Եթե բառը կազմված է –երեն ածանցով, կարող ենք ենթադրել, որ մլթոներեն-ը լեզվի անուն է։
Ի՞նչ լեզու է սա, արդյոք լեզո՞ւ է, բառի բառակազմական հիմքը ո՞րն է, ի՞նչ ծագում ունի: Այս հարցերի պատասխանը չեն տալիս ժամանակակից հայերենի բացատրական բառարանները:
Ստ. Մալխասյանցի բացատրական բառարանում[1] մակբայի արժեքով և հնացած բառի պայմանական նշանով տրված են մլթօնեվար և մլթօներէն բառերը՝ «մլթոնի լեզվով» ուղիղ և «անհասկանալի լեզվով, սաստիկ աղճատված լեզվով» փոխաբերական իմաստներով (վերջինիս համար նշված է, որ արհամարհական երանգ ունի): Բերված է ինքնաշեն օրինակ՝ «Ես մլթօներէն չեմ հասկանում, հայերէն գրեցէք»:
Ակադեմիական բացատրական բառարանում մակբայի արժեքով տրված է միայն մլթոներեն-ը՝ «անհասկանալի, անիմաստ լեզվով» բացատրությամբ[2]: Էդ. Աղայանի բառարանում մլթոներեն-ը տրված է գոյականի «անհասկանալի լեզու» և մակբայի փոխաբերական «անհասկանալի՝ անիմանալի լեզվով» իմաստներով[3]: Նույն իմաստներով կա նաև Լ. Մելիքսեթ-Բեկի հայերեն-վրացերեն բառարանում[4]։
Ըստ Ստ. Մալխասյանցի բառարանի (ինչպես ասացինք, մլթոներեն-ն այստեղ բացատրվում է նախ «մլթոնի լեզվով»)՝ մլթոներեն-ի բառակազմական հիմքն հնացած մլթօնի բառն է: Առանձին գլխաբառով տրված մլթօնի-ն գոյական է, որը մի անհայտ ցեղի անուն է և գործածվում է «վայրենաբարո, անօրեն, անհավատ» իմաստով[5]:
Ակադեմիական բարբառային բառարանում մլթոնի բառը նշված է որպես Թբիլիսիի հայ բարբառին բնորոշ միավոր, իսկ մոլթանի տարբերակը՝ Ղարաբաղի և Նոր Ջուղայի[6]: Բառային տարբերակների երկու իմաստ է տրված՝ «կռապաշտ, անօրեն, անհավատ» և «այլազգի»: Մոլթանի-ն կա հայերեն տպագիր առաջին՝ Ֆ. Ռիվոլայի հայ-լատիներեն բառարանում[7]։
Պարսիկները շիա հնդիկներին անվանում են մոլթանի [8]: Մոլթանի կոչվածները ապրում են Պակիստանի Փենջաբ վիճելի նահանգում (Մուլթան քաղաք և շրջակայք), լեզուն, որը լահնդական բարբառ է, կոչվում է մուլթանի (անգլ. Multani)։ Բառը պարսկերենից անցել է ուրիշ լեզուների, այդ թվում՝ հայերենի բարբառներին։
Հայերենում մոլթանիների՝ այդ կռապաշտ, վայրենի մարդկանց լեզուն կոչվեց մլթոներեն։ Մլթոներեն-ը նախապես, բառի ստեղծման պահին գուցեև նշանակել է «Մուլթանի հնդիկների լեզու» (որևէ վկայություն չունենք), սակայն այդ իմաստը մոռացվել է։ Բառը հայոց լեզվում գործածվում, բառարաններում էլ արձանագրվել է «անհասկանալի լեզու, այդ լեզվով խոսվող» իմաստներով. Հայաստան հասած հնդիկների՝ մոլթանիների (կամ այլազգիների) լեզուն անհասկանալի է եղել հայերին, նրանց լեզուն նկատի ունենալով՝ առհասարակ անհասկանալի լեզուն սկսեցին կոչել մլթոներեն: Հայերեն խոսողները մեծ մասամբ անտեղյակ են բառի ծագումից։
Դ․ Գյուրջինյան, «Հայերեն լեզվանունների յուրահատուկ մի խմբի մասին»,
Հայագիտական հանդես Nº1 (55), Երևան, 2022, էջ 30-54։
[1] Տե՛ս Ստ. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, հ. 3, Երևան, 1944, էջ 341: [2] Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ. 3, Երևան, 1974, էջ 544: [3] Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, էջ 1017: [4] Լ. Մելիքսեթ-Բեկ, Հայերեն-վրացերեն բառարան, վերամշակեց, լրացրեց և հրատարակության պատրաստեց Մ. Ռոբաքիձեն, Թբիլիսի, 1996, էջ 224: [5] Հմմտ. Ստ. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, հ. 3, էջ 341: [6] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Դ, Երևան, 2007, էջ 61: [7] F.Rivola, Dictionarium Armeno-Latinum, Միլան, 1621, էջ 166։ [8] Հմմտ. А. Г. Серебров, Историко-этнографическое описание Дагестана – 1796 г. / История, география и этнография Дагестана XVIII-XIX вв. Архивные материалы, Москва, 1958, էջ 178: