Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Press կենտրոն» հաղորդաշարի լեզվի վերլուծություն

Պրեսս-հաղորդաշարի-լեզվի-վերլուծություն

Հաղորդաշարի թողարկումներում լեզվական սխալներ հնչում են հաճախ։ Հասկա­նալի է, որ հաղորդավարների խոսքը հանպատրաստից է, բայց, այնուամենայնիվ, այս հանգամանքին հարկավոր է ուշադրություն դարձնել։

Արձանագրվել են տարաբնույթ անճշտություններ։ Շատ են հատկապես օտարաբա­նությունները։ Ասվածի ապացույցներից է հաղորդման անվանումը՝ «Press կենտրոն», որտեղ օտար բառը օտարատառ էլ գրված է։ Սա պետք է ուղղել շուտափույթ։

Ստորև բերում ենք նկատված սխալների օրինակներ։

 

07․10․2022

«Փաստերով խոսանք» (Արման Աբովյան)։

Քանի որ նշված բառը «ե» խոնարհման է, ուստի պետք էր ասել՝ խոսենք։

 

«․․․․ Ձեր՝ տարիների կատարած աշխատանքը ի՞նչ է հուշում այս մասին» (Շաքե Իսայան)։

Մասին բառը գործածելու կարիք չկար։ Պարզապես պետք էր ասել․ «․․․․ Ձեր՝ տարի­ների կատարած աշխատանքը ի՞նչ է հուշում»։

 

«Հասկանալի է Ձեր տեսանկյունը» (Ա. Ա.)։

Թեև տեսանկյուն և կարծիք բառերը հոմանիշներ են, բայց միշտ չէ, որ դրանք իրար փոխարինում են։

Տվյալ դեպքում նպատակահարմար էր ասել․ «Հասկանալի է Ձեր կարծիքը»։

 

«Մեկ էլ գալիս է մի իրավիճակ, երբ որ զենք-զինամթերքի հետ կապված բոլոր այս գործառույթները բերում են ոչ առողջ, մեղմ ասած, հանրային քննարկման» (Ա. Ա.):

Կան անհաջող ձևակերպումներ ( օրինակ՝ գալիս է իրավիճակ, գործառույթները բերում են ․․․․ քննարկման):

Ընդհանրապես անհարթ է ամբողջ նախադասությունը։ Ասելիքը պետք էր ձևակեր­պել այլ կերպով։

 

«Պարո՛ն Նահապեծյան, երկու նախադասությունով ․․․․» (Ա. Ա.), «Բավականին լուրջ հայտարարություն է, պարո՛ն Նահապեծյան» (Շ. Ի.):

Հաղորդավարներն այս ազգանունն արտասանում են ընդգծված ծ-ով։

Ճիշտ է ասել՝ Նահապետյան։

 

«Բացի թիթեռ նկարելը՝ նաև խրախուսում ես ագրեսիան» (Ա. Ա.):

Բացի կապը պահանջում է, որ իրեն կապվող բառը լինի բացառական հոլովով։

Պետք էր ասել․ «Թիթեռ նկարելուց բացի՝ նաև խրախուսում ես ագրեսիան»։

 

«․․․․ դա Ռուսաստանին չի վերաբերվում» (Ա․ Ա․), «․․․․ երբ խոսքը վերա­բեր­վում է դաշնակից պետությանը» (Շ․ Ի․)։

Վերաբերել և վերաբերվել բառերն ունեն իմաստային տարբերություն։ Այս հարցի հետ կապված՝ առաջարկում ենք ընթերցել Լեզվի կոմիտեի հրապարակումը[1]։

 

«Հայաստանը ինչ-որ իքս պետությանը գումար է վճարել (Ա․ Ա․)»։

Կա տրամաբանական հակասություն։ Քանի որ իքսը անորոշն է, անհայտը, ուստի նրա հետ գործածված պետություն բառը չէր կարող լինել որոշյալ առումով։

Հարկավոր էր ասել․ «Հայաստանը ինչ-որ իքս պետության գումար է վճարել»։

 

«Ըսենց ասենք, էլի» (07.10.2022, Ա. Ա.), «Այնտեղ մեզ համար լավ բան հլը որ չկա»։ (14.10.2022, Շ. Ի․), «․․․․ ըսենց մի արտահայտություն գլխիս մեջ պտտվեց» (21․10․2022, Ա․ Ա․):

Հաղորդումների ընթացքում հաղորդավարները հաճախ են խոսում այսպես ոչ գրական։ Դա մերժելի է։ Այս խնդրին նույնպես պետք է ուշադրություն դարձնել։

 

14․10․2022

«․․․․ հիմնական դերակատարը դա պայմանական արևմուտքն էր» (Ա. Ա.):

Հայերենում ենթակայի հետ նրան կրկնող դերանուն գործածելը ճիշտ չէ։

Պետք էր ասել․ «․․․․ հիմնական դերակատարը պայմանական արևմուտքն էր»։

 

«Այսինքը, այս «պետք է»-ն չի տեղավորվում այս հայտարարությունների մեջ», «Այսինքը, այն, ինչ տեղի է ունենում ․․․․» (Շ․ Ի․):

Նշված բառը գրվում և արտասանվում է այսպես՝ այսինքն։

 

«Ընդհատվենք գովազդով» (Ա. Ա.):

Այսպես ասվում է օտար լեզվամտածողության ազդեցությամբ։ Հայերենում ճիշտ կլինի ասել․ «Ընդհատենք գովազդով»:

 

«Դրա մասին մենք ինչո՞ւ չենք քննարկում» (Շ. Ի.):

Այստեղ նույնպես մասին կապը գործածվել է անտեղի։

Պետք էր ասել․ «Դա մենք ինչո՞ւ չենք քննարկում»։

 

«Փաստացի երկու հազար տասնըութ թվականին ․․․․» (Շ. Ի.):

Նշված բառի ճիշտ արտասանությունն այսպես է՝ տասնութ։

 

«Դրեք հանրաքվե, ժողովրդին հարցրեք» (Ա. Ա.):

Որևէ հարց դրվում է ոչ թե հանրաքվե, այլ հանրաքվեի։ Պետք էր ասել այդպես։

 

21.10.2022

«․․․․ սակայն երբ մի փոքր ծանոթանում ես, լսում ես բոլոր կողմերին, հասկանում ես, որ ամենաբարի կամքն ունեցող բարեփոխումն անգամ կարող է ունենալ շատ ցածր արդյունավետություն ․․․․» (Շ․ Ի․):

Այսպես կարելի է ասել անձանց մասին։

Ճիշտ կլիներ նախադասությունը ձևակերպել հետևյալ կերպով, օրինակ․ «․․․․ սակայն երբ մի փոքր ծանոթանում ես, լսում ես բոլոր կողմերին, հասկանում ես, որ ամենաբարի մտա­դրութ­­յամբ կատարվող բարեփոխումն անգամ կարող է ունենալ շատ ցածր արդյունավետություն ․․․․»։

 

«Մենք տեսանք, որ Բրյուսովը ․․․․ փողոցային պայքարի մեջ է լծված ․․․․» (Ա. Ա.):

Լծված լինում են ոչ թե որևէ բանի մեջ, այլ որևէ բանի։

Քանի որ ճիշտ չէր լինի գործածել նաև պայքարի լծվել արտահայտությունը, ուստի միտքը պետք էր ձևակերպել այլ ձևով։

 

«․․․․ նպատակահարմար չի իրենց ներկայությունը» (Ա. Ա.):

Բաղադրյալ ստորոգյալների հետ գործածվում է ոչ թե չի, այլ չէ ձևը։

Հարկավոր էր ասել․ «․․․․ նպատակահարմար չէ իրենց ներկայությունը»:

 

«Խնդիրը այն է, որ ձեզ նախապես չի տեղեկացվել ․․․․» (Շ. Ի.):

Պետք էր կա՛մ ասել․ «Խնդիրը այն է, որ դուք նախապես չեք տեղեկացվել ․․․․», կա՛մ․ «Խնդիրը այն է, որ ձեզ նախապես չեն տեղեկացրել ․․․․»։

 

«․․․․ այնուամենայնիվ, եթե անգամ այդ ժամանակահատվածը լինի, ձեզ հետ պատ­շաճ կարգով քննարկումներ տարվեր, մեխանիզմները միասին որոշեիք, դուք կողմ եք լինելու միավորման գաղափարին» (Շ. Ի.):

Նախ՝ իրար չեն համապատասխանում բայական ժամանակները։ Երկրորդ՝ անգամ-ն ավելորդ է, իսկ քննար­կում­ները չեն տարվում։

Նախադասությունը կարելի էր կազմել, օրինակ, այսպես․ «․․․․ այնուամենայնիվ, եթե այդ ժամանակահատվածը լինի, ձեզ հետ պատշաճ կարգով քննարկումներ լինեն, մեխանիզմները միասին որոշեք, դուք կողմ կլինեք միավորման գաղափարին»:

 

«․․․․ համաձա՞յն եք գաղափարի հետ, թե՞ ոչ» (Ա. Ա.):

Գաղափարը անձնավորելու կարիք չկար։

Հարկավոր էր ասել․ «․․․․ համաձա՞յն եք գաղափարին, թե՞ ոչ» կամ «․․․․ ընդունո՞ւմ եք գաղափարը, թե՞ ոչ»։

 

«Դուք թվեր հնչեցրեցիք ․․․․» (Շ. Ի.):

Ճիշտ ձևն է՝ հնչեցրիք։

Այս մասին ևս Լեզվի կոմիտեն ունի հրապարակում[2], որն առաջարկում ենք ընթերցել։

 

«Խնդիրը, շատ ճիշտ ընդգծեցիք, նրանում է, որ ․․․․» (Ա. Ա.), «Խնդիրը ինչո՞ւմն ա» (Ա. Ա):

Ինչպես տեսնում ենք, խնդիր բառի գործածությունը երբեմն ստեղծում է խնդիրներ․․․․

Հարկավոր էր ասել․ «Խնդիրը, շատ ճիշտ ընդգծեցիք, այն է, որ ․․․․», «Խնդիրն ի՞նչ է» (կամ` «Ո՞րն է խնդիրը»)։

 

«․․․․ ի՞նչ կապ ունի այս ամենի մեջ Ֆիզկուլտինստիտուտը» (Ա. Ա.):

Կապ ունենում են ոչ թե ինչ-որ բանի մեջ, այլ հետ։

Պետք էր ասել․ «․․․․ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Ֆիզկուլտինստիտուտը»։

 

«Ես տեղյակ եմ, որ դուք էլ եք անցկացրել գիտխորհուրդ, և, եթե չեմ սխալվում, երեկ կրկին գիտխորհուրդ էիք անցկացրել ․․․․» (Ա. Ա.)։

Անցկացվում է ոչ թե գիտխորհուրդը, այլ, օրինակ, գիտխորհրդի նիստը։

 

«Խոսքը գնում է, որ Բրյուսովը պետք է միանա Մանկավարժականին» (Ա. Ա.):

Ճիշտ կլիներ ասել․ «Խոսքն այն մասին է, որ Բրյուսովը պետք է միանա Մանկա­վար­ժականին»։

 

«Կիսում են այդ քաղաքականությունը» (Շ. Ի.):

Ճիշտ ձևակերպում չէ․ քաղաքականությունը չեն կիսում։ Հարկավոր էր ասել այլ կերպով։

 

«Ես ինչի՞ համար այս հարցը տվեցի» (Ա. Ա.), «Ինչի՞ եմ սա ասում» (Շ. Ի.):

Ճիշտ ձևակերպումներ չեն։

Պետք էր ասել․ «Ես ինչո՞ւ այս հարցը տվեցի», «Ինչո՞ւ եմ սա ասում»։

 

«Ես որ տենում եմ ․․․․ դուրսը կռիվ են տալի ․․․․» (Ա. Ա.)։

Մենք կգերադասեինք ասել այսպես․ «Ես որ տեսնում եմ ․․․․ դրսում կռիվ են տալիս․․․․»։

 

«Ինքը` ռազմական ոլորտը, «լուռ» ոլորտ է։ Ինքը չի սիրում երկար-բարակ ինչ-որ քննար­կումներ» (07․10․2022, Ա. Ա.), «․․․․ այն գործընթացները, որոնք տեղի են ունե­նում, իրենք ավելի շատ ․․․․» (07.10.2022, Ա. Ա.), «Էդ մնացածը` ինքը, չի աշխատում» (14.10.2022, Ա. Ա.), «Որովհետև տեղեկությունը՝ ինքը, կրկին հակասական է» (21․10․2022, Ա. Ա.):

Ինքը անձնական դերանունը կարող է գործածվել միայն այն դեպքերում, երբ մատնանշում է անձ։ Հաղորդավարի ուշադրությունը հրավիրում ենք այս հանգամանքի վրա, քանի որ սխալը կրկնվում է հաճախ։

 

«․․․․ մինչև վերջ իրականում չեն հասկանում, թե պրոցեսը, խնդիրը ինչումն է» (Ա. Ա.), «․․․․ որևէ մասնագետ չի կարող դեմ լինել այդ պրոցեսին» (Շ. Ի․)։

Պրոցես օտար բառի փոխարեն հարկավոր էր գործածել դրա հայերեն համարժեք գործընթաց-ը, ինչպես հաճախ անում են նաև իրենք՝ հաղորդավարները։

Բացի այս՝ առաջին նախադասությունը կազմվել է օտար լեզվամտա­ծո­ղությամբ. հարկավոր էր կազմել այլ կերպով։

 

«Այսինքն, դա օֆիցիալ կանալներով ձեզ չի եկել» (Ա․ Ա․):

Այստեղ նույնպես անհարկի գործածվել են օտար բառեր։

Պետք էր ասել․ «Այսինքն դա պաշտոնական ուղիներով ձեզ չի եկել»։

 

«․․․․ զարգանալու տենդենցը թվերով դուք կարողանում եք փաստացի ներկայացնել» (Շ. Ի.):

Տվյալ դեպքում էլ նշված օտար բառի փոխարեն պետք էր գործածել միտում-ը։

 

«Քաղաքակա՞ն մեսիջ է, ռազմակա՞ն մեսիջ է» (07․10․2022, Շ. Ի.), «Սա որոշակի մեսիջ էր, չէ՞ ․․․․» (14․10․2022, Ա. Ա.)։

Մեսիջ-ի հայերեն համարժեքներն են հաղորդագրություն-ը, ուղերձ-ը։

Բերված օրինակներում ճիշտ կլիներ գործածել ուղերձ-ը։

 

«Որևէ տեղ չի ֆիքսվում» (14․10․2022, Շ. Ի․), «Ես ֆիքսեցի, որ շատ կարևորել էիք հենց բարձրագույն կրթության հարցը» (21․10․2022, Շ. Ի.), «․․․․ կրթության ոլորտի ռազմավարության մեջ հստակ ֆիքսված է, որ ․․․․» (21․10․2022, Շ. Ի.), «Ֆիքսում ենք՝ քննարկում չի եղել ․․․․» 21․10․2022, Ա. Ա.):

Ֆիքսել բառը հայերենում ունի մի քանի համարժեք՝ արձանագրել, ամրագրել, հաստատել։

Տվյալ դեպքերում կարելի էր ասել, օրինակ․ «Որևէ տեղ չի ամրագրվում», «Ես ար­ձանագրեցի, որ ․․․․», «․․․․ կրթության ոլորտի ռազմավարության մեջ հստակ ամրագրած է ․․․․», «Արձա­նագրում ենք՝ քննարկում չի եղել ․․․․»:

 

«Մի կողմ թողնենք քաղաքական կոմպոնենտը» (07.10.2022, Շ․ Ի․):

Հարկավոր էր ասել․ «Մի կողմ թողնենք քաղաքական բաղադրիչը»։

 

«Ներքին սիմպատիա ունեմ» (Ա. Ա.)։

Այստեղ էլ ճիշտ կլիներ գործածել համակրանք-ը։

 

      Լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝

Գուրգեն Միքայելյան

[1] https://bit.ly/3T656JP

[2] https://bit.ly/3UcLu82 // Լեզվիկոմիտե․հայ