Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Մեզ հարցնում են (8)

Որքան նկատել եմ, զերծ և զուրկ բառերը, ունենալով մոտ իմաստներ, ունեն նաև որոշակի տարբերություններ։ Խնդրում եմ անդրադառնալ դրանց կիրառությանը։ Ո՛ր դեպքում պետք է գործածել զերծ-ը, ո՛ր դեպքում՝ զուրկ-ը։

 

Նախ բերենք այս բառերի գործածության մի քանի օրինակ՝ վերցված գեղարվեստական գրականությունից․

«Այժմ դուք ․․․․ զերծ եք այդ սպանիչ ախտից» (Սերո Խանզադյան):

«Չպետք է թաքցնել, որ այդ իրականությունը զերծ չի եղել թերություններից» (Սիլվա Կապուտիկյան):

«․․․․ նա վայելում է մի քանի ուրիշ բարիքներ, որոնցից զուրկ են թե՛ իրավաբանը, թե՛ երկրաչափը և թե՛ ճարտարապետը» (Մուրացան):

«Սիրտ ունեինք ․․․․ բայց դեռևս զուրկ էինք գրական վարպետությունից» (Վախթանգ Անանյան):

Ինչպես տեսնում ենք, առաջին երկու նախադասության մեջ, որտեղ խոսքը ախտի ու թերությունների մասին է, գործածված է զերծ բառը, մյուս երկուսում՝ բարիքների ու վարպետության հետ՝ զուրկ-ը։

Կարծում ենք՝ այս բառերի իմաստային տարբերությունն արդեն կարելի է զգալ։

Եթե ասենք կարճ, զերծ լինում են վատ բանից, զուրկ՝ լավ։

Այս հարցին անդրադարձել է լեզվաբան Պետրոս Բեդիրյանը։ Ըստ նրա՝ սրանք հոմանիշ բառեր են, որոնք «մի բանից հեռու լինելու, մի բան չունենալու» ընդհանուր նշանակությունը ունեն, որոնք, սակայն, հստակորեն տարբերակվում են կիրառության նրբերանգներով։

Զերծ֊ը գործածվում է «վատ, մերժելի բանից հեռու մնալու, առանձնացնելու» իմաստով (չարիքից, վտանգից, դժբախտությունից), զուրկ֊ը՝ «որևէ լավ հատկություն կամ անհրաժեշտ, ցանկալի բան չունենալու» (բարիք, աշխատանք, ունեցվածք, խելք)։

Այսուհանդերձ, նկատենք նաև, որ երկու բառերն էլ երբեմն կարող են կիրառվել այնպիսի դեպքերում, երբ խոսք չկա լավ կամ վատ, դրական կամ արատավոր երևույթների մասին։ Դա զուրկ-ի պարագայում ակնհայտ է հատկապես գիտական խոսքի մեջ։ Oրինակ՝

«Ձայնարկությունները զուրկ են խոսքիմասային իմաստից կամ ունեն խոսքիմասային զրո իմաստ» ովհաննես Բարսեղյան):

Ահա այդպիսի օրինակներ նաև զերծ-ի գործածության․

«Այդ հնարանքը՝ երազը, գեհենային նենգության անկրկնելի մի նմուշ է, և նրա օգտագործումը՝ զերծ ամենայն պատասխանատվությունից» (Վահրամ Փափազյան):

«․․․․ ի՞նչ խղճով պատժենք այս անմեղներին, որոնց Աստված զերծ է համարում ամեն մի պատասխանատվությունից» (Վարդգես Պետրոսյան):

«Լուսինը զերծ է մթնոլորտից, այնտեղ չկա օդ, չկա ջուր, չկա քամի ու անձրև․․․․ » (Արտակ Վարդազարյան):

«Հարկե զերծ պիտի հայտարարել այն ժպիտները միայն, որք շահադիտական նպատակներ չունենալով, սիրային բնույթ կկրեն» (Լեռ Կամսար):

Քանի որ խոսվեց հարկի մասին, չմոռանանք նաև մաքսը և հիշենք նաև մաքսազերծ, մաքսազերծել բառերը, որոնցում զերծ-ն ունի «անմեղ»՝ չեզոք նշանակություն։

Բերենք նաև զուրկ-ով կազմված բարդությունների օրինակներ, որտեղ այն բառերին տալիս է «լավ բան չունենալու» նշանակություն՝ ընչազուրկ, ձայնազուրկ, պատվազուրկ, իմաստազուրկ։

Գուրգեն Միքայելյան

🏖 Ծովափին կամ լողավազանին կից կան երկար աթոռներ, պառկելու հարմարանքներ, որոնց վրա պառկում, կիսապառկում են հանգստացողները։
Այս առարկան հայերեն անվանելու մի քանի տարբերակ կա։
Ո՞ր տարբերակն եք նախընտրում դուք։
Քվեարկեք մեր կայքում ⤵
https://cutt.ly/dReh8FB

https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-24/ Օտար բառերից խուսափելու համար⤵️

Խաղա՞նք
https://www.langcom.am/%d5%ad%d5%a1%d5%b2-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-3/

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-14/

Ավելին
facebook