիսի ծակ կա»։ Նրանք ձագերին դնում են այնտեղ։

Եթե խուսափել են պարկ բառը կրկնելուց, կարելի էր պատկերավոր՝ պայուսակ ասել, բայց ո՛չ ծակ։

Ճիշտ է՝ «Կենգուրուները պարկավոր կենդանիներ են։ Նրանց որովայնի վրա այսպիսի պայուսակ կա․․․»։

«Մոծակները ապրում են խոնավ տեղերում։ Ծվծվում են ու կծում»։

Մոծակների արձակած ձայնը ծվծվոց չէ։ Ծվծվում են թռչունները, մկները։ Իսկ մոծակները բզզում, դզզում, պզզում, պզպզում են։

Ճիշտ է՝ «Մոծակները ապրում են խոնավ տեղերում։ Բզզում են ու կծում»։

«Նուրբ թերթիկները փակվում են, և վերջ միջատին»։ Ռուսերենից պատճենված արտահայտություն է։ Հայերենում միջատը չի վերջանում, անգամ եթե գիշատիչ բույսի «բերանն է ընկնում»։

Ճիշտ է՝ «Նուրբ թերթիկները փակվում են, և միջատի վերջը տալիս»։ Կամ՝ «Նուրբ թերթիկները փակվում են, և միջատի վերջը գալիս է»։

«Արագությունն այնպիսինն է, որ թռչող քարերը օղակ են թվում»։

Այնպիսի դերանունը կարող է որոշյալ հոդ ստանալ, բայց միայն մեկը՝ այնպիսի(ն)։ Վերջին շրջանում տարածված այսպիսինն-ը սխալ ձև է։

Ճիշտ է՝ «Արագությունն այնպիսին է, որ թռչող քարերը օղակ են թվում»։

«Լինում են փշատերևային անտառներ՝ պատված եղևնիներով ու սոճիներով»։

Որևէ տարածք, ասենք՝ սարը, ձորը, կարող են անտառապատ լինել, կարող են պատված լինել երևնիներով ու սոճիներով։ Բայց չենք ասում՝ անտառը ծառապատ է, քանի որ անտառը հենց ծառերի առկայություն է նշանակում, առանց ծառերի անտառ չի լինում։

Այստեղ ճիշտ է՝ «Փշատերևային անտառներում եղևնիներ ու սոճիներ են լինում»։ Պատկերավոր՝ «Լինում են փշատերևային անտառներ։ Այնտեղ եղևնիներն ու սոճիներն են ապրում»։

«Գետերը կա՛մ օվկիանոս են թափվում, կա՛մ ծով։ Որոշների ակունքները լճերն են»։

Որոշ ածականը անհոգնական է, միայն եզակի թիվ ունի, հետևաբար որոշներ-ը սխալ է։ Որոշ-ի հոգնակին արտահայտվում է լրացյալի հոգնակիությամբ՝ որոշ գործեր, որոշ աղբյուրներ, որոշ  գրողներ։

Ճիշտ է՝ «Գետերը կա՛մ օվկիանոս են թափվում, կա՛մ ծով։ Որոշ գետների ակունքները լճերն են»։

«Բոլորն էլ դինոզավրերի ամենամերցակա ցեղակիցներն են։ Բայց նրանց ամենամերցակաները այսօր թռչում են»։

Այսպիսի աշխատանք կատարելիս պետք է մեծ ուշադրություն դարձնել արտասանությանը։ Մերձակա բառն ինչպես գրվում, այնպես արտասանվում է։

Նաև՝ ավելորդ է առաջին նշումի ամենա ածանցը։ Այսպես ամենամերձական համեմատվում է ամենամերձակաների հետ, ինչն անտրամաբանական է։

Ճիշտ է՝ «Բոլորն էլ դինոզավրերի մերձակա ցեղակիցներն են։ Բայց նրանց ամենամերձակաները (նախընտրելի է՝ ամենամոտ ցեղակիցները) այսօր թռչում են»։

ՄԱՍ 2

«Այդ վարկածի բացատրությանը կծանոթանանք հետագայում»։

Ծանոթանում են ոչ թե վարկածի բացատրությանը, այլ վարկածին։ Եվ եթե ունկնդիրն այդ վարկածին պիտի ծանոթանա նույն հաղորդման ընթացքում, ճիշտ չէ ասել, որ այդ ծանոթությունը տեղի կունենա հետագայում։

Ճիշտ է՝ «Այդ վարկածին կծանոթանանք քիչ հետո/շուտով»։

«Ընտելացրին նաև ձիերին»։

Որևէ այլ կենդանու ընտելացնելու մասին չի խոսվել։ Ուրեմն ինչո՞ւ նաև ձիերին։ Բանն այն է, որ հաղորդավարը թվարկում է այն գյուտերն ու նորամուծությունները, որ մարդն արել է իր գոյության ընթացքում։ Նշում է նաև դրանցից մեկը։

Ուրեմն ճիշտ է՝ «Նաև ընտելացրին ձիերին»։ Կամ՝ «Հետո ընտելացրին ձիերին»։

«Անհրաժեշտ է շատ բան իմանալ․ ինչպես մակույկ կամ նավ կառուցել, և այնպես, որ գլխիվայր չխորտակվես»։

Գլխիվայր-ը ավելորդ է։ Ակամա սկսում ես մտածել խորտակման մյուս՝ «պակաս վտանգավոր» ձևերի մասին։ Կարելի է ավելորդ համարել և շաղկապը։ Սա սխալ չէ, բայց երեխային պետք է հստակ միտք մատուցել։

Ճիշտ է՝ «Անհրաժեշտ է շատ բան իմանալ․ ինչպես մակույկ կամ նավ կառուցել՝ այնպես, որ չխորտակվես»։ Նախընտրելի է՝ «Անհրաժեշտ է շատ բան իմանալ․ մակույկը կամ նավը ինչպես կառուցես, որ չխորտակվես»։

«Շատ ափսոս, որ այսօր ոչ ոք չի հիշում, թե երկրում ով է առաջինը կրակ վառել»։

Երկրո՞ւմ, թե՞ երկրի վրա։ Երկուսն էլ ճիշտ են։ Բայց առաջինը ճիշտ է այն դեպքում, երբ տվյալ տարածքը ներկայացվում է որպես բնակատեղի, իսկ երկրորդը ճիշտ է տվյալ տարածքը որպես աշխարհագրական միավոր ներկայացնելիս։ Համատեքստից պարզ է, որ խոսքը ոչ թե այս կամ այն բնակատեղիի մասին է, այլ Երկիր մոլորակի։

Ճիշտ է՝ «Շատ ափսոս, որ այսօր ոչ ոք չի հիշում, թե Երկրի վրա ով է առաջինը կրակ վառել»։

«Այսօր Պարսկաստանում դեռևս ապրում են փոքրաքանակ կրակապաշտներ»։

Տվյալ համատեքստում այսօր և դեռևս բառերը միասին գործածելը սխալ է։ Դրանցից մեկն այստեղ ավելորդ է։ Նաև՝ նախընտրելի է երկրի ներկայիս պաշտոնական անունը գործածել՝ Իրան։

Ճիշտ է՝ «Իրանում դեռևս ապրում են փոքրաքանակ կրակապաշտներ»։ Կամ՝ «Այսօր (նախընտրելի է՝ Այսօր էլ) Իրանում ապրում են փոքրաքանակ կրակապաշտներ»։

«Այնտեղ, որտեղ այսօր ռուսներ, բելոռուսներ են ապրում, հնում ապրել են սլավոնացիները»։

Նշված ժողովրդին անվանում են բելառուսներ, երկիրը՝ Բելառուս։ Նաև՝ նրանք ոչ թե սլավոնացիների (սխալ ձև է) հետնորդներն են, այլ սլավոնների։

Ճիշտ է՝ «Այնտեղ, որտեղ այսօր ռուսներ, բելառուսներ են ապրում, հնում ապրել են սլավոնները»։

«Այսօր էլ Երկրի վրա մարդկանց մեծամասնությունը հավատում է իրենց աստվածներին»։

Թվայի անհամաձայնություն կա։ Մեծամասնությունը հավատում է՝ եզակի, իրենց՝ հոգնակի։

Ճիշտ է՝ «Այսօր էլ Երկրի վրա մարդկանց մեծամասնությունը հավատում է իր աստվածներին»։ Կամ՝ «Այսօր էլ Երկրի վրա մեծ թվով մարդիկ հավատում են իրենց աստվածներին»։

«Կովը կարող է պառկել ճանապարհի մեջտեղում, և ոչ ոք նրան չի քշի, պարզապես կշրջանցի կամ վազանց կկատարի»։

Վազանցը փոխադրամիջոցով արագ ընթանալով մի այլ փոխադրամիջոցից առաջ անցնելն է։ Եթե կարող ենք կովին պայմանականորեն փոխադրամիջոց համարել, ապա պառկած կովին վազանցել ամենևին չենք կարող։ Ավելի հեշտ է (էր)՝ նախադասությունը շտկել։

Ճիշտ է՝ «Կովը կարող է պառկել ճանապարհի մեջտեղում, և ոչ ոք նրան չի քշի, պարզապես կշրջանցի ու առաջ կանցնի»։

«Տապանը նավարկում է նոր գոյացած ծովով»։

Նավարկում, շրջում, ընթանում են ոչ թե ․․․ով, այլ ․․․ում՝ փողոցում, երկրում, քաղաքում և այլն։

Ճիշտ է՝ «Տապանը նավարկում է նոր գոյացած ծովում»։

«Տապանը հանգրվանում է լեռներից մեկի՝ Արարատ լեռան վրա»։

Պետք է խուսափել բառերի անհարկի կրկնությունից։

Ճիշտ է՝ «Տապանը հանգրվանում է լեռներից մեկի՝ Արարատի վրա»։ Կամ՝ «Տապանը հանգրվանում է Արարատ լեռան վրա»։

«Ինչպես էլ լինի, երկրի բոլոր կրոնների ներկայացուցիչներն ամեն ինչ արել են, որպեսզի մենք այսօր կարողանանք գրել ու կարդալ»։

Ինչպես դերանունը ձև է ցույց տալիս, իսկ այստեղ գործողության ձևի մասին խոսք չկա։ Սա ռուսերենից պատճենում է։ Նաև՝ որպեսզի երեխաներին երկիր բառի երկիմաստությունը չշփոթեցնի, կարելի էր այստեղ օգտագործել Երկիր մոլորակ բառակապակցությունը։ Որպեսզի շաղկապի փոխարեն այստեղ նախընտրելի է գործածել որ-ը։

Ճիշտ է՝ «Ինչ էլ լինի, Երկիր մոլորակի բոլոր կրոնների ներկայացուցիչներն ամեն ինչ արել են, որ մենք այսօր կարողանանք գրել ու կարդալ»։

«Ուշուն չինական ըմբշամարտի մի տեսակն է»։

Նշվածի մեջ որոշիչ հոդն ավելորդ է, քանի որ ուշուն չինական ըմբշամարտի միակ տեսակը չէ։

Ճիշտ է՝ «Ուշուն չինական ըմբշամարտի մի տեսակ է»։

«Աստվածահավատությունը կրոն է»։

Սա սխալ տեղեկություն է։ Այդպիսի կրոն չկա։

Երազիկ Գրիգորյան