Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Բուխարեստում նշվեց Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրը

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հոկտեմբերի 23-ին Բուխարեստում մասնակցել է «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» խորագրով հանդիսավոր միջոցառմանը, որը կազմակերպվել էր Ռումինաիայի ակադեմիայում։

Իր ելույթում Լեզվի կոմիտեի նախագահը ներկայացրել է հայոց լեզվի տարեգրության հիշարժան փաստերը, որոնցից թվագրությամբ ամենավաղը հայոց այբուբենի ստեղծումն է, իսկ ամենաթարմը՝ Ռումինիայի խորհրդարանի կողմից «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքի ընդունումը։

-Սա աշխարհում առաջին դեպքն է, որ մի երկրում հայերենը, հայոց գիրը և մշակույթը նշանավորելու օր է սահմանվում օրենքով,- ընդգծել է Դ․ Գյուրջինյանը՝ իր երախտագիտության խոսքն ուղղելով Ռումինիայի պետությանն ու խորհրդարանին՝ նման նախադեպ ստեղծելու համար:

Լեզվի կոմիտեի նախագահի ելույթն ամբողջությամբ՝ ստորև։

Հարգելի՛ ներկաներ,

Բուխարեստ գալուց առաջ ես մտածում էի՝ այսօր, այս հանդիսավոր նիստի ժամանակ, ինչի՞ց պիտի խոսեմ՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը, լեզվի բնագավառը տնօրինող պետական մարմինը՝ Լեզվի կոմիտեն: Ես խոսելու եմ ոչ միայն որպես պետական պաշտոնյա, այլև մի հայ մարդ, որը երեսուն տարուց ավելի զբաղված է հայերենի ուսումնասիրությամբ և դասավանդմամբ, դպրոցական և համալսարանական բազմաթիվ դասագրքերի հեղինակ է, շուրջ երկու տասնամյակ ղեկավարում է դպրոցականների հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադայի աշխատանքները, հրատարակության է պատրաստել Նոր Կտակարանի և Սաղմոսագրքի իմաստային թարգմանությունները, խմբագրել գրաբար Աստվածաշնչի համաբարբառը… Դադարեցնեմ, որովհետև ինձ ներկայացնելու համար չեմ եկել, այլ մասնակցելու մի շատ կարևոր հանդիսության՝ նվիրված Ռումինիայում «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքի ընդունմանը:


Ես մտովի ստեղծեցի հայոց լեզվի սեղմ մի տարեգրություն, յուրահատուկ մի օրացույց, որ հազարամյակներով ու դարերով է չափվում, և նրա մեջ փորձեցի տեսնել Հոկտեմբերի 12-ը:


Մեր օրերից շուրջ 5000 տարի առաջ Հայկական լեռնաշխարհում հնդեվրոպական նախալեզվից անջատվեց ու ձևավորվեց աշխարհի հնագույն լեզուներից մեկը՝ հայերենը: Հնդեվրոպական լեզվաընտանիքում այն առանձին ճյուղ է կազմում՝ ցեղակից լինելով հունարենին, լատիներենին, պարսկերենին, այժմ մեռած և խոսվող բազմաթիվ լեզուների:


405թ. Մեսրոպ Մաշտոցն իր հանճարի ուժով և աստվածային ներշնչանքով ստեղծեց հայերենի այբուբենը: Մաշտոցը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սրբերից է: Հայոց եկեղեցին սահմանել է Սուրբ թարգմանիչների տոն, որ խորհրդանշում է հայ գրի գյուտը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկզբնավորումը:


405 թ. Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, այնուհետև երկրի տարբեր մասերում (այդ թվում՝ Արցախում), հետագա դարերում նաև Հայաստանից դուրս բացվեցին հայերեն ուսուցմամբ դպրոցներ:


405-408թթ. և 430-ականներին հայերեն թարգմանվեց Աստվածաշունչ մատյանը:
V-VI դարերի իմաստասեր Դավիթ Անհաղթն առաջադրեց քառյակ գիտությունների՝ թվաբանության, երաժշտության, երկրաչափության և աստղաբաշխության ներդրումը ուսումնական ծրագրում՝ որպես բարձրագույն կրթության հիմք:


VII դարում Անանիա Շիրակացին ստեղծեց հայոց լեզվով թվաբանության առաջին դասագիրքը:


XI դարում Բագրատունյաց հարստության Լոռվա ճյուղի Կյուրիկե Երկրորդ թագավորի հատած դրամները մեզ հասածների մեջ առաջինն են, որոնց  մակագրությունները հայերեն են:


XI-XIV դարերում հայերենը պետական լեզվի կարգավիճակ ուներ Կիլիկյան Հայաստանում:


1512թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով  լույս տեսավ հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը»:


1773թ. լույս  տեսավ հնդկահայ մեծահարուստ մտավորական Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատությունը, որը հայկական առաջին սահմանադրությունն էր (այո՛, զարմանալի է, բայց այդ ժամանակ պետականությունից զուրկ Հայաստանի համար):


1794 թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն քահանա Շմավոնյանը լույս ընծայեց հայ պարբերական մամուլի առաջնեկը՝ «Ազդարար» հանդեսը:


XIX դ. կեսերին հայերենը երկփեղկվեց գրական երկու ճյուղերի՝ արևմտահայերեն և արևելահայերեն:


1868 թ. հայերենը դարձավ նաև օպերայի լեզու. Տիգրան Չուխաճյանը ստեղծեց հայկական առաջին՝ «Արշակ Երկրորդ» օպերան:


1915 թ. Օսմանյան կայսրության  կազմակերպած և իրականացրած ցեղասպանության ընթացքում իր բնօրրանում բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի հայությունը՝ արևմտահայերեն խոսողների գրեթե կեսը: Ողջ մնացածներն արտաքսվեցին հայրենիքից, սփռվեցին աշխարհով մեկ, արևմտահայերենը զրկվեց բնօրրանում բնականորեն զարգանալու  հնարավորությունից՝ դառնալով սփյուռքի  լեզու: Հենց այդ շրջանից սկսվեց արևմտահայերենի վտանգվածությունը:


1919 թ. դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության  խորհրդարանը (նիստը վարում էր խորհրդարանի փոխնախագահ, հայտնի գրող Լ. Շանթը) ընդունեց «Լեզվի մասին օրենքը», որով հայերենը պետական լեզու էր հռչակվում (հրապարակվել է դեկտեմբերի 26-ին):


1935 թ. ստեղծվեց հայերեն առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպո»-ն՝ նկարահանված  Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի հիման վրա:


1993 թ. մարտի 30-ին նորանկախ Հայաստանի օրենսդիր բարձրագույն մարմինը՝ Գերագույն խորհուրդը,  ընդունեց «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքը (երկրի նախագահը հաստատեց ապրիլի 17-ին):


1996 թ. մարտի 20-ին ազատատենչ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ընդունվեց «Լեզվի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը», որով հայերենը  հռչակվեց պետական լեզու:


Եվ, վերջապես, ամենաթարմ իրադարձությունը՝ Ռումինիայի խորհրդարանն ընդունեց «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքը: 2019 թ. հոկտեմբերի 10-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն իր ստորագրությամբ հաստատեց օրենքը:


Այս օրն իսկապես մտնելու է հայոց լեզվի յուրատեսակ տարեգրության մեջ: Սա աշխարհում առաջին դեպքն է, որ մի երկրում հայերենը, հայոց գիրը և մշակույթը նշանավորելու օր է սահմանվում օրենքով: Դա Ռումինիայի բարձր ու գնահատելի քայլն է, պետության և նրա ժողովրդի գնահատանքի նշանը 1000 տարուց ավելի այս հյուրընկալ երկրում ապրող հայերի յուրահատուկ դերի, նշանակության, նրանց գործարար և ստեղծարար ջիղի, մշակութային մեծ ներդրման, օրինավորության ու Ռումինիային՝ իբրև հայրենիքի ծառայելու:


Հայաստանում այս լուրը մեծ գոհունակությամբ և ուրախությամբ ընդունվեց: Այս օրենքի ընդունումը կարևոր ազդակ կդառնա հայերենի և հայ մշակույթի նկատմամբ հետաքրքրության աճին ոչ միայն ռումինահայերի, այլև ռումինացիների և Ռումինիայի այլ ազգությունների շրջանում, կշարունակվի հայ-ռումինական մշակութային երկխոսությունը, բարեկամ ազգերի համագործակցությունը:


Հուսով եմ, որ օրենքի ընդունումը խթան կդառնա Ռումինիայում հայերենի ուսուցման, հայերի (և ծագումով հայերի) շրջանում հայախոսության ծավալման:

Ի վերջո, պատմական այս իրադարձությունը կարող է արձագանքներ ունենալ աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ հայերս գործունյա, կենսունակ և ազդեցիկ համայնքներ ունենք:

Եվ ես այժմ երախտագիտության խոսք եմ ասում Ռումինիայի պետությանը, խորհրդարանին՝ այսպիսի հիանալի նախադեպ ստեղծելու համար: Հատուկ շնորհակալություն խորհրդարանի հայ պատգամավորներին՝ Վարուժան Ոսկանյանին և Վարուժան Փամբուկչյանին, բոլոր այն մարդկանց՝ հայ և ռումինացի, որոնք նպաստել են այս գործին:


Գնահատանքի խոսքեր  Ռումինիայի Հայոց Միությանը (նախագահ՝ պատգամավոր Վարուժան Ոսկանյան) և Ռումինիայում Հայաստանի   դեսպանությանը (դեսպան՝ Սերգեյ Մինասյան):


Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, ձեզ հետ: Շնորհակալություն ուշադրության համար: