Վերջերս շրջանառվող լոքեր (locker) օտար բառը հատկապես ծանոթ է առցանց գնումներ կատարողներին։ Այն փոստում կամ այլ հանրային վայրում տեղադրված մեծ պահարան է, որն ունի բազմաթիվ կողպվող դարակներ։ Այդ դարակներում ժամանակավորապես պահվում է առաքանին։
Անգլերեն-հայերեն բառարաններում լոքեր բառի դիմաց գրված է «անձնական իրերի կողպվող պահարան»։
Հայաստանյան մի շարք բանկեր լոքեր բառի համարժեք գործածում են պահատուփ բառը։ Դա այն մեծ պահարանն է բանկում, որն ունի բազմաթիվ կողպվող դարակներ անձնական իրերը ի պահ տալու համար։
Շրջանառվում է նաև պահախցիկ բառը (камера хранения), որն էլ գործածվում է որպես լոքերի կամ սեյֆի հայերեն համարժեք։ Սակայն պետք է նշել, որ սեյֆն ու լոքերը տարբեր կիրառություններ ունեն, նույնը չեն։ Սեյֆը հիմնականում տանը կամ աշխատավայրում է լինում, վերջերս նաև հյուրանոցային սենյակում։
Հստակեցնելու համար առաջարկում ենք քվեարկություն․ ի՞նչ եք կարծում որպես լոքերի համարժեք պահատո՞ւփ, թե՞ պահախցիկ բառն է ավելի ճիշտ գործածել: