Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ի՞ՆՉ Է ՆՍՏԵԼ ԽՈՏ ՈՒ ԹՓԻՆ

Երեկ խոտերի ու թփերի վրա ցող էր նստել, իսկ այսօր՝ եղյամ։ Գիտե՞ս ինչ է ցողը։ Երբ եղանակը պարզ է լինում, իսկ օդը՝ խոնավ, ջրի մանրիկ կաթիլներ են առաջանում ու կլորիկ ուլունքների նման շաղ են գալիս գետնին մոտ գտնվող ամեն ինչի վրա։ Իսկ երբ օդի ջերմաստիճանն իջնում է, այսինքն ցրտում է եղանակը, ցողի կաթիլները սառում, եղյամ են դառնում։ Եղյամի սառցե բյուրեղիկները երբեմն սպիտակ, սիրուն շրջանակ են կապում թփերի վրա մնացած տերևների շուրջը, բարակ շերտով նստում են գետնին, խոտերին։ Երբ առավոտյան տնից դուրս գաս ու տեսնես եղյամը, չկարծես, թե լուսադեմին թեթև ձյուն է եկել։

Իսկ հիմա լսիր՝ մի գաղտնիք ասեմ։ Հենց որ ցողը եղյամ է դառնում, փոստատարները գործի են անցնում․ սկսում են Ձմեռ պապին գրած նամակները հավաքել։ Բայց նրանք միայն երեխաների նամակներն են տեղ հասցնում։ Խնդրում եմ, մի նամակ էլ իմ անունից գրիր։ Ասա՝ ուզում եմ, որ բոլոր երեխաները շատ սիրեն իրենց մայրենի լեզուն։

Մի խնդրանք էլ․ գտիր, թե շաղ-ը ինչ կապ ունի ցող-ի հետ, և ինչ է նշանակում շաղ գալ կամ շաղ տալ։

 

Եղյամը երեկ ցող էր,

Ցողի մեջ խոտի դողն էր։

Դողը դարձել է սառույց,

Խոտն էլ քնել է վաղուց։

Երազիկ Գրիգորյան

մանկագիր, սցենարիստ

Նյութը հրապարակվել է «Կախարդական բանալի» ամսագրում