Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Վտարակ

Ռուսերեն изгой (իզգոյ)  բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։ Այս օտար բառը քաղաքական գործիչները, լրագրողները գործածում են հայերեն ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում։ Այնինչ «իզգոյ»-ի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։ Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։

Նախ պարզենք, թե որտեղի՛ց է գալիս изгой  բառը․ հին Ռուսիայում այդպես էին կոչում ազատ արձակված ճորտին կամ սնանկացած վաճառականին․ այսինքն՝ հասարակությունից դուրս մնացած՝ «ապադասային» մարդուն։ Հետագայում բառն իր իմաստը ընդլայնել է և նշանակում է «որևէ հասարակությունից կամ համայնքից դուրս թողնված, մերժված, չընդունված անձ»։

Հայերեն ՎՏԱՐԱԿ-ը մինչև բառարաններում գրանցվելը գործածել է Ներսես Շնորհալին իր «Ողբ Եդեսիոյ» ստեղծագործության մեջ․ «Եւ զգերութիւնդ իմ վտարակ դարձուցանէ այսրէն ի յարկ․․․»

Այս գործածության հիման վրա բառն արձանագրվել է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (Վենետիկ,1837) բառարանում՝ «վտարյալ, վտարանդի, տարագրյալ» իմաստով։ «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» (Վենետիկ, Բ տպագր., 1865), ինչպես նաև Ս. Գաբամաճյանի «Նոր բառագիրք հայերէն լեզուի» (Կ. Պոլիս, 1910) բառարաններում ՎՏԱՐԱԿ բառի դիմաց գրված է «դուրս քշած»։

Ստ․ Մալխասյանցի «Հայերէն բացատրական բառարանում» ՎՏԱՐԱԿ «դուրս ձգված» բառի կողքին կան վտարական, վտարված բառերը ևս։ Հետագայում ակադեմիական (Երևան, 1980) ու Էդ․ Աղայանի (Երևան, 1976) բացատրական բառարաններում բառն այլևս չի գրանցվել։ Հարկ է նշել, սակայն, որ բառը կա Ա. Ղարիբյանի կազմած ռուս-հայերեն ստվարածավալ բառարանում (Երևան, 1968)։

ՎՏԱՐԱԿ-ի արմատն ունի ՎՏԱՐԱՆԴԻ-ն։ Իմաստային ի՞նչ տարբերություն կա այս երկուսի միջև։ Էդ․ Աղայանը ՎՏԱՐԱՆԴԻ-ն բացատրել է այսպես՝ «իր հայրենիքից հեռացած և օտար երկրում բնակություն հաստատած մարդ, տարագիր, պանդուխտ», ակադեմիական բացատրական բառարանն ունի նաև «հայրենիքից քշված, հայրենիքից արտաքսված» իմաստը։ ՎՏԱՐԱԿ-ի իմաստը փոքր-ինչ տարբեր է․ մարդուն համայնքն է դուրս արել՝ չընդունելով, մերժելով։ Վտարանդին հայրենիքից է հեռացել, իսկ վտարակը հեռացվել է համայնքից։

Չնայած հայերեն համարժեքի գոյությանը՝ «իզգոյ»-ը ՎՏԱՐԱԿ-ից հաճախադեպ է։ Արևելահայերենի ազգային կորպուսում (ԱՐԵՎԱԿ) «իզգոյ»-ի օրինակները 35-ն են, իսկ ՎՏԱՐԱԿ-ինը՝ ընդամենը վեցը, որոնցից չորսը՝ Աղասի Այվազյանի խոսքից։ Ահավասիկ ՎՏԱՐԱԿ-ի գործածության մեկ նմուշ նույն Ա. Այվազյանից (ո՛չ ԱՐԵՎԱԿ-ից). «Ու քարոզիչ Վան Գոգը դարձավ աղաղակող, բոռացող վտարակ, պտտեցրեց իր հուսալքությունը, պտտեցրեց և գծեց արև…» («Վան Գոգ»)։

 

Այժմ բառն ընդլայնել է իր ընդգրկման շրջանակը, և ՎՏԱՐԱԿ կարող է լինել ոչ միայն անձը, այլև որևէ պետություն, կազմակերպություն և այլն․ յուրաքանչյուրը, որ վտարվել է որևէ խմբից, միավորումից։

ՎՏԱՐԱԿ-ի գործածության դեպքերն ավելացել են համացանցում՝ լրատվական և սոցիալական կայքերում։ Ահա մի քանի օրինակ՝

  1. «Աֆղանստանը, որը վայրագություններ է գործում իր ժողովրդի դեմ, վտարակ պետություն կդառնա» (Նյուզ․էյէմ, 28.07.2021)։
  2. «Փորձագետներ. Բայդենը Սաուդյան Արաբիային վտարակ չի դարձնի» (Նյուզ․ էյէմ, 26.02.2021)։
  3. «Թուրքիան էլ, շարունակելով այս հարցում իր ժխտողական քաղաքականությունը, հետզհետե հավակնելու է վտարակ պետության կոչմանը» (Էմիլ Օրդուխանյան. Ֆեյսբուք, 1Նոտա, 06․05․2021)։

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook