Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Սիրելի հայերեն

Բարև՛, իմ լավ բարեկամ:

Մեր հանդիպումների ժամանակ մենք կխոսենք լեզվական խաթարումների, ճիշտ ու սխալի մասին: Գիտենք, որ դու էլ մեզ հետ միասին պայքարում ես հայերենի մաքրության, անաղարտության համար: Չէ՞ որ մենք մեր լեզվի զինվորներն ենք: Իսկ զինվորները որքան շատ լինեն, բանակն այնքան ուժեղ կլինի:   

Դու լավ գիտես, որ մարդը նախ և առաջ ներկայանում է իր խոսքով: Խոսքից երևում է մարդու ոչ միայն գրագիտությունը, այլև ներքին հարստությունը, դաստիարակվածությունը:

Ուրեմն լեզվական ճիշտ ու սխալից խոսելուց առաջ հիշենք այս խորհուրդները.

-Երբեք մի՛ գործածիր այն բառը, որի իմաստը չգիտես կամ վստահ չես, որ ճիշտ գիտես:

-Անծանոթ բառի հանդիպելիս մի շրջանցիր, աշխատիր անպայման պարզել դրա իմաստը` բառարանի, ուսուցչիդ կամ ծնողիդ օգնությամբ:

-Ունեցի՛ր նոր սովորած բառերի բառատետր, փորձիր խոսքիդ մեջ գործածել այդ բառերը, մինչև որ դրանք քո բառապաշարում իրենց հիմնական տեղն ունենան:

-Աշխատի՛ր խոսելիս օտար բառեր չօգտագործել, եթե հայերենն ունի դրանց համարժեքը:

-Խելացի ու գրագետ երևալու համար մի՛ գործածիր իրավիճակին անհարիր գրական բառեր, կարողացիր ճիշտ ընտրել խոսքիդ ոճը:

-Խուսափի՛ր տարիքիդ ոչ համապատասխան բառեր ու դարձվածքներ գործածելուց:

-Վարժ խոսողի տպավորություն ստեղծելու համար մի՛ խոսիր շատ արագ: Դրանից խոսքդ կարող է դառնալ անհասկանալի կամ պակաս տպավորիչ:

-Հարցին հարցով մի՛ պատասխանիր: Մի՛ կրկնիր քեզ տրված հարցը, եթե դրա անհրաժեշտությունը չկա:    

-Ընտրի՛ր ասելիքիդ համապատասխան հնչերանգ: Սխալ հնչերանգով ասված խոսքը կարող է դառնալ կոպիտ, ծիծաղելի, վիրավորական, եթե անգամ իմաստով այդպիսին չէ:

-Թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքում խուսափի՛ր ավելորդ բառեր գործածելուց: Այդպես խոսքդ կդառնա դիպուկ և ազդեցիկ: 

-Եթե ուզում ես հաճելի զրուցակից լինել, աշխատիր մինչև վերջ ուշադիր լսել քեզ հետ խոսողին:

-Խոսելիս անպայման արտասանիր բառերիդ բոլոր տառերը: Հակառակ դեպքում, եթե անգամ խոսքդ մի կերպ հասկանալի լինի, երբեք չի կարող լինել գեղեցիկ ու կիրթ:

-Շատ կարդա: Կարդալիս հետևիր ո՛չ միայն այն բանին, թե ինչ է գրված, այլ թե ինչպես է գրված:  

Երազիկ Գրիգորյան

Նյութը հրապարակվել է «Կախարդական բանալի» ամսագրում։